Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Արգոնավորդներ (հին հունարեն՝ Ἀργοναύται, առաջացել է հունարեն Αργώ (Արգո) բառից, նշանակում է Արգո նավով նավողներ), հույն հերոսներ որոնք արշավել են Կոլխիս, կախարդական խոյի ոսկե գեղմի հետևից։
Արգոնավորդների մասին առասպելն ստեղծվել է նախահոմերյան շրջանում, բայց մեզ է հասել մ.թ.ա. 5–րդ դարում բանաստեղծ Պինդարոսի մշակմամբ։ Առասպելում նկարագրված դեպքերը կատարվել են Տրոյական պատերազմից մեկ սերունդ առաջ։ Թեսալական Իոլկոս քաղաքում Պելիասը վտարում է թագավորին և խորթ եղբայր Էսոնին որդու՝ Յասոնի հետ։ Պելիասը վախենալով որ Յասոնը չափահաս դառնալով կպահանջի իրեն պատկանող թագավորությունը, հրամայում է, որ նա Այետեսի թագավորությունից Հելլադա վերադարձնի կախարդական խոյի ոսկե գեղմը։ Ոսկե գեղմը գտնվում է Էայի սրբազան պուրակում և պահպանում է վիշապը։ Յասոնը պատրաստվում է արշավանքի, որին մասնակցելու համար գալիս են հերոսներ Հունաստանի տարբեր մարզերից։ Արշավանքի մասնակիցների ցուցակը տարբեր է անտիկ հեղինակների մոտ, բայց հերոսների թիվը եղել է մոտավորապես 50, նավի թիակների թվին համապատասխան։ Առասպելի՝ ամբողջ Հունաստանում տարածվելուն զուգընթաց արգոնավորդների թվում ներգրավվում են նոր հերոսներ, որոնց մեջ էին Օրփեոսը, Հերակլեսը, Ամփիարաոսը, Բորեադները, Կաստորը, Պոլիդևկեսը, Մելեագրոսը, Տիդևսը, Թեսևսը և ուրիշներ։ Հերոսները Արգոսի ղեկավարությամբ և Աթենասի օժանդակությամբ կառուցում են «Արգո» նավը և նավում հեռավոր Էա։ Արգոնավորդների երթուղին անցնում է Իոլկոսից Լեմնոս, այնուհետև Սամոթրակե կղզի, Հելլեսպոնտոս դոլլոների երկիր, որտեղ հերոսներին ցնծությամբ ընդունում է Կիզիկոս թագավորը։ Կիոս քաղաքի մոտ Հիլասին նիմփաները տանում են գետի հատակը։ Հերակլեսը գնում է իր սիրելիին փնտրելու և ետ է մնում արգոնավորդներից։ Բութանիայում բեբրյուկների թագավոր Ամիկեսը բռնցքամարտի է հրավիրում արգոնավորդներին և սպանվում Պոլիդևկեսի կողմից։ Թրակիական Սալմիդեոս քաղաքում Բորիադները կույր ծերունի Փինևսին ազատում են Հարպիաներից, որոնք պղծում էին նրա կերակուրը։ Ի նշան շնորհակալության Փինևսը խորհուրդ է տալիս խուսափել Սիմպլիգատներ կոչվող շարժվող ժայռերից, որոնք ճզմում էին իրենց արանքով անցնող նավերին։ Արգոնավորդները այցելում են ամազոնուհիների երկիրը, այնուհետև Արեսի կղզին, որտեղ օթևանում էին Ստիմփալոսյան թռչունները, որոնք նետասլաք արձակում էին իրենց պղնձե փետուրները։ Արգոնավորդներին միանում են նաև Փռիկսոսի որդիները։ Հասնելով Կոլխիս Յասոնը Այետեսից պահանջում է ոսկե գեղմը։ Թագավորը համաձայնվում է և պայման դնում. որ Յասոնը սանձահարի բոց արտաժայթքող և պղնձե կճղակներ ունեցող ցուլերին, հերկի ռազմի աստված Արեսի դաշտը և այնտեղ ցանի վիշապի ատամներ։ Այդ ատամներից ծնվում էին ռազմիկներ պատրաստ հարձակվելու Յասոնի վրա։ Այետեսը դրանից հետո դարձյալ հրաժարվում է ոսկե գեղմը հանձնել հերոսներին։ Յասոնը և Մեդեան սպանում են վիշապին և գեղմին տիրելով նավում են դեպի Հունաստան։
Արգոնավորդների մասին առասպելի կերպարները ներշնչել են Եվրիպիդեսին («Մեդեա» ողբերգությունը) և Սենեկային։ Առասպելը լայնորեն օգտագործվել է կերպարվեստում[1]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.