From Wikipedia, the free encyclopedia
Բարբիզոնյան դպրոց (ֆր.՝ École de Barbizon), ֆրանսիացի բնանկարիչների խումբ։ Անունն առաջացել է Ֆոնտենբլոյի անտառում գտնվող Բարբիզոն գյուղի անունից, որտեղ տևական ժամանակ ապրել են Թեոդոր Ռուսոն, Ժան Ֆրանսուա Միլլեն և խմբի այլ ներկայացուցիչներ։ Դպրոցի նկարիչները հենվում էին հոլանդացի նկարիչներ Յակոբ վան Ռյոյսդալի, Յան վան Գոյենի, Մեյնդերտ Հոբբեմայի և ֆրանսիացի նկարիչներ Նիկոլա Պուսենի, Կլոդ Լորենի բնանկարների ավանդույթների վրա։ Նրանց անմիջական նախորդներն էին Պ. Յուեն, Ռիչարդ Պարկս Բոնինգտոնը։ Բարբիզոնյան դպրոցի ներկայացուցիչների վրա ազդեցություն են թողել նաև նրանց ժամանակակիցներ Ժան Բատիստ Կամիլ Կորոն, Գյուստավ Կուրբեն, Էժեն Դելակրուան[1]։
19-րդ դարի սկիզբը ֆրանսիական արվեստում նշանավորվել է կլասիցիզմի և ռոմանտիզմի պայքարով։ Կլասիցիզմի ներկայացուցիչները բնանկարը հիմնականում դիտարկում էին որպես ֆոն, որտեղ գործում էին դիցաբանական հերոսներ։ Դրան հակառակ` ռոմանտիկները պատկերում էին ուղղակի գեղեցիկ բնապատկերներ։ Բարբիզոնցիները իրենց հայրենիքի ռեալիստական բնապատկերի կողմնակիցներն էին` միաժամանակ այդ ֆոնին պատկերելով աշխատավոր հասարակ մարդկանց։ «Այդ հրաշալի բնանկարիչները ստեղծել են ազգային իրապաշտական բնանկար, որը հսկայական նշանակություն է ունեցել ոչ միայն ֆրանսիական, այլև արվեստի ազգային ուրիշ դպրոցների վրա, որոնք 19-րդ դարասկզբին կանգնած էին ռեալիզմի ճանապարհին»[2]։ Բարբիզոնցիների առանձնահատկությունը ռեալիստական բնապատկերի ստեղծումն էր` իմպրեսիոնիստների համար ուղի հարթելով։
Ռուսոյի, Ժյուլ Դյուպրեի և Նարսիս Վիրժիլ Դիասի առաջին աշխատանքները 1830 թվականի հեղափոխությունից անմիջապես հետո` 1831 թվականին, ներկայացվել են Փարիզի սալոնում։ Այդտեղ հասարակության ուշադրությունը հատկապես գրավել էր Դելակրուայի «Ժողովրդին առաջնորդող ազատությունը» կտավը։ 1833 թվականին Ռուսոն Սալոնում ներկայացրել է իր ծրագրային ստեղծագործությունը` «Գրանվիլի շրջակայքը» (Էրմիտաժ)։ Այն բարձր է գնահատել Դյուպրեն, և հենց այդ ժամանակից էլ սկսվել է նրանց բարեկամությունը, որը բարբիզոնյան դպրոցի հիմքն է դրել[3]։
Դպրոցի հիմնադիրն ու ոգեշնչողը եղել է Թեոդոր Ռուսոն (1812-1867)։ Առաջին անգամ էտյուդ նկարելու նպատակով Ռուսոն Ֆոնտենբլոյի անտառ է եկել 1828-29 թվականներին։ Դրանից հետո նա երկու տարի անցկացրել է Նորմանդիայում, որտեղ ստեղծել է իր առաջին կտավները` («Շուկա Նորմանդիայում», Էրմիտաժ)։ Այնուհետև նա հինգ տարի ճանապարհորդել է Ֆրանսիայում, եղել Բարբիզոնում և Վանդեայում («Շագանակենիների պուրակ», Լուվր)։ Ռուսոն երբեմն առանձնանում էր մեկուսի վայրերում, որոնք քիչ էին գրավում ուրիշ նկարիչների («Ճահճուտ Լանդերում», 1853, Լուվր)։ 1848 թվականի ֆրանսիական հեղափոխության նախօրեին` Ժորժ Սանդի զարմուհու հետ ամուսնության անհաջող փորձից հետո, իր քննադատ ընկեր Թորեի խորհրդով նկարիչը նրա հետ հաստատվում է Բարբիզոնի գյուղական ընտանիքներից մեկում[4]։ Այստեղ նա ստեղծում է իր գլուխգործոցները, իսկ շուրջը աստիճանաբար հավաքվում են իր համակիրները։ 1848 թվականին նկարիչը ստանում է պետական պատվեր` 1850 թվականին ավարտելով այն («Ելք Ֆոնտենբլոյի անտառից։ Մայրամուտ», Լուվր)։ 1852 թվականին Ռուսոն նկարում է «Ապրեմոնի կաղնիներ» կտավը (Լուվր)։ 1835 թվականից մոտ 13 տարի շարունակ Ռուսոյի գործերը Սալոն չեն ընդունում։ Սակայն 1855 թվականի համաշխարհային ցուցահանդեսը նրան բերում է հաջողություն և ոսկե մեդալ։ 1866 թվականին Սալոնում նա ժյուրիի անդամ էր, իսկ 1867 թվականի համաշխարհային ցուցահանդեսում` ժյուրիի նախագահ։ Սակայն 1867 թվականին նա հիվանդանում է թոքախտով և մահանում Բարբիզոնում։
Ռուսոյի ստեղծագործական սկզբունքներին առավել մոտ էր կանգնած Դյուպրեն (1811-1889)։ Նրա ստեղծագործության վրա մեծ ազդեցություն են թողել ուղևորությունը Անգլիա և ծանոթությունը Ջոն Կոնստեբլի բնանկարներին, ինչպես նաև ֆրանսիացի նկարիչ Կաբայի հետ բարեկամությունը։ Ռուսոյին ծանոթանալուց հետո նրա նկարներում ամրապնդվում են ռեալիստական սկզբունքները, ինչի հետևանքով Դյուպրեին ևս չեն ընդունում Փարիզի սալոնում։ Ռուսոյի հետ մինչև 1849 թվականը նա հաճախ է աշխատել Բարբիզոնում, ինչպես նաև Ֆրանսիայի տարբեր վայրերում` պահպանելով հանդերձ իր ստեղծագործական առանձնահատկությունը։ 1849 թվականին Դյուպրեն ստանում է «Պատվավոր լեգեոնի շքանշան», ինչը վեճի առիթ է դառնում Ռուսոյի հետ (Ռուսոն չէր ստացել այդ շքանշանից)` վերջ դնելով նրանց համատեղ աշխատանքին։ 1840-50-ական թվականներին Դյուպրեն ստեղծում է իր լավագույն գործերը` «Գյուղական բնանկար» 1840-44, Էրմիտաժ, «Երեկո» 1840-ական թվականներ, «Լանդեր» (1845-50, Լուվր), «Հին կաղնի» (1845-1850, Մերիլենդ), «Կաղնիներ լճակի մոտ» (1850-55, Օրսե)։
Նարսիս Վիրժիլ Դիասը (1807-1876) ռեալիստական բնանկարներ է սկսել ստեղծել ոչ միանգամից. Ռուսոյի հետ նրա բարեկամությունը առնչվում է նրա կյանքի երկրորդ կեսին։ Սկզբում նա տարված էր ռոմանտիզմով, սիրած նկարիչը Կորեջիոն էր։ Դիասը ստեղծում էր տոնական, դեկորատիվ նկարներ։ 1844 թվականի Սալոնից հետո Դիասը մեծ հաջողություն է ունենում, սակայն դա պայմանավորված էր դիցաբանական հերոսների, գնչուների, արևելյան կանանց, երեխաների պատկերումով։ Ռուսոյի հետ Ֆոնտենբլոյի անտառում աշխատելուց հետո նրա ոճը փոփոխություն է կրում։ Նա ստեղծում է «Անտառային ճանապարհ» (1850-ական թվականներ, Էրմիտաժ), «Բնապատկեր սոճիով» (1864, Էրմիտաժ), «Անտառային ճանապարհ», (1865-70, Օրսե), «Բարձունք Ժան դե Պարիում», (1867, Օրսե), «Անտառ Ֆոնտենբլոյում», (1872), «Հին ջրաղաց Բարբիզոնի մոտ» (մասնավոր հավաքածու) կտավները։
Ժան Ֆրանսուա Միլլեն (1814-1875) մյուս բարբիզոնցիների հակապատկերն է. նա գյուղական միջավայրի ծնունդ է։ Սկզբնական շրջանում տարվել է Միքելանջելոյի և Նիկոլա Պուսենի արվեստով, բացի բնանկարներից` ստեղծել այլ ժանրի կտավներ։ Նրա վրա մեծ ազդեցություն է թողել ֆրանսիացի բնանկարիչ Շառլ Էմիլ Ժակը։ Գյուղական թեմայով առաջին կտավը Միլլեն ստեղծել է 1848 թվականին։ 1849 թվականին նա Ժակի հետ եկել է Բարբիզոն, որտեղ բարեկամացել է Ռուսոյի հետ` հիմնովին հաստատվելով Բարբիզոնում, որտեղ էլ հետագայում մահացել է։ «Սերմնացանը», (1850, Բոստոն), «Ցախ հավաքողները», (1850-ական թվականներ), «Հասկեր հավաքողները», (1857, Օրսե) կտավներում նա պատկերել է գյուղական աշխարհի բնանկարներ։ «Անժելյուս», (1857-59, Օրսե), «Բրիչով մարդը», (1863, մասնավոր հավաքածու), նկարներում նկարիչը հիմնական ուշադրությունը կենտրոնացրել է մարդկանց վրա։ Հետաքրքիր են նկարչի վերջին գործերը` «Հնդկացորենի հավաք», (1868-1870, Բոստոն), «Դեզ։ Աշուն», (1874, Մետրոպոլիտեն), «Գարուն», (1868-1873, Օրսե)։
Շառլ-Ֆրանսուա Դոբինյին (1817-1878) իր ստեղծագործական ուղին սկսել է Իտալիա ճանապարհորդությունից, որից հետո ստեղծել է սյուժետային նկարներ։ 1840 թվականին Սալոնում ներկայացված «Սուրբ Հիերոնիմ» կտավը մեծ հաջողություն է ունեցել։ 1840-ական թվականներին Դոբինյին նկարազարդում է ֆրանսիացի տարբեր հեղինակների` Պոլ Շառլ դը Կոկի, Օնորե դը Բալզակի, Վիկտոր Հյուգոյի, Էժեն Սյուի գրքերը։ Ռեալիստական բնապատկերին անցել է 1840-ական թվականներին, երբ բարեկամացել է Կորոյի հետ։ Ի տարբերություն այլ բարբիզոնցիների` Դոբինյին մեծ կարևորություն է հատկացրել լույսին, ինչով նմանվում է իմպրեսիոնիստներին։ Նրա գործերից են «Հունձք», (1851, Օրսե), «Ամբարտակ Օպտևո հովտում», (1855, Ռուան), «Օպտևոյի մեծ հովիտը», (1857, Օրսե)։ 1850-ական թվականների վերջին նկարիչն իրականացնում է իր վաղեմի երազանքը` պատրաստել նավակ։ Նրանով նավարկելով Ֆրանսիայի գետերով` Դոբինյին հետագայում շատ նկարներ ու օֆորտներ է ստեղծել` «Լուեն գետի ափերը», (1850-ական թվականներ, Էրմիտաժ), «Առավոտ», (1858), «Վիլերվիլի ավազային ափ», (1859, Մարսել), «Գյուղ Ուազա գետի ափին», (1868), «Վիլերվիլ ծովի ափերը», (1875, Էրմիտաժ)։
Կոնստան Տրոյոնը (1810-1865) ընկերացել է Ռուսոյի և Դյուպրեի հետ։ Սակայն Հոլանդիա կատարած ուղևորությունից հետո 1847 թվականին տարվել է Պաուլյուս Պոտտերի արվեստով` ուշադրությունը կենտրոնացնելով կենդանիներ պատկերելու վրա` «Ցուլերը գնում են արոտի։ Առավոտ», (1855, Լուվր), «Ուղևորություն շուկա», (1859, Էրմիտաժ)։
Բարբիզոնցիների շրջանի նկարիչներից են Նիկոլա-Լուի Կաբան (1812-1893), Անրի Ժոզեֆ Արպինյի (1819-1916), Իսիդոր Դանյան (1794-1873), Օգյուստ Անաստազի (1820-1889), Ադոլֆ Ապիան (1819-1898), էժեն Սիսերի (1813-1890), Ֆրանսուա Ֆրանսե (1814-1897), Լեոն-Վիկտոր Դյուպրե (1816-1879)։
Բարբիզոնցիների բազմաթիվ հետևորդներ գերազանցել են իրենց ուսուցիչներին` ուշադրությունը կենտրոնացնելով ֆրանսիական ոչ մեծ քաղաքների վրա։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.