From Wikipedia, the free encyclopedia
Վայնա Ֆեյ Ռեյ (անգլ.՝ Vina Fay Wray, սեպտեմբերի 15, 1907[1][2][3], Cardston, Ալբերտա, Կանադա - օգոստոսի 8, 2004[1][2][3], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), կանադական ծագմամբ ամերիկացի դերասանուհի, որը հայտնի է դարձել առաջին հերթին 1933 թվականին «Քինգ-Քոնգ» ֆիլմով՝ Էնն Դերոու դերի շնորհիվ։ Իր կարիերայի ընթացքում Ռեյը վեց տասնամյակ ճանաչում է ստացել որպես սարսափ ֆիլմերի դերասանուհի՝ դառնալով առաջին «ճիչերի թագուհիներից» մեկը։
Ֆեյ Ռեյ | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | սեպտեմբերի 15, 1907[1][2][3] |
Ծննդավայր՝ | Cardston, Ալբերտա, Կանադա |
Վախճանի թիվ՝ | օգոստոսի 8, 2004[1][2][3] (96 տարեկան) |
Վախճանի վայր՝ | Նյու Յորք շրջան, Նյու Յորք, ԱՄՆ |
Քաղաքացիություն՝ | Կանադա ԱՄՆ |
Մասնագիտություն՝ | կինոդերասանուհի, դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և սցենարիստ |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0942039 |
Ֆեյ Ռեյը ծնվել է 1907 թվականի սեպտեմբերի 15-ին Կանադայում գտնվող Ալբերտա նահանգի Կարդստոն քաղաքում՝ մորմոնների ընտանիքում։ Նրա մայրը՝ Էլվինա Մարգարետ Ջոնսը, ծնունդով Սոլթ Լեյք Սիթիից էր, իսկ հայրը՝ Ջոզեֆ Հաբեր Ռեյը, Քինգսթոն-ափոն-Հալ քաղաքից էր[4]։ Ռեյը ընտանիքի վեց երեխաներից մեկն էր և մորմոնների պիոներ Դենիել Վեբստեր Ջոնսի թոռնուհին[5]։
1912 թվականին դերասանուհու ընտանիքը տեղափոխվել է Սոլթ Լեյք Սիթի[6], իսկ մի քանի տարի անց՝ Լոս Անջելես։ 1923 թվականին՝ 16 տարեկանում, Ֆեյ Ռեյը առաջին անգամ հայտնվել է կինոէկրաններում՝ համր կարճամետրաժ ֆիլմում։ Դրան հաջորդել են մի շարք փոքր դերեր, մինչև 1925 թվականը դերասանուհին խաղացել է «Առափնյա պարեկ» դրամայի գլխավոր դերում։ Մեկ տարի անց Ռեյն ընդգրկվել է «Wampas Baby Stars»-ի ցուցակում՝ որպես խոստումնալից սկսնակ կինոաստղերից մեկը։ 1926 թվականին «Paramount Pictures» ստուդիան դերասանուհու հետ պայմանագիր է կնքել, որից հետո Էրիխ ֆոն Շտրոհայմը նրան հաստատել է «Հարսանեկան երթ» ռոմանտիկ դրամայի գլխավոր դերում։ 1928 թվականին Ֆեյ Ռեյը ամուսնացել է դրամատուրգ և սցենարիստ Ջոն Մոնկ Սանդերսի հետ, որից 1939 թվականին բաժանվել է։
«Paramount Pictures»-ից հեռանալուց հետո դերասանուհին համագործակցել է տարբեր կինոստուդիաների հետ, սակայն նրա աշխատանքը առավել արդյունավետ է դարձել «RKO Pictures»-ի հետ, որտեղ Ֆեյը հայտնի է դարձել «Ամենավտանգավոր խաղը» (1932), «Վամպիրը չղջիկ է» (1933) և «Մոմե ֆիգուրների թանգարանի գաղտնիքը» (1933) սարսափ ֆիլմերով։ Նրա կարիերայի գագաթնակետը նշանավորվել է 1933 թվականին «Քինգ-Քոնգ» ֆիլմում խաղացած Էնն Դերոուի դերակատարմամբ (որը նա համարյա «տանուլ է տվել» մեկ այլ հայտնի դերասանուհի Ջին Հարլոուին[7]) որը նրան զանգվածային կինոյի պատմության մեջ դարձրել է պաշտամունքային կերպարներից մեկը՝ «Քոնգի աղջիկը»։
Հետագայում Ֆեյ Ռեյը դերեր է ստացել հիմնականում ցածր բյուջետային բեմադրություններում։ 1942 թվականին նա դադարել է նկարահանվել՝ ամուսնանալով սցենարիստ Ռոբերտ Ռիսկինի հետ[8]։ 1955 թվականին՝ Ռիսկինի մահից հետո, նա որոշ ժամանակով վերադարձել է կինո, սակայն 1958 թվականին վերջնականապես բաժանվել է կինոկարիերայից։ Դերասանուհին գրել է մի քանի պիեսներ, որոնք հաջողություն չեն ունեցել, ինչպես նաև ինքնակենսագրություն՝ «Մյուս կողմից» (1989)։
1996 թվականին Ջեյմս Քեմերոնը դերասանուհուն առաջարկել է «Տիտանիկ» աղետ-ֆիլմում խաղալ ծերացած Ռոզայի դերը, սակայն նա մերժել էր այդ առաջարկը։ 2004 թվականին ռեժիսոր Փիթեր Ջեքսոնը Ֆեյ Ռեյին փոքրիկ դեր է առաջարկել նոր «Քինգ-Քոնգ» ֆիլմում, որտեղ նա պետք է արտասաներ եզրափակիչ ռեպլիկան։ Սկզբում նա հրաժարվել է։ Չնայած դրան, Ջեքսոնը հույս է ունեցել հասնել նրա համաձայնության, սակայն նույն թվականի օգոստոսի 8-ին՝ 96 տարեկանում, Ֆեյ Ռեյը մահացել է Մանհեթենի իր բնակարանում[9]։
Նրա մահից երկու օր անց, ի հիշատակ դերասանուհու, Էմփայր Սթեյթ Բիլդինգի բոլոր լույսերը մարվել են 15 րոպեով[10]։ Դերասանուհուն հուղարկավորել են Հոլիվուդում՝ «Hollywood Forever» գերեզմանատանը։ Ամերիկյան կինոարտադրության մեջ ունեցած ավանդի համար Ֆեյ Ռեյը հոլիվուդյան փառքի ծառուղում պարգևատրվել է աստղով։
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակի անվանումը | Դեր |
---|---|---|---|
1925 | «Բեն-Հուր. Քրիստոսի պատմությունը» | Ben-Hur | ստրուկ |
1926 | «Մարդը թամբի մեջ» | The Man in the Saddle | Պոլին Ստյուարտ |
1928 | «Հարսանեկան երթ» | The Wedding March | Միտզերլ Շրամել |
1928 | «Մեղքի փողոց» | Street of Sin | Էլիզաբետ |
1928 | «Առաջին համբույրը» | The First Kiss | Աննա Լի |
1929 | «Չորս գրիչներ» | The Four Feathers | Էտնա Յուստաս |
1931 | «Գողացված զարդեր» | The Stolen Jools | ինքն իր դերում |
1932 | «Ամենավտանգավոր խաղը» | The Most Dangerous Game | Իվ |
1932 | «Բժիշկ X» | Doctor X | Ջոան Քսավիեր |
1933 | «Քինգ-Քոնգ» | King Kong | Էնն Դարոու |
1933 | «Վամպիր-չղջիկ» | The Vampire Bat | Ռութ Բերտին |
1933 | «Մոմե քանդակների թանգարանի գաղտնիքը» | The Mystery of the Wax Museum | Շարլոտ Դունկան |
1934 | «Վիվա, Վիլյա՜» | Viva Villa! | Թերեզա |
1934 | «Չելինիի Վեպերը» | The Affairs of Cellini | Անժելա |
1955 | «Սարդոստայն» | The Cobweb | Էդնա Դեվենալ |
1955 | «Մեղուների թագուհին» | Queen Bee | Սյու Մակինոն |
1957 | «Կրքի հանցագործություն» | Crime of Passion | Ալիս Պոուպ |
1957 | «Թեմին և ամուրին» | Tammy and the Bachelor | տիկին Բրենտ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.