Remove ads
կուսակցություն From Wikipedia, the free encyclopedia
Ազգային ինքնորոշում միավորում (քրիստոնեավարներ) (կրճատ՝ ԱԻՄ(ք)), հայկական քաղաքական կուսակցություն, հիմնվել է 1987 թվականի սեպտեմբերին, կուսակցության համահիմնադիրը և առաջնորդը Պարույր Հայրիկյանն է։ Այն Խորհրդային Միության տարածքում բացահայտ գործող առաջին ազգային-քաղաքական-ժողովրդավարական կազմակերպությունն էր։ ԱԻՄ-ը հրատարակում էր «Անկախություն» շաբաթաթերթը, որը ԽՍՀՄ տարածքում առաջին այլընտրանքային քաղաքական պարբերականն էր։
Ազգային ինքնորոշում միավորում | |
---|---|
Տեսակ | կուսակցություն |
Երկիր | Հայաստան |
Հիմնադիր | Պարույր Հայրիկյան |
Հիմնադրված | 1987 |
Գաղափարախոսություն | Եվրոպամետություն |
Քաղաքական հայացք | Լիբերալիզմ |
Պաշտոնական գույն(եր) | սև |
Շտաբ | Երևան, Հայաստան |
Թերթ | «Անկախություն» շաբաթաթերթ |
Նախորդ | Ազգային միացյալ կուսակցություն |
Կայք | aim.am |
1966 թվականի ապրիլի 24-ին Խորհրդային այլախոհներ Հայկազն Խաչատրյանը Ստեփան Զատիկյանը և Շահեն Հարությունյանը հիմնադրում են «Ազգային միացյալ կուսակցություն» ընդհատակյա քաղաքական կազմակերպությունը, 1966 թվականին Ազգային միացյալ կուսակցության հիմնադիրների ձերբակալումից և բանտարկությունից հետո Պարույր Հայրիկյանը դառնում է ԱՄԿ ղեկավար։ 1987 թվականի սեպտեմբերին Պարույր Հայրիկյանը դուրս է գալիս ընդհատակից և իր համախոհներ Մովսես Գորգիսյանի, Ռազմիկ Մարկոսյանի, Սուսաննա Ավագյանի և Մեխակ Գաբրիելյանի հետ ԱՄԿ-ի հենքի վրա ստեղծում Ազգային ինքնորոշում միավորումը։ ԱԻՄ-ի նպատակն էր ազգային անկախության վերականգնումը՝ հանրաքվեի ճանապարհով ինքնորշման միջոցով[1]։
Ազգային ինքնորոշում միավորումը մեծ դեր է ունեցել 1988 թվականի փետրվարին սկսված «Ղարաբաղյան շարժման» մեջ։ Նույն տարվա հուլիսի 21-ին, կուսակցության առաջնորդ Հայրիկյանը արտաքսվել է Եթովպիա[2]։ Կուսակցության համահիմնադիր, Հայաստանի ազգային հերոս Մովսես Գորգիսյանը եղել է շարժման առաջնորդներից մեկը։
Այնուհետև ԱԻՄ-ը մասնակից է եղել 1988-1994 թվականնների Արցախյան պատերազմին, որոնք ծավալվել էին Արցախի հարցի շուրջ[3]։ Կուսակցության դիքորոշմամբ այդ պատերազմը հրահրել է պաշտոնական Մոսկվան՝ Խորհրդային Միության քաղաքական ղեկավարությունը[3], սակայն Հայ ազգի ինքնորոշմանը և մարդու իրավունքների պաշտպանությանը կողմնակից լինելով՝ ԱԻՄ–ը ճիշտ էր համարում զենքով պաշտպանել Հայ ժողովրդի խախտոված իրավունքները[3]։ ԱԻՄ–ական Մովսես Գորգիսյանը զոհ գնաց հենց այդ կռիվների ընթացքում. 1990 թվականի հունվարի 19–ին Երասխավանում՝ պաշտպանելով Հայաստանի՝ Նախիջևանին սահմանակից տարածքները ադրբեջանա–թուրքական և ռուս–խորհրդային զինյալ ուժերի հարձակումից, Գորգիսյանին հետմահու՝ 1996 թվականի սեպտեմբերի 20–ին շնորհվել է Հայաստանի ազգային հերոսի կոչում[3]։ ԱԻՄ–ի նախագահը՝ Պարույր Հայրիկյանը Լաչինի միջանցքում ազատագրական և ինքնապաշտպանական մարտեր մղող ջոկատներից մեկի հրամանատարն էր, իսկ 1992 թվականին նշանակվեց Լաչինի պարետ։ Հետագայում Հայրիկյանը դարձավ այդ շրջանի վարչական ղեկավարը՝ Հայաստանի խորհրդարանի և նախագահի որոշմամբ[3]։ Ընդ որում՝ Հայրիկյանը խնդիր էր ստացել այդտեղ ստեղծելու փախստականների ճամբարներ։ Արցախյան պատերազմի ընթացքում զոհվել է ավելի քան 50 ԱԻՄ–ական, որոնք հիմնականում պաշտպանում էին Ադրբեջանից մազապուրծ փախած հայերին[3]։
1991-1998 թվականներին ԱԻՄ-ը հանդես է եկել որպես ընդդիմություն։ 1991 թվականին տեղի ունեցած Հայաստանի անդրանիկ նախագահական ընտրություններում Պարույր Հայրիկյանը զբաղեցրեց երկրորդ տեղը, զիճելով միայն Լևոն Տեր-Պետրոսյանին։ Վերջինիս երդմնակալությանը ԱԻՄ-ականները պատասխանեցին սև դրոշների երթով։
1995 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո, կուսակցությունը 3 տեղ ստացավ Ազգային ժողովում։ Սակայն, կուսակցությունը կորցերեց Ազգային ժողովում իր քաղաքական ներկայացվածությունը 1999 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո։
Ազգային ինքնորոշում միավորումը Հայաստանի կառավարության պետական ռեգիստրում գրանցվել է 2003 թ. նոյեմբերի 17-ին[4]։
2016 թվականի ապրիլին, Պարույր Հայրիկյանը ունեցավ մամլո ասուլիս Տիգրան Խզմալյանի հետ. նրանք հայտարարեցին զանգվածային ստորագրահավաք սկսելու մասին, որով քաղաքացիները պետք է պահանջեն կառավարությունից դադարեցնել Ռուսաստանի հետ համագործակցությունը և խորացնեն Եվրոպական կառույցների հետ կապը[5]։
2018 թվականի փետրվարին, ԱԻՄ-ը կտրականապես դեմ է արտահայտվել Արմեն Սարգսյանի՝ որպես Հայաստանի նախագահի թեկնածու առաջադրմանը։ Իր հայտարարության մեջ մասնավորապես կոչ անելով մարտի 2-ին ժամը 10:00-ին սև դրոշներով հավաքվել ԱԺ դիմաց և թույլ չտալ, որ «Սահմանադրությունը կոպտորեն խախտվի»։ Կուսակցության նախագահության անդամ Արկադի Վարդանյանը Արմեն Սարգսյանի՝ «Հայաստանի Չորրորդ Հանրապետության առաջին նախագահ» արտահայտության համար անվանել է «տխմար կամ լրտես»[6]։
2019 թվականի հունիսին, մամլո ասուլիսի ժամանակ, Հայրիկյանը հորդորեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուժեղացնել ժողովրդավարական արժեքները Հայաստանում[7]։
2019 թվականի նոյեմբերի 30-ին, Հայրիկյանը Երևանում գտնվող Ուկրաինայի դեսպանատնում ելույթի ժամանակ Գոլոդոմորը որպես ցեղասպանություն ճանաչելու կոչ արեց Հայաստանի կառավարությանը[8]։
2020 թվականի նոյեմբերին, Ազգային ինքնորոշում միավորումը, Հայաստանի Եվրոպական կուսակցության և Սասնա Ծռեր համահայկական կուսակցության հետ երթ անցկացրեց Երևանի կենտրոնում։ Այդ երեք կուսակցությունները կոչ արեցին ռուսական քաղաքական զավթմանը վերջ տալու միջոցով իրական ինքնիշխան Հայաստան ստեղծելու և Եվրոպայի հետ մերձեցման ժամանակ Ռուսաստանից կառչելուց խուսափելու[9]։
Կուսակցությունը երեք անգամ (1991, 1998, 2013) առաջադրել է Պարույր Հայրիկյանին որպես Հայաստանի նախագահի թեկնածու։ 1991 թվականի հոկտեմբերի 17-ին կայացած նախագահական ընտրություններում Հայրիկյանը հավաքեց 7.2% ձայն և զբաղեցրեց երկրորդ տեղը, զիճելով միայն Գերագույն խորհրդի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին։
Հայաստանի 1995 թվականի խորհրդարանական ընտրություններում ԱԻՄ–ը հավաքեց 5.7% ձայն, կարողանալով ստանալ երեք տեղ Հայաստանի խորհրդարանում և սեպտեմբերի 12–ին կազմեց իր սեփական՝ ԱԻՄ–ի խորհրդարանական խմբակցությունը։ Խմբակցության նախագահն էր Պարույր Հայրիկյանը, խմբակցության քարտուղարն էր Ներսես Զեյնալվանդյանը, խմբակցության անդամ էր Արամազդ Զաքարյանը[10]։
1999 թվականի խորհրդարանական ընտրություններին կուսակցությունը հավաքեց 2.2% ձայն, չկարողանալով հաղթահարել 5%-անոց անցողիկ շեմը և կորցրեց իր ներկայացվածությունը Ազգային ժողովում, ինչը մինչ օրս չունի։
|
|
Իր գաղափարախոսությամբ կուսակցությունը Եվրոպամետ է, ինչպես նաև Արևմտամետ։ ԱԻՄ-ն առաջնորդվում է քրիստոնեավարական գործելակերպով։ Ներկայումս ԱԻՄ-ի առաջնային նպատակը Հայաստանը «ռուսական գաղութացումից» փրկելն է։
ԱԻՄ կուսակցությունը և մասնավորապես նրա նախագահ Պարույր Հայրիկյանը կողմնակից են Հայերենի դասական ուղղագրության վերականգնմանը[11]։ Դրան է ուղղված նաև ԱԻՄ–ի մասնակցությամբ «Հարություն» տեսաֆիլմի ստեղծումը 2010 թվականին[12]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.