ռազմական բախում Մարզպանական Հայաստանի և Սասանյան Պարսկաստանի միջև, որը տեղի է ունեցել 364 թվականին From Wikipedia, the free encyclopedia
Առեստի ճակատամարտ, ռազմական բախում Արշակունիների թագավորության և Սասանյան Պարսկաստանի միջև, որը տեղի է ունեցել 364 թվականին։ Հասկանալով, որ պարսիկները ապագայում շարունակելու են՝ Վասակ սպարապետը Գանձակի ճակատամարտում տարած հաղթանակից հետո սկսում է պատրաստվել պարսիկների հաջորդ արշավանքին։ Այն տեղի է ունենում հաջորդ տարի՝ 364 թվականին․ սկսվում է երեք ճակատով հարձակում։ Շապուհը զորքը բաժանում է երեք մասի, որից մեկի ղեկավարությունն իր վրա է վերցնում Անդիկանը և շարժվում դեպի Առեստ։ Նա այնտեղ հանդիպում է հայկական զորաջոկատի դիմադրությանը, որի ղեկավարը հայոց սպարապետի եղբայր Բագոս Մամիկոնյանն էր։ Հայերը հաղթանակ են տանում ճակատամարտում, սակայն զոհվում է հրամանատար Բագոսը[1]։
Թվական | 364 թվական |
---|---|
Մասն է | Հայ-պարսկական պատերազմ |
Վայր | Առեստ |
Արդյունք | Հայոց կողմի հաղթանակ |
Հակառակորդներ | |
Արշակունիների թագավորություն | Սասանյան Պարսկաստան |
Հրամանատարներ | |
Բագոս Մամիկոնյան | Անդիկան |
Կողմերի ուժեր | |
անհայտ | անհայտ |
Ռազմական կորուստներ | |
| |
Ընդհանուր կորուստներ |
359 թվականին սկսված հերթական հռոմեա-պարսկական պատերազմն ավարտվում է Հռոմի պարտությամբ։ Հռոմում կայսր է դառնում Հուլիանոսը, որը մոտենում է Տիզբոնին և ճակատամարտում պարսից արքա Շապուհ Երկարակյացի դեմ։ Հռոմի նորահռչակ կայսրը զոհվում է ճակատամարտում, իսկ հաջորդ կայսրը՝ Հովիանոսը, չի շարունակում պատերազմը և պայմանագիր է կնքում Պարսկաստանի հետ։ Ըստ այդ պայմանագրի՝ հայոց հարավային 5 նահանգները՝ 15 բերդերով և քաղաքներով հանդերձ, անցնելու էին պարսիկների տիրապետության տակ։ Նրանց էր զիջվում նաև հռոմեական տարածք համարվող Հյուսիսային Միջագետքը՝ Մծբին կենտրոնով։ Հռոմի կնքված այս պայմանագիրը 4-րդ դարի հռոմեացի պատմիչ Ամմիանոսը անվանել է «ամոթալի»։ Այս պայմանագիրը թույլ է տվել պարսից արքա Շապուհ Երկարակյացին ազատորեն իրագործել իր՝ Մեծ Հայքի հետ կապված պլանները[2]։
363 թվականին սկսվում է հայ-պարսկական պատերազմը, որի առաջին բախումը տեղի է ունենում Գանձակի մոտ։ Այս բախման արդյունքում հայոց սպարապետ Վասակ Մամիկոնյանը կարողանում է կասեցնել հակառակորդի ներխուժումը Մեծ Հայքի թագավորություն։
364 թվականին Շապուհ Երկարակյացը հարձակում է սկսում ընդդեմ Արշակունիների թագավորության․ նա պարսկական զորքերը բաժանում է երեք մասի, որոնք տարբեր ուղղություններով ներխուժում են Հայաստան։ Հայոց զորքը սպասում էր այսպիսի ներխուժման, քանի որ Վասակ Մամիկոնյանը Գանձակի ճակատամարտից հետո հասկացել էր, որ պարսիկները շարունակելու են իրենց ծավալապաշտական քաղաքականությունը և նոր արշավանքներ են ձեռնարկելու։ Վասակը նույնպես իր զորքը բաժանում է երեք մասի, որից մեկի հրամանատարությունը ստանձնում է իր եղբայր Բագոսը (Բագասը), մյուսինը՝ հայոց արքա Արշակ Բ-ն, իսկ վերջինինը՝ ինքը՝ հայոց սպարապետ Վասակ Մամիկոնյանը։
Հայոց երեք զորամասերն էլ անցնում են հավասար տարածություն, այդ պատճառով բոլոր ճակատամարտերը տեղի են ունենում գրեթե նույն ժամանակ։ Պարսից զորաբանակը հասնում է Վանա լճի մոտ՝ Առբերանի գավառի Առեստ ավան, որտեղ ռազմական ճամբար է խփում ձկնորսարանի մեջ։ Իմանալով, որ հայոց բանակը շարժվում է իրենց դեմ՝ պարսից բանակը ռազմակարգ է ընդունում։ Ճակատամարտի սկզբում հայերը կարողանում են հաջողության հասնել․ նրանք գրոհում են պարսից զորաբանակի վրա, որի հրամանատարը փորձում է վերականգնել ճեղքված մարտակարգը։ Այս փորձերի ժամանակ զոհվում է պարսից զորավարը։ Սակայն քանակական առավելությունը պարսիկների կողմն էր, որի շնորհիվ նրանք կարողանում են վերադասավորել սեփական ուժերը և մարտի մեջ մտցնել մարտական փղերը։ Մեծ զոհերի գնով հայերը կարողանում են դիմագրավել այս հակագրոհին և ստիպել պարսիկներին նահանջել։ Այս հակագրոհին դիմագրավելու ժամանակ զոհվում է հայոց զորամասի հրամանատար Բագոսը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.