Քվադ սիթիզ
From Wikipedia, the free encyclopedia
Քվադ սիթիզ (անգլ.՝ Quad Cities, թարգմանաբար նշանակում է «Չորս քաղաք»), քաղաքային ագլոմերացիա ԱՄՆ-ում՝ Այովա և Իլինոյս նահանգների սահմանակցման վայրում, Միսիսիպի գետի զույգ ափերին։ Սկզբնական շրջանում ագլոմերացիայի հիմնական բնակավայրերն են համարվել Դավենպորտ, Ռոք Այլենդ ու Մոլին քաղաքները, և ագլոմերացիան կոչվել է «Երեք քաղաք» (անգլ.՝ Tri-Cities), հետագայում՝ 1930-ական թվականներին Իլինոյս նահանգի Իստ Մոլին քաղաքի կտրուկ աճի հետ կապված՝ հաստատվել է բնակավայրի ներկայիս անվանումը[1][2][3][4]։ Ավելի ուշ ագլոմերացիայի առավել խոշոր բնակավայրերին միացել է Այովա նահանգի Բետենդորֆ քաղաքը, և այդ կապակցությամբ առաջարկվել է բնակավայրը վերանվանել «Հինգ քաղաք» (անգլ.՝ Quint Cities), սակայն առաջարկությունը չի ընդունվել։
2013 թվականին Քվադ Սիթիզ մետրոպոլիսային տարածքում ապրում էր շուրջ 383.800, իսկ համակցված վիճակագրական տարածքում՝ 475 հազար մարդ, և բնակչության թվաքանակի ցուցանիշով ԱՄՆ-ում այն զբաղեցնում էր 90-րդ տեղը[5][6][7]։
Ագլոմերացիան ունի իր միջազգային օդանավակայանը (Quad City International Airport): 1916 թվականից մինչև օրս բնակավայրում գործում է Չորս քաղաքի սիմֆոնիկ նվագախումբը։