Սուրբ Երրորդություն վանք
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Սուրբ Երրորդություն, վանք, որը գտնվում է Հայաստանի Լոռու մարզի Ախթալա քաղաքի հյուսիս-արևելյան մասում, Ախթալայի վանքից 0,5 կմ հյուսիս-արևելք, Հանքերի ջուր վտակի ձախ ափին՝ ձորալանջին։ Ընգրկված է Ախթալա գյուղի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում (պետական ցուցիչ՝ 7.5.1/14):
Սուրբ Երրոդության վանք Սուրբ Երրորդություն | |
---|---|
Սուրբ Երրորդություն վանքի ամբողջական տեսքը | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | Վանական համալիր |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Եվրոպա |
Տարածաշրջան | Հայաստան Լոռու մարզ |
Հասցե | Ախթալա գյուղի կենտրոնական մասում, Ախթալայի վանքից 0.5 կմ հս-աե |
Դավանանք | Հայ Առաքելական եկեղեցի |
Օծման թվական | 13-րդ դար |
Հոգևոր կարգավիճակ | չգործող |
Ներկա վիճակ | կանգուն |
Կազմված է | Եկեղեցի, Եկեղեցի, Մատուռ և Սրահ |
Ժառանգության կարգավիճակ | մշակութային հուշարձան Հայաստանում[1] |
Առաջնորդ | Գևորգ |
Նվիրված | Սուրբ Երրորդությանը |
Անվանված | Երրորդություն |
Պատվիրող | Գևորգ և Սիմոն |
Ճարտարապետական ոճ | Հայ քաղկեդոնական վանք |
Կառուցման սկիզբ | 13-րդ դար |
Կառուցման ավարտ | 13-րդ դար |
Առաջին հիշատակում | 13-րդ դարի խաչքարի արձանագրություն |
Գմբեթ | 0 |
Շինանյութ | Կապտագույն բազալտ |
Surb Yerordutyun, Akhtala Վիքիպահեստում |
Պատմական աղբյուրները ոչ մի հիշատակություն չեն պարունակում վանական համալիրի մասին։ Միակ հիշատակությունը եկեղեցիների ներսում եղած խաչքարի վրա փորագրված վրացերեն արձանագրությունն է, որը հայերեն թարգմանված նշանակում է «Տեր Աստված, ողորմի սրա կառուցողներ Գևորգին և Սիմոնին»[2]։
Արձանագրությունը փորագրված է խաչքարի վրա, սակայն վերաբերում է վանքի կառուցմանը, քանի որ խաչքարի կառուցման մասին փորագրություններում սովորաբար նշվում է «կանգնեցրի», ոչ թե «կառուցեցի»։
Արձանագրության մեջ հիշատակված անձնավորություններից Գևորգը Սուրբ Երրորդություն վանքի առաջնորդն է, իսկ Սիմոնը Ախթալայի վանքի առաջնորդը։
Սիմոնի մասին, որպես Ախթալայի վանքի առաջնորդի, հիշատակություն կա նաև Ախթալայից փոքր-ինչ դեպի արևելք, ճանապարհի ձախ կողմում եղած հին գյուղատեղիում գտնվող եկեղեցու վրա փորագրված հայերեն արձանագրության մեջ[3].
«Կամաւք բարերարին Աստուծոյ, յամս աստուածազաւր արքայութեան Դեմետրի, առաջնորդութեան տեր Յովհանիսի, ծինամծղատութեան Սիմոնէ...» |
Բաղկացած է երկու եկեղեցուց և երկու մատուռից, կից կան մի քանի տապանաքարեր։ Կառուցվել է 13-րդ դարի երկրորդ քառորդում։
Եկեղեցիները կից են իրար՝ միմյանցից բաժանվում են մի ընդհանուր միջնորմով և կապակցված են միջնորմի մեջ եղած կամարակապ մի բացվածքով։
Երկու եկեղեցիներն էլ ունեն երկարաձիգ ուղիղ քառանկյունի հատակագիծ, թաղակապ ծածկ և մեկական մուտք՝ արևմտյան կողմից։
Հարավային կողմի եկեղեցին համեմատաբար լայն է, արևելյան կողմից ունի կիսակլոր լայն աբսիդ՝ եկեղեցու ամբողջ լայնությամբ, որի կողի պատերի մեջ կան մեկական խորշեր՝ դարակների ձևով։ Ցածրադիր բեմի կենտրոնում դրված է խոշոր վեմքար՝ մեծ սեղանաքարով։ Չորս լուսամուտներից երկուսը բացվում են հարավային պատից, մեկը՝ արևելյան պատից, մյուսը՝ արևմտյան պատից։ Արևմտյան պատուհանը մնացած պատուհանների համեմատությամբ ամենամեծն է։
Հյուսիսային կողմի եկեղեցին նույնպես արևելյան կողմից ունի կիսակլոր աբսիդ՝ եկեղեցու ամբողջ լայնությամբ, առանց բեմի ու վեմքարի։ Հյուսիսային, արևելյան և արևմտյան պատերից բացվում են մեկական փոքր լուսամուտներ։
Եկեղեցիներն արևմտյան կողմից ունեն ընդհանուր սրահ՝ դրանց արևմտյան պատերի ամբողջ երկարությամբ։ Սրահի ծածկը թաղակապ է և համեմատաբար ավելի ցածր է եկեղեցիների տանիքներից։ Սրահն արևմտյան կողմից ունի երկու և հարավային ու հյուսիսային կողմերից՝ մեկեկան կամարակապ լայն բացվածքներ։ Հարավային կողմի կամարակապ բացվածքը մնացած բացվածքների համեմատությամբ ամենամեծն է։
Երկու եկեղեցիներն ու սրահը շարված են կապտագույն ծակոտկավոր բազալտի մաքուր տաշված քարերով՝ կրաշաղախի միացությամբ։
Թե՛ եկեղեցիները և թե՛ սրահը սալահատակված են եղել, տանիքները պատած են եղել սալաքարերով։ Եկեղեցիները կանգուն վիճակում են՝ քայքայված է սալահատակի մեծ մասը, թափված են տանիքների բոլոր սալաքարերը, քայքայված է ծածկի երեսի շերտը, թափված է ենքիվերի մի մասը, մասամբ քանդված է պատերի վերի քարաշարքը։
Գտնվում է եկեղեցիների հարավային կողմում՝ այդ կողմի եկեղեցուն կից։ Սովորական ձևով կառուցված մատուռի մեծ շենք է, որից պատերի ստորին մասերն են միայն պահպանվել՝ մուտքի բացվածքի բարձրությամբ։
Մատուռը հյուսիսային կողմից առանձին պատ չի ունեցել, այլ եկեղեցու հարավային պատին կից ձգվելիս են եղել երեք որմնասյուներ, որոնք միանալով որմնակամարներով, եկեղեցու պատի վրա առաջացել են երկու ոչ խորը խորշեր։ Մատուռի հարավայի պատի ներսի երեսից ձգվող որմնասյունը առանձին կամարով միացել է եկեղեցու պատին կից ձգվող կենտրոնի որմնասյան հետ, գոտկելով ծածկի թաղը։
Միակ մուտքը արևմտյան կողմից է, մի լուսամուտի հետքեր նկատվում են հարավային պատի մեջ։ Մատուռի կանգուն մասերը շարված են կապտագույն բազալտի սրբատաշ քարերով՝ կրաշաղախի միացությամբ։
Գտնվում է եկեղեցիների արևմտյան կողմում։ Փորված է ձորալանջի մեջ, այնպես, որ երեք կողմերից ծածկված են հողով, միայն արևմտյան պատն է ազատ, ուր բացվում է մուտքը։ Մատուռի տանիքը գետնի և եկեղեցիների հատակի հավասարության է։
Խիստ նեղ, երկարավանուն, ցածրիկ մի շենք է, շարված կապտագույն բազալտի մաքուր տաշված քարերով՝ կրաշաղախի միացությամբ։ Ծածկը թաղակապ է, տանիքի ծածկված է հողով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.