Remove ads
հայ բանասեր, թարգմանիչ From Wikipedia, the free encyclopedia
Արամ Ստեփանի Թոփչյան (13 սեպտեմբերի, 1962, Երևան), բանասեր, մշակութաբան, թարգմանիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, Մատենադարանի ավագ գիտաշխատող, Աշխարհիկ գրականության և բանասիրության բաժնի վարիչ, Հայաստանի գրողների միության անդամ (1991), Պողոսյան մրցանակի դափնեկիր (2020)։ Գրականագետ Էդուարդ Թոփչյանի թոռն է, գրականագետ, հրապարակախոս, արվեստաբան, նկարիչ Ստեփան Թոփչյանի որդին, գրող, գրականագետ, գրաքննադատ, դրամատուրգ, արձակագիր Ալեքսանդր Թոփչյանի եղբորորդին, դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ավագ եղբայրը, բանասեր, թարգմանիչ Գոհար Մուրադյանի ամուսինը։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Արամ Ստեփանի Թոփչյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 13, 1962 (62 տարեկան) |
Ծննդավայր | Երևան |
Քաղաքացիություն | Հայաստան |
Ազգություն | հայ |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն | բանասեր, թարգմանիչ |
Անդամություն | ՀԳՄ |
Ծնվել է 1962 թ. սեպտեմբերի 13-ին Երևանում։ 1969-1979 թթ. հաճախել է թիվ 172 անգլիական թեքումով միջնակարգ դպրոցը։ 1979-1983 թթ. սովորել է Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետում, որն ավարտել է գերազանցության դիպլոմով։ 1983-1990 թթ. աշխատել է միջնակարգ դպրոցներում որպես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ։ 1988 թ. ի վեր աշխատում է Մաշտոցի անվան Մատենադարանում (2001 թ. հուլիսից՝ որպես ավագ գիտաշխատող, 2018 թ. մարտից՝ որպես Աշխարհիկ գրականության և բանասիրության բաժնի վարիչ)։
2001 թ. մայիսին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Մովսես Խորենացու հունական աղբյուրների խնդիրը» թեմայով։ 2001 թ. նոյեմբերից «Հայագիտական ուսումնասիրությունների միջազգային ընկերության» (AIEA - "Association Internationale des Études Arméniennes") անդամ է։ 2014 թ. հունիսին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն՝ «Ուիլյամ Շեքսպիրի «Համլետ»-ն արևմտյան գրականագիտության մեջ» թեմայով։
Մասնակցել է միջազգային գիտական ծրագրերի՝ համագործակցելով օտարերկրյա մի շարք հեղինակավոր հաստատությունների հետ. 1996-1997 թթ.՝ Մայնի Ֆրանկֆուրտի Մաքս Պլանկի անվան ինստիտուտի, 1999-2002, 2005-2007 թթ.՝ Երուսաղեմի Եբրայական համալսարանի (որտեղ նաև 2004 թ. մարտ-հունիս ամիսներին «Հայ պատմագրությունը 5-11-րդ դարերում» թեմայով անգլերեն դասախոսություն է կարդացել), 2001-2004, 2005-2007 թթ. Ժնևի համալսարանի և 2008-ից ի վեր, առ այսօր՝ Գրացի համալսարանի Vestigia ձեռագրագիտական կենտրոնի։ Այդ համագործակցության արդյունքում հրատարակել է մենագրություններ, հոդվածներ ու թարգմանություններ Հայաստանում և արտերկրում` հայերեն, անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն ու հունարեն։ 2006 թ. նրա «Մովսես Խորենացու հունական աղբյուրների խնդիրը» աշխատությունն անգլերեն լույս է ընծայել բելգիական Peeters հայտնի հրատարակչությունը, Դավիթ Անհաղթի Արիստոտելի «Անալիտիկայի» մեկնության» նրա անգլերեն թարգմանությունը՝ հին հայերեն քննական բնագրով, առաջաբանով ու ծանոթագրություններով, տպագրել է մեկ այլ նշանավոր հրատարակչություն՝ հոլանդական Brill-ը (2010 թ.)։ Նրա աշխատությունները հրատարակել են նաև Նեբրասկայի համալսարանի հրատարակչությունը (University of Nebraska Press) ու Օքսֆորդի համալսարանի հրատարակչությունը (Oxford University Press. տե՛ս մենագրությունների և թարգմանությունների ցանկը)։
Արձակ և չափածո թարգմանություններ է արել անգլերենից, հին հունարենից և լատիներենից հայերեն (Հոմերոս, Հեսիոդոս, հին հունական քնարերգություն, Պինդարոս, Էսքիլոս, Սոփոկլես, Եվրիպիդես, Արիստոփանես, Լոնգոս, Վերգիլիուս, Օվիդիուս, Մարկուս Ավրելիուս, Մարլո, Շեքսպիր), ինչպես նաև՝ հայերենից անգլերեն։
2014 թ. թարգմանական վաստակի համար արժանացել է Հայաստանի գրողների միության «Կանթեղ» մրցանակին, Ուիլյամ Շեքսպիր, Համլետ (անգլերենից թարգմանությունը, ուսումնասիրությունը և մեկնությունները՝ Արամ Թոփչյանի, Երևան, «Սարգիս Խաչենց-Փրինթինֆո», 2013) գրքի համար՝ Թեքեյան կենտրոնի «Հայկաշեն Ուզունյան» մրցանակին, իսկ Վերգիլիուս, Էնեական (լատիներենից թարգմանությունը, առաջաբանը և ծանոթագրությունները՝ Գոհար Մուրադյանի և Արամ Թոփչյանի, Երևան, «Զանգակ», 2018) գրքի համար, Գոհար Մուրադյանի հետ՝ 2020 թ. Պողոսյան մրցանակին։
Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.