From Wikipedia, the free encyclopedia
Քննադատական մտածողություն (անգլ.՝ critical thinking), ապացուցումների համակարգ, որը կիրառվում է իրերի և իրադարձությունների վերլուծության համար՝ տալով հիմնավորված եզրակացություններ, և ստեղծում է հիմնավորված գնահատականներ, մեկնաբանություններ տալու հնարավորություն, ինչպես նաև իրավիճակին և խնդրին համապատասխան ճշգրտորեն կիրառել ստացված արդյունքները[1]։
Քննադատական մտածողությունը մտածողության այն տեսակն է, երբ մարդը հարցականի տակ է դնում ստացվող տեղեկույթի հավաստիությունը, սեփական հավատալիքներն ու համոզմունքները[2]։
Կա կարծիք, որ անցումը քննադատական մտածողությանը նոր քաղաքակրթության զարգացման անհրաժեշտ և կարևոր նախապայմանն է։
Քննադատական մտածողության ամենավաղ դիտարկումները հանդիպում են Սոկրատեսի ուսմունքներում, որոնք արձանագրվել են Պլատոնի կողմից։ Նա կարևորում էր խորը հարցադրումների կատարումը, որոնք հետազոտողը պետք է իրականացնի՝ նախքան վերջնական եզրահանգումները։
Սոկրատեսը պնդում էր, որ անձը կարող է ունենալ բարձր դիրք, իշխանություն, բայց և ունենալ խորապես սխալ, ոչ ռացիոնալ մտածողություն։ Սոկրատեսը շեշտում էր ապացույցներ փնտրելու, հիմնավոր պատճառաբանություններ և ենթադրություններ կատարելու, հիմնական հասկացությունները վերլուծելու գործընթացի կարևորությունը։
Նեղ իմաստով քննադատական մտածողություն նշանակում է պնդումների մտածված գնահատում։ Ինչպես նաև մեկնաբանվում է որպես «մտածողություն մտածողության մասին»[3]։ Ամենատարածված մեկնաբանություններից մեկն է՝ խելամիտ անդրադարձ (ռեֆլեքսիվ) մտածողություն, որն ուղղված է որոշում կայացնելու, թե ինչին է պետք հավատալ և ինչ է պետք անել[4]։ Առավել մանրամասն սահմանումն է՝ կիրառելիության, համադրման և տեղեկույթի գնահատման ակտիվ և հմուտ վերլուծության գործընթաց, հայեցակարգային ձևակերպում, որը ստացվում է ուսումնասիրություններով, փորձով, դատողություններով, հաղորդակցություններով[5]։
Լրացուցիչ մեկնաբանություն տալու նպատակով Ռիչարդ Պոլը (1995) առաջարկեց քննադատական մտածողությունը բաժանել երկու տիպի՝ թույլ և ուժեղ։ Թույլ իմաստով քննադատական մտածողությունը սահմանվում է որպես բարձր որակավորում ունեցող, բայց եսասիրությամբ մոտիվացված կեղծ-մտավորականի մտածողություն, ով զբաղված է իր բարեկեցության խնդիրներով և լրջորեն չի մտածում իր գործողությունների էթիկական հետևանքների մասին։ Նման մտածողության կրողը հաճախ ունի բարձր կրթություն, սակայն օգտագործում է իր գիտելիքները անարդար և եսասիրական նպատակներով[6]։ Քննադատական մտածողությունն ուժեղ իմաստով՝ առանց եսակենտրոն մոտիվացիաների և սոցիալական ուղղվածության շեղման, օբյեկտիվ ուսումնասիրության նպատակով արված դատողություններն են։ Այս իմաստով քննադատական մտածողությունը անկեղծորեն միտված է ճշմարտությանը հասնելու ճանապարհին խոչընդոտները հաղթահարելուն[6]։
Հոգեբան Դ. Ֆ. Հալփերնը (անգլ.՝ Diane F. Halpern) դիտարկում է քննադատական մտածողությունն իբրև ճանաչողության այնպիսի մեթոդների կիրառություն, որոնք տարբերվում են վերահսկողականությամբ, հիմնավորվածութամբ և նպատակասլացությամբ, մեծացնում են ակնկկալվող վեջնարդյունքի ստացման հավանականությունը։ Այս մեթոդները կիրառվում են առաջադրանքների, խնդիրների կատարման, հետևությունների ձևակերպման,հավանականությունների գնահատման և որոշումների ընդունման ընթացքում և պահանջում են այնպիսի հմտություններ, որոնք հիմնավորված և արդյունավետ են տվյալ իրավիճակի և առաջադրանքների տվյալ խմբի համար[7]։ Նա լրացուցիչ նշում է, որ քննադատական մտածողությանը բնորոշ են տրամաբանական մտահանգումները, փոխկապակցված տրամաբանական մոդելների ստեղծումը և հիմնավորված որոշումների ընդունումը, որոնք հաստատում, չեղարկում կամ էլ ժամանակավորապես բացառում են որևէ դատողութուն։ Բոլոր այս հասկացությունները ենթադրում են մտավոր գործունեություն, որը պետք է ուղղված լինի որևէ կոնկրետ կոգնիտիվ հոգեբանական առաջադրանքի կատարմանը[7]։
Քննադատական մտածողության համար անհրաժեշտ են գնահատելու, մեկնաբանություն, վերլուծություն, հետևություններ և եզրահանգումներ կատարելու կարողություններ ու հմտություններ, դիտողականություն։ Այն կիրառում է տրամաբանությունը, ինչպես նաև հենվում է մետագիտելիքի և այնպիսի խորը ինտելեկտուալ ունակությունների վրա, ինչպիսիք են հստակությունը, ճշմարտացիությունը, արդարությունը, բովանդակությունը, լայն մտահորիզոնը[7]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.