From Wikipedia, the free encyclopedia
Փարվին Էթեսամի (պարս.՝ پروین اعتصامی, մարտի 16, 1907[1], Թավրիզ, Իրան - ապրիլի 5, 1941[1], Թեհրան, Իրան), իրանցի բանաստեղծուհի[2][3]։
Փարվին Էթեսամի | |
---|---|
Ծնվել է | մարտի 16, 1907[1] |
Ծննդավայր | Թավրիզ, Իրան |
Վախճանվել է | ապրիլի 5, 1941[1] (34 տարեկան) |
Վախճանի վայր | Թեհրան, Իրան |
Մասնագիտություն | բանաստեղծուհի, գրականագետ, գրադարանավար և գրող |
Քաղաքացիություն | Իրան |
Կրթություն | Iran Bethel School? |
Parvin E'tesami Վիքիպահեստում |
Փարվին Էթեսամին ծնվել է 1907 թվականին Թավրիզում։ Նրա հայրը՝ լրագրող և գրող Միրզա Յուսուֆ Էթեսամին, եղել է Միրզա Իբրահիմ-խանի որդին։ Փարվինը ուներ չորս եղբայր։ Նրա մայրը մահացել է 1973 թվականին։ Մանկության տարիներին Փարվինը Էթեսամի ընտանիքի հետ տեղափոխվում է Թեհրան, որտեղ դպրոցական ուսմանը զուգահեռ հորից սովորել է արաբերեն և դասական պարսկական գրականություն։ 1924 թվականին ավարտում է դպրոցը, այնուհետև՝ Թեհրանի աղջիկների ամերիկյան դպրոցը և կանանց ամերիկյան բարձրագույն դպրոցը։ Հետագայում նա որոշ ժամանակ դասավանդում է նույն դպրոցում։ Հոր հետ շատ է ճամփորդել։ 1934 թվականին ամուսնանում է հոր զարմիկի հետ և տեղափոխվում Քերմանշահ քաղաք, սակայն այդ ամուսնությունը տևում է ընդամենը տասը շաբաթ, և նա նորից վերադառնում է Թեհրան։ 1938-1939 թվականներին Փարվին Էթեսամին մի քանի ամիս աշխատում է Թեհրանի մանկավարժական համալսարանի («Դանեշ-սարա-յե ալի», այժմ՝ Խորեզմի համալսարան) գրադարանում։ Փարվինի հայրը մահացել է 1938 թվականին, իսկ ինքը՝ Փարվինը, մահացել է երեք տարի անց և թաղված է հոր կողքին Ղոմ քաղաքում։ Նրա մահը ցնցեց ամբողջը երկիրը, և նրա մասին գրվեցին շատ եղերերգեր[2]։
Փարվինի մոտ դեռևս յոթ կամ ութ տարեկանում ի հայտ են գալիս բանաստեղծական ընդունակություններ․ հայրը պաշտպանում և քաջալերում էր նրան։ Հոր ղեկավարությամբ Փարվինը ուսումնասիրում է պարսկական և արաբական լեզվով դասական գրական ժառանգությունը։ 1921-1922 թվականներին պարսկական «Բահար» (Գարուն) ամսագրում լույս են տեսնում նրա վաղ շրջանի մի քանի բանաստեղծություններ։ 156 բանաստեղծություններից բաղկացած նրա առաջին գիրքը հրատարակվել է 1935 թվականին։ Նշանավոր բանաստեղծ և գիտնական Մոհամմադ-Թաղի Բահարը գրել է այդ գրքի նախաբանը։ Նրա ստեղծագործությունների երկրորդ հրատարակությունը իր եղբայր՝ Աբուլ-Ֆաթհ Էթեսամիի խմբագրությամբ, լույս է տեսել նրա մահից հետո, 1941 թվականին։ Այն բաղկացած էր 209 տարբեր ոճի և ձևի ստեղծագործություններից՝ կասիդաներ, գազելներ և այլն։ Իր կարճ կյանքի ընթացքում Փարվինը մեծ ճանաչում ունեցավ իրանցիների շրջանում։ Փարվինի պոեզիան իր ձևով և բովանդակությամբ շարունակում էր պարսկական դասական գրականության ավանդույթները։ Նա անտեսում էր, իրանական պոեզիայում մոդեռնիստական միտումները, կամ նույնիսկ տեղյակ չէր դրանցից։ Պրոֆեսոր Հեշմատ Մոայադ նրա «Սաֆար-ե աշկ» (Արցունքի ճանապարհորդություն) համարում է պարսկերենով երբևէ գրված քնարերգության լավագույն օրինակներից մեկը[2]։
Վիճաբանության կամ երկխոսության (պարսկերեն՝ մոնազարա) ժանրի բանաստեղծությունները կազմում են Էթեսամիի գործերի մեծ մասը։ Իր գործերում քննադատում է սոցիալական անարդարությունը և մարդկանց բարոյական թերացումները։ Նրա բանաստեղծություններում նկատվում է Ունսուրիի, Անվարիի, Նիզամիի, Ռումիի, և Սաադիի ազդեցությունը։ Ներշնչվել է նաև Եզոպոսի և Լաֆոնտենի առակներից[2]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.