Remove ads
մզկիթ From Wikipedia, the free encyclopedia
Անիի Սուրբ Աստվածածին եկեղեցի կամ Անիի Մայր Տաճար, Անի քաղաքի գլխավոր եկեղեցին, կառուցվել է 989-1001 թվականներին, Տրդատ ճարտարապետի կողմից Հայոց թագավոր Սմբատ Բ Տիեզերակալի նախաձեռնությամբ։ Դասվում է հայ և համաշխարհային ճարտարապետական լավագույն նմուշների շարքին։ Քառամույթ գմբեթավոր հորինվածքով կառույց է՝ կոթողային ձևով և հարուստ հարդարանքով։ Ավագ խորանը զարդարված է եղել «Քրիստոսը գահի վրա» որմնանկարով։ Տաճարի միջին գմբեթակիր նավը շնորհիվ ներքին նավերի նեղացման գերիշխում է կառույցի ներքին ամբողջ տարածքի երկայնքով։ Տաճարի գմբեթին կանգնեցված է եղել համարյա մարդու հասակի չափ արծաթյա խաչ։
Սուրբ Աստվածածին Կաթողիկե եկեղեցի | |
---|---|
Անիի Սուրբ Աստվածածին Կաթողիկե եկեղեցին | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | տաճար, մզկիթ և ավերակներ |
Երկիր | Թուրքիա |
Տեղագրություն | Անի |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Թեմ | Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքություն |
Հիմնական ամսաթվերը | 1001 |
Ներկա վիճակ | Վերականգնվում է |
Մասն է | Անի |
Անվանված | Մարիամ Աստվածածին |
Ճարտարապետ | Տրդատ ճարտարապետ |
Ճարտարապետական տիպ | Գմբեթավոր բազիլիկա |
Ճարտարապետական ոճ | հայկական ճարտարապետություն |
Կառուցման սկիզբ | 989 թ. |
Կառուցման ավարտ | 1001 թ. |
Հիմնադրված | 1001 |
Փակված է | 1319 |
19.8 մետր | |
Երկարություն | 30.5 մետր |
Լայնություն | 19.8 մետր |
Շինանյութ | սպիտակ քար |
Cathedral of Ani Վիքիպահեստում |
1860-1873 թվականներին Գյումրի քաղաքում Անիի Մայր տաճարի նմանությամբ կառուցվել է Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին։
Անիի Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցին հիմնադրել է Հայոց թագավոր Սմբատ Բ Տիեզերակալը, 989 թվականին։ Շինարարությունն ավարտել է Հայոց թագավոր Գագիկ Ա Բագրատունու կինը՝ Կատրամիդե թագուհին 1001 թվականին։ Կառուցել է Տրդատ ճարտարապետը։
Քառամույթ գմբեթավոր հորինվածքով (չափերը՝ 24,7 մ x 34,3 մ) Անիի Մայր տաճարը իր կոթողային ձևերով և հարուստ հարդարանքով խորհրդանշել է վերածնված հայկական պետության հզորությունը։ Հայկական խորշերով ակոսված արտաքին ճակատները հարդարվել են նրբագեղ կամարաշարով։ Ավագ խորանը զարդարվել է Քրիստոսը գահի վրա պատկերագրությամբ որմնանկարով (հետագայում ծածկվել է սվաղով)։ Տրդատը կարևոր ավանդ է մուծել եկեղեցական ճարտարապետական ձևերի զարգացման գործում, տաճարի միջին՝ գմբեթակիր նավը գերիշխում է շենքի ողջ ներքին տարածության վրա՝ շնորհիվ կողմնային նավերի զգալի նեղացման։ Մույթերի և որմնամույթերի փնջաձև տրոհումը, կամարների սլաքաձևությունը Մայր տաճարին հաղորդում են շեշտված վերսլացություն։ Եկեղեցու ներսի այդպիսի լուծումը, հատկապես մույթերի՝ ջլաղեղների նմանությամբ մասնատումը XII–XIV դարերում դարձել են Արևմտյան Եվրոպայում ձևավորված ու տարածված գոթական ճարտարապետության բնորոշ հատկանիշները։ Իր այս առանձնահատկությունների, կառուցվածքային կատարելության և գեղաշուք հարդարանքի շնորհիվ Անիի Մայր տաճարը դասվում է համաշխարհային ճարտարապետության լավագույն ստեղծագործությունների թվին։
Կատրամիդե թագուհին Մայր տաճարը զարդարել է ծիրանեծաղիկ ոսկեղեն գործվածքներով, արծաթե ու ոսկե անոթներով։ Տաճարի գմբեթին կանգնեցվել է մարդահասակ արծաթե խաչ, իսկ Սմբատ Բ թագավորը Հնդկաստանից բերել է տվել բյուրեղյա հսկա ջահ։
1010-ական թթ․ Անիի Մայր տաճարի կողքին կաթողիկոս Սարգիս Ա Սևանցին (992–1019) կառուցել է Սբ․ Հռիփսիմյանց վկայարան։ 1040–1050-ական թթ․ Անիի Մայր տաճարի արլ․ և արմ․ ճակատներին արձանագրվել են Առոն Մագիստրոսի և Բագրատ Մագիստրոսի կատարած գործերը (պարիսպների վերակառուցում, քաղաքի ջրատարն անցկացնելը, անեցիների հարկերը թեթևացնելը)։ 1064-ին սելջուկները գրավել են Անին և Մայր տաճարը վերածել մզկիթի։ 1124 թվականին Անիի ամիրան Անիի Մայր տաճարի գմբեթին խոշոր մահիկ է զետեղել։ Զայրացած անեցիները հրավիրել են Վրաց Դավիթ Շինարար թագավորին և քաղաքի դարպասները բացել նրա զորքի առջև։ Անիի Մայր տաճարը վերստին օծվել է և գործել որպես եկեղեցի՝ կրկին կարևոր տեղ գրավելով հայ հոգևոր կյանքում։ XII դ․ տաճարի սպասավորներն են եղել Հովհաննես Սարկավագը, պատմիչ Սամուել Անեցին, պատմիչ և թարգմանիչ Մխիթար Անեցին։ 1126 թվականին վրացիները ստիպված Անին վերադարձրել են Շադդադյաններին, որոնք երդվել են այլևս Մայր տաճարի նկատմամբ ոտնձգություններ չանել։ 1198 թվականին Անին Զաքարյան իշխանների ազատագրելուց հետո, XIII դ․ Անիի Մայր տաճարը բազմաթիվ նվիրատվություններ է ստացել (կրպակ, ձիթհանք, արծաթե սպասք, Ավետարան և այլն)։ 1213 թվականին Տիգրան Հոնենցը նորոգել է տաճարի խարխլված աստիճանները։ 1319 թվականի երկրաշարժից քանդվել է Մայր տաճարի գմբեթը, 1988 թվականի երկրաշարժից՝ հս-արմ․ անկյունը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.