Ֆաթիհի օրենք
From Wikipedia, the free encyclopedia
Ֆաթիհի օրենք (կամ եղբայրասպանության օրենք)՝ Մեհմեդ Ֆաթիհի Կանուն–նամեի (օրենքների ժողովածու) դրույթներից մեկի՝ ավելի ուշ ստացած անվանումը։ Այն թույլ էր տալիս Օսմանյան գահի այն ժառանգին, ով դառնում էր սուլթան, սպանել մյուսներին՝ հանուն հանրային բարիքի (Nizam-I Alem)՝ պատերազմները և խառնաշփոթը կանխելու համար։
Այս օրենքի գոյությունը ոչ բոլորի կողմից ճանաչվեց. տարածված է այն տեսակետը, որ Մեհմեդը չէր կարող օրինականացնել անմեղների սպանությունը։ Կասկածողները կարծում էին, որ այդ օրենքը հորինել են եվրոպացիները և այն կեղծ վերագրել Ֆաթիհին։ Թուրք գիտնականներն ապացուցել են, որ դա այդպես չէ։
Նման դրույթի լեգիտիմության (շարիաթի նորմերին համապատասխանության), ինչպես նաև Օսմանյան կայսրության պատմության վրա այդ օրենքի ազդեցության գնահատականը միանշանակ չէ։ Սխալ կարծիք էր ձևավորվել, թե շարիաթի օրենքները չեն կարող հավանություն տալ անմեղ մարդու սպանությանը։
Օրենքի դերը դրական գնահատող գիտնականները նշել են, որ օրենքի կիրառման դեպքում անհրաժեշտ է եղել նաև բարձրաստիճան մուֆթիի ֆետվան (այսինքն՝ ամեն անգամ դրա կիրառման նպատակահարմարությունը քննարկվել է), և որ երկիրը խուսափել է ժառանգության համար բազմաթիվ եղբայրասպան պատերազմներից։ Նրանք ուշադրություն են հրավիրել այն հանգամանքի վրա, որ այդ օրենքը թույլ է տվել պահպանել կայսրության ամբողջականությունը, ի տարբերություն այլ թյուրքական պետությունների, որոնցից յուրաքանչյուրը մասնատված է եղել իշխող դինաստիայի բոլոր անդամների միջև։ Օրենքի դերը բացասական գնահատող գիտնականները կարծում էին, որ օրենքը սուլթանների որդիների միջև պատերազմներ ու ընդվզումներ է հրահրել դեռևս հայրերի կենդանության օրոք։