From Wikipedia, the free encyclopedia
«Հռենոսի ոսկին» (գերմ.՝ Das Rheingold), գերմանացի երգահան Ռիխարդ Վագների օպերա, «Նիբելունգի մատանին» շարքի առաջին օպերան՝ նախերգը։ Լիբրետտոն գրվել է Վագների կողմից 1849-1852 թվականների ընթացքում Ցյուրիխ քաղաքում, երաժշտությունը՝ 1853-1854 թվականների ընթացքում։
Հռենոսի ոսկին գերմ.՝ Das Rheingold | |
---|---|
Տեսակ | դրամատիկ-երաժշտական ստեղծագործություն |
Ժանր | Երաժշտական դրամա |
Կոմպոզիտոր | Ռիխարդ Վագներ |
Լիբրետտոյի հեղինակ | Ռիխարդ Վագներ |
Սյուժեի աղբյուր | Սկանդինավյան դիցաբանություն |
Գործողությունների քանակ | 4 արար[1] |
Կերպարներ | Ալբերիք, Donner?, Erda?, Fafner?, Fasolt?, Floßhilde?, Freia?, Ֆրիկա, Froh?, Loge?, Mime?, Wellgunde?, Woglinde? և Վոտան |
Ստեղծման տարեթիվ | 1852 |
Առաջնախաղի տարեթիվ | սեպտեմբերի 22, 1869[1] |
Առաջնախաղի վայր | Մյունխեն |
Կատալոգի համար | 86A |
Հրատարակման տարեթիվ | 19-րդ դար |
Das Rheingold Վիքիպահեստում |
Առաջին անգամ բեմադրվել է 1869 թվականի սեպտեմբերի 22-ին Մյունխենում Ֆրանց Վյուլների ղեկավարությամբ։ Վագները դեմ էր բեմադրմանը, քանի որ համոզված էր, որ օպերան պետք է կատարվի «Նիբելունգի մատանին» շարքի հետ միասին։ Այդ մտահղացումը ի կատար ածվեց միայն՝ Բայրոյթի առաջին փառատոնի ընթացքում, որտեղ «Հռենոսի ոսկին» բեմադրվեց 1876 թվականի օգոստոսի 13-ին՝ Հանս Ռիխթերի ղեկավարությամբ։
Անշտապ հոսում է զորեղ Հռենոսը։ Նրա ալիքներում խայտում են ջրահարսները՝ Հռենոսի անհոգ և զվարթ դուստրերը։ Նրանք պահպանում են գետի հատակում հանգչող ոսկե գանձը։ Իսկ գետնի տակ, ժայռերի ծերպերում ապրում են կարճլիկ նիբելունգները՝ հմուտ դարբինները։ Նրանցից մեկը՝ Ալբերիխը ապարդյուն ձգտում է արժանանալ ջրահարսների սիրուն. Հռենոսի դուստրերը սահելով դուրս են պրծնում նրա ձեռքերից՝ ծիծաղելով նրա դանդաղաշարժության և զայրույթի վրա։ Նրանց ուրախ շաղակրատանքից Ալբերիխն իմանում է գանձի գաղտնիքը. նա, ով Հռենոսի ոսկուց մատանի կռի, կդառնա աշխարհի տիրակալը և անհամար գանձերի կտիրանա։ Բայց մատանին կռելը հեշտ չէ. դրա համար հարկավոր է հրաժարվել մարդկային լավագույն զգացմունքից՝ սիրուց։ Ալբերիխն անիծում է սերը և Հռենոսի ոսկին նրա ձեռքում է։ Անմատչելի լեռնային բարձունքներում վեր է խոյանում աստվածների վսեմ պալատը՝ Վալհալլան։ Ոչ մի թշնամի սարսափելի չէ գերագույն աստված Վոթանի համար։ Վալհալլան կառուցել են Ֆազոլտը և Ֆավները՝ զորեղ, բայց պարզհոգի եղբայր հսկաները։ Վոթանը պայմանագիր է կնքել նրանց հետ՝ երդվելով, որ իբրև վարձատրություն նրանց կհանձնի երիտասարդության դիցուհի Ֆրեյային, որ պահպանում է աստվածներին հավերժ երիտասարդություն պարգևող կախարդական ոսկե խնձորները։ Սակայն, անառիկ ամրոցն ստանալուց հետո, Վոթանը չի շտապում բաժանվել Ֆրեյայից։ Կնոջ, որ Ֆրեյայի քույրն է, Ֆրիգգի նախատինքները, նրա եղբայրների՝ երիտասարդ Ֆրոյի և որոտի աստված ռազմաշունչ Դոնների զայրույթը, ավելի ամրապնդում են նրա մերժման որոշումը։ Կրակի աստված Լոգեն, որ հրի նման ճկուն է ու անհավատարիմ, և մի ժամանակ աստվածներին նենգաբար խորհուրդ էր տվել պայմանավորվել հսկաների հետ, պատմում է Հռենոսի ոսկու մասին։ Հսկաները պատրաստ են հրաժարվել Ֆրեյայից, եթե Վոթանն իրենց հանձնի նիբելունգների մատանին։ Իսկ առայժմ նրանք իրենց մոտ են պահում Ֆրեյային՝ իբրև պատանդ։ Նույն պահին աստվածները կորցնում են իրենց զորությունը և մեկ ակնթարթում դառնում ծեր ու զառամյալ։ Միայն Լոգեն առաջվա պես ուրախ է ու ծիծաղկոտ։ Այդժամ Վոթանը որոշում է. ինքը Ալբերիխից կխլի ոսկին, որպեսզի փրկագնի Ֆրեյային։ Լոգեի ուղեկցությամբ նա ուղևորվում է դեպի նիբելունգների ստորգետնյա թագավորությունը։
Արդեն հեռվից լսվում է զնդանի վրա տեղացող մուրճերի հարվածների ձայները, երևում է քուրաներում ցոլցլացող կրակը և լսվում են նիբելունգների ճիչերն ու լացի ձայները։ Նրանք օր ու գիշեր կռում են Ալբերիխի գանձերը, ով ստրկացրել է իրենց ոսկե մատանու զորությամբ։ Եվ այժմ Ալբերիխը երազում է ամբողջ աշխարհը նվաճելու մասին։ Ալբերիխի վախկոտ, անվերջ փնթփնթացող եղբայր Միմեն նրա համար կռել է մի հրաշալի ոսկե սաղավարտ. նա, ով կկրի այն, կարող է ընդունել ցանկացած կերպարանք և նույնիսկ անտեսանելի դառնալ։ Լոգեն, իմանալով դրա մասին Միմեի մոտ, Ալբերիխի հետ գալիս է խորամանկ համաձայնության, և երբ նիբելունգը դնելով այն, դառնում է փոքրիկ դոդոշ, աստվածները բռնում են նրան և կապում։ Որպես փրկագին Վոտանը պահանջում է ոսկին։ Ալբերիխը տալիս է այն ամենը, ինչ կռել էին կարճլիկները, նույնիսկ կախարդական սաղավարտը, բայց երբ Վոթանը հանում է նրա մատից կախարդական մատանին, նիբելունգն արտասանում է սարսափելի մի անեծք. այսուհետ նա, ով կկրի մատանին, կբերի մահ և դժբախտություն։ Վոթանը միայն ծիծաղում է չար և անուժ կարճլիկի վրա, չէ՞ որ այժմ իշխանությունն ու հարստությունը ի՛ր ձեռքում են։ Բայց ոսկով պետք է վճարի հսկաներին, իսկ նրանք ցանկանում են ստանալ այնքան ոսկի, որ Ֆրեյային ոտքից գլուխ ծածկի։ Նիբելունգների հարստությունը չի բավականացնում, և Վոթանը ոսկու կույտի վերն է նետում կախարդական սաղավարտը։ Ֆազոլտը, որ սիրահարվել էր Ֆրեյային, ի զորու չէ բաժանվել նրանից։ Նա պնդում է, որ արանքից դեռ երևում է աստվածուհու հայացքը։ Հսկաները պահանջում են նաև ոսկե մատանին։ Վոթանը հրաժարվում է, իսկ վախեցած աստվածների աղերսանքն ի զորու չէ սասանել նրա որոշումը։ Վոթանին ստիպում է մատանին հսկաներին հանձնել միայն սարսափելի մարգարեությունը ճակատագրի աստվածուհի Էրդայի, որ հանկարծ հայտնվում է երկրի ընդերքից։ Եվ այդ վայրկյանին էլ կատարվում է նիբելունգի անեծքը. ոսկու պատճառով վեճ է ծագում և Ֆավները ծանր լախտով սպանում է եղբորը։ Աստվածներին համակում է սարսափը. նրանց լուսավոր աշխարհ սողոսկեցին սպանությունն ու մահը։ Որոտի աստված Դոնները հավաքում է ամպերը, ճայթեցնում է ամպրոպը և պարզված երկնակամարում տարածվում է ծիածանը՝ բազմերանգ կամուրջը, որով աստվածները հանդիսավորությամբ ընթանում են դեպի Վալհալլա։ Ոչ Հռենոսի խաբված դուստրերի աղիողորմ լացը, ոչ էլ Լոգեի թունոտ ծաղրը չեն կարող խախտել Վոթանի հրճվանքը. նա արբեցած է իր ամենակարողությամբ ու իշխանությամբ։
«Հռենոսի ոսկին» հեքիաթային-էպիկական բովանդակությամբ օպերա է՝ դանդաղ զարգացող գործողություններով և մի քանի իրադարձություններով։ Այն կառուցված է առանց ընդմիջման իրար հաջորդող չորս գունեղ տեսարանների համադրությամբ, որոնցից յուրաքանչյուրն ունի իրեն բնորոշ գույնը։ Առաջին տեսարանը ներկայացնում է Հռենոսի դուստրերի համերաշխ աշխարհը։ Նվագախմբային կատարումները պատկերում են գետի հանդիսավոր հոսքը։ Ջրահարսների երգի լուսավոր երաժշտական թեմաներն արտահայտում են խաղաղություն և ուրախ տրամադրություն։ Իսկ նվագախմբի կենտրոնական դրվագը, որ ներկայացնում է արևի ճառագայթների տակ ոսկե գանձի փայլփլելը, աչքի է ընկնում վառ հնչեղությամբ և գույների շքեղությամբ։ Հակադրությունը բերվում է առաջին տեսարանի փոթորկուն և տագնապալից ավարտին։
Երկրորդ տեսարանը բացվում է Վոթանի հանդիսավոր ու վսեմ երգի թեմայով։ Նրան հակադրվում է Ֆրիգգի փոքրիկ քնարական արիոզոն՝ «Ախ, դողում եմ քո հավատարմության վրա»։ Ծանր հնչողությամբ, «տհաճ» ակորդները պատկերում են հսկաներին։ Խիստ ընդգրկուն է կրակի աստված Լոգեի երաժշտական նկարագիրը. բորբոքուն կրակը պատկերող նվագախմբի հնչողությունը վերափոխվում է լիովին հմայիչ ու հիասքանչ «Որտե՞ղ է կյանքը շնչում ու հոսում» երկար խոսքին, իսկ աստվածների հանկարծակիորեն ծերանալու տեսարանն ուղեկցվում է ծաղրալից ակնարկներով։
Մռայլ գույներով է հագեցած՝ նիբելունգների թագավորությունը ներկայացնող երրորդ տեսարանը։ Անդադար հնչում է մետաղը կռելու միալար ռիթմը (Վագները նվագախմբի կազմի մեջ է ընդգրկում 18 զնդան), դանդաղ, ասես մեծ դժվարությամբ, գլուխ է բարձրացնում նիբելունգների քրթմնջոցի ու լացուկոծի թեման։ Նույն ռիթմն ուղեկցում է բողոքող Միմեի կարճ երգը. «Նախկինում մեր կանանց հետ մենք անհոգորեն փայլփլուն բարակ զգեստներ էինք պատրաստում»։ Ալբերիխի գոռոզությունն ու սև զորությունը բացահայտվում են Վոթանի և Լոգեի հետ տեսարանում։
Չորրորդ տեսարանում ևս իշխում է միևնույն տրամադրությունը։ Ողբերգական է նիբելունգների երթի տեսարանը, որոնք շալակած տանում են ոսկե գանձը։ Ալբերիխի մենախոսությունը՝ «Դու ի ծնե նզովյալ ես, անիծյալ լինես, իմ մատանի», օպերայի կուլմինացիոն ավարտն է։ Նրա ահարկու, կոպիտ հնչողությամբ երգի թեման դեռ շատ պիտի հայտնվի «Նիբելունգի մատանին» քառագրության մյուս օպերաների դրամատիկական պահերին։ Տարբեր բնույթի է, խիստ և անկիրք ճակատագրի աստվածուհի Էրդայի մարգարեությունը՝ գալիք դժբախտությունների մասին («Այն ամենը, ինչ անցել-գնացել է, գիտեմ» արիոզոն)։ Օպերան ավարտվում է բնապատկերի տեսարանով. նվագախմբի փոթորկուն նվագի հետ հնչում է ամպրոպի աստծու զորեղ կանչը, որին օժանդակում է տարբեր գործիքների համահունչ նվագը, ապա որոտի երաժշտական արտահայտությանը հաջորդում է լարային նվագարանների ու տավիղների խաղաղ ու զուլալ երաժշտական թեման։
Դերերգ | Ձայնի տեսակ | Կատարողները[2] 1869 թ. սեպտեմբերի 22 (Դիրիժոր՝ Ֆրանց Վյուլներ) |
Ամբողջական շարքի առաջին ներկայացման կատարողները[3] 1876 թ. օգոստոսի 13 (Դիրիժոր՝ Հանս Ռիխթեր) |
---|---|---|---|
Աստվածներ | |||
Վոտան | բաս-բարիտոն | Ավգուստ Կինդերման (August Kindermann) | Ֆրանց Բեց (Franz Betz) |
Լոգե | տենոր | Հենրիխ Վոգլ (Heinrich Vogl) | Հենրիխ Վոգլ (Heinrich Vogl) |
Ֆրիկա | մեցցո-սոպրանո | Սոֆի Ստելե (Sophie Stehle) | Ֆրեդերիկե Գրյուն (Friederike Grün) |
Ֆրեյա | սոպրանո | Հենրիետ Մուլլեր (Henriette Muller) | Մարի Հաուպտ (Marie Haupt) |
Դոներ | բաս-բարիտոն | Կարլ Սամուել Հեյնրիխ (Karl Samuel Heinrich) | Եուգեն Գուրա (Eugen Gura) |
Ֆրոհ | տենոր | Ֆրանց Նախբաուր (Franz Nachbaur) | Գեորգ Ունգեր (Georg Unger) |
Էրդա | կոնտրալտո | Էմմա Սիհոֆեր (Emma Seehofer) | Լուիզ Ժադե (Luise Jaide) |
Նիբելունգներ | |||
Ալբերիխ | բարիտոն | Կառլ Ֆիշեր (Karl Fischer) | Կառլ Հիլլ (Karl Hill) |
Միմե | տենոր | Մաքս Շլյոսսեր (Max Schlosser) | Մաքս Շլյոսսեր (Max Schlosser) |
Հսկաներ | |||
Ֆազոլտ | բաս-բարիտոն կամ բաս | Տոնի Պետցեր (Toni Petzer) | Ալբերտ Էյլերս (Albert Eilers) |
Ֆաֆներ | բաս | Կասպար Բաուսվեյն (Kaspar Bausewein) | Ֆրանց ֆոն Ռեյշենբերգ (Franz von Reichenberg) |
Հռենոսի կույսեր | |||
Վոգլինդե | սոպրանո | Աննա Կաուֆման (Anna Kaufmann) | Լիլի Լեման (Lilli Lehmann) |
Վելգունդե | սոպրանո կամ մեցցո-սոպրանո | Տերեզա Վոգլ (Therese Vogl) | Մարի Լեման (Marie Lehmann) |
Ֆլոսսհիլդե | մեցցո-սոպրանո | Վիլհելմինե Ռիտեր (Wilhelmine Ritter) | Մինա Լամերտ (Minna Lammert) |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.