From Wikipedia, the free encyclopedia
Salvatore Ferragamo S.p.A., հագուստի, կոշիկի և «լյուքս» դասի այլ իրերի իտալական բրենդ։ Ընկերության շտաբակայանը գտնվում է Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում։ Բրենդը մասնագիտանում է կոշիկների[1], կաշվե իրերի, Շվեյցարիայում արտադրվող ժամացույցների, ինչպես նաև տղամարդկանց և կանանց հագուստի ստեղծման գործում։ Ընկերությունն ունի արտոնագրեր ակնոցների և ժամացույցների որոշ մոդելների համար։
Salvatore Ferragamo | |
---|---|
Տեսակ | բիզնես ձեռնարկություն և ձեռնարկություն |
Հիմնադրված է | 1927 |
Հիմնադիր | Սալվատորե Ֆերրագամո |
Վայր | Ֆլորենցիա, Իտալիա |
Երկիր | Իտալիա |
Արդյունաբերություն | նորաձևություն |
Կայք | ferragamo.com |
Salvatore Ferragamo S.p.A. Վիքիպահեստում |
Բրենդի սեփականությունն է համարվում «Ferragamo Group» դուստր ձեռնարկությունը, որի 685 մոնոբրենդային խանութների ցանցում աշխատում է ավելի քան չորս հազար աշխատակից ոչ միայն Իտալիայում, այլև ամբողջ աշխարհում։
Ընկերության ապագա հիմնադիր Սալվատորե Ֆերրագամոն 1914 թվականին հարավային Իտալիայից ներգաղթեց ԱՄՆ՝ սկզբում բնակություն հաստատելով Բոստոնում, ապա Կալիֆորնիայում։ 1923 թվականին նա Հոլիվուդում բացեց կոշիկի խանութ և սկսեց կոշիկ արտադրել[1] հայտնի մարդկանց (Ջոան Քրոուֆորդ և Գլորիա Սվենսոն), ինչպես նաև ֆիլմերի համար (Սեսիլ Բլաունտ դե Միլլի «10 պատվիրաններ» ֆիլմը)[2]։ 1927 թվականին վերադառնալով Իտալիա՝ այնտեղ բացեց կոշիկի խանութ[3]։ Ժամանակակից կոշիկի ընկերությունն իր հիմնադրման տարին համարում է 1928 թվականը, ուստի 2008 թվականին այն նշեց իր 80-ամյակը[2]։
1933 թվականին՝ պայմանավորված Մեծ ճգնաժամով, «Salvatore Ferragamo»-ն դիմում ներկայացրեց սնանկության մասին, բայց արդեն 1938 թվականին ընկերությունը կարողացավ ձեռք բերել Ֆլորենցիայի լավագույն պալատներից մեկը՝ Palazzo Spini Feroni-ն[2]։ Այս պալատում ներկայումս գտնվում է բրենդի ֆլագմանի խանութը և թանգարանը։
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ընկերությունը թևակոխեց իր ծաղկման փուլ՝ ընդլայնելով աշխատողների թվաքանակը և հասցնելով մինչև 700-ի, օրական ձեռքով արտադրելով 350 զույգ կոշիկ։ 1960 թվականին Սալվատորե Ֆերրագամոյի մահից հետո նրա այրին՝ Վանդա Ֆերրագամոն, ձեռնամուխ եղավ ընկերության ղեկավարմանը՝ կոշիկի արտադրությանը զուգահեռ սկսելով ակնոցների, օծանելիքի, գոտիների, շարֆերի[3], պայուսակների և հագուստի արտադրություն։
Ընկերության գլխավոր սեփականատերը մնում է Ֆերրագամո ընտանիքը, որը 2008 թվականի նոյեմբերի դրությամբ բաղկացած էր այրի Վանդա Ֆերրագամոյից, նրանց հինգ երեխաներից, 23 թոռներից և այլ ազգականներից[4]։ Գաղտնի կանոնի համաձայն՝ ընտանիքի անդամներից միայն երեքը կարող է աշխատել ընկերությունում[4]։ 2006 թվականի սեպտեմբերին ընտանիքը հայտարարեց ընկերության բաժնետոմսերի 48 տոկոսի վաճառքի մասին։ Նույն տարվա հոկտեմբերին Միշել Նորսան ընտրվեց նոր գլխավոր տնօրեն[3]։ 2008 թվականի հունվարին ֆինանսական ճգնաժամի պատճառով բաժնետոմսերի վաճառքի նախագիծը դադարեցվեց[5]։ Եթե բաժնետոմսերի վաճառքը վերսկսվի, ապա այն, առաջին հերթին, ուղղվելու է Չինաստանում ընկերության դիրքերի ամրապնդմանը[6]։ Իբրև այդ ռազմավարության շարունակություն՝ ընկերությունն իր 80-ամյա հոբելյանը նշեց Շանհայում[2]։
2011 թվականին ընկերությունն իր բաժնետոմսերը տեղադրեց բորսայում[7]։
2016 թվականի հաշվետու տարվա համար «Salvatore Ferragamo»-ն հաղորդեց 1.438 մլն եվրո եկամտի մասին։ 2016 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ բրենդի մանրածախ ցանցը ներառում էր 402 անմիջականորեն և 281 միջնորդավորված ղեկավարվող խանութ։ Արտադրանքը ներկայացված է նաև տարբեր հանրախանութներում և բազմաբրենդային խանութներում[8]։
2016 թվականի օգոստոսի 2-ին Էրալդո Պոլետտոն նշանակվեց ընկերության գլխավոր գործադիր տնօրեն։ 2017 թվականի մարտի 8-ին Պոլետտոն լքեց պաշտոնը, և ընկերության ղեկավար դարձավ Ֆերրուչչո Ֆերրագամոն։
Իր ողջ պատմության ընթացքում «Salvatore Ferragamo»-ն աչքի է ընկել դիզայնի և նյութերի օգտագործման անսովոր մոտեցմամբ։ Այս հնարամտությունը արմատներով գնում է դեպի 20-րդ դարի սկզբին Կալիֆորնիայում Ֆերրագամոյի կատարած փորձարկումները, երբ նա ուսումնասիրում էր անատոմիա կոշիկն ավելի հարմարավետ դարձնելու նպատակով։ Նորարարությունների շարքում հանդիպում են բարձրակրունկի հատուկ ձև, մետաքսյա կոշկատակ, մետաղյա կրունկներ, կոշիկի ստեղծման գործում իրական ոսկու օգտագործում[2]։ Այդ շրջանի հաճախորդների թվում էր, մասնավորապես, Մերիլին Մոնրոն[2][3]։ Ընկերությունը նաև արտադրում է ժամացույցներ՝ համագործակցելով «Marchon» և «Timex Group» ընկերությունների հետ։
Հոլիվուդ տեղափոխվելուց հետո Ֆերրագամոն սկսեց աշխատել կինոաստղերի և այլ հայտնի մարդկանց հետ։ Նրա պատվիրատուներից էին Օդրի Հեփբերնը, Սոֆի Լորենը, Գրետա Գարբոն, Էնդի Ուորհոլը, Գրեյս Մուգաբեն և Արքայադուստր Դիանան[2]։ Ընկերությունը արտադրել է պայուսակներ Մարգարետ Թետչերի համար[6], ինչպես նաև հագուստ Բութանի հինգերորդ թագավոր Ջիգմե Կհեսար Նամգյալ Վանգչուկի թագադրման համար (թագադրությունը տեղի է ունեցել 2008 թվականի նոյեմբերի 6-ին Թհիմփհուում)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.