Տուլեի ծառ
From Wikipedia, the free encyclopedia
Տուլեի ծառ (իսպ.՝ Árbol del Tule, науат. ahuehuete — «ջրից ելած ծերունի»), մեքսիկական տոքսոդիում (Taxodium huegelii, syn. Taxodium mucronatum) տեսակի ծառ, որն աճում է Մեքսիկայի Օահակա նահանգի Սանտա Մարիա դել Տուլե (Santa María del Tule) քաղաքի եկեղեցուն առընթեր հրապարակում։ 2001 թվականին հռչակվել է որպես աշխարհի ամենահաստաբուն ծառ[1]. Հենց այդ տարում էլ ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում[2] (2013 թվականին հանվել է այդ ցանկից)։
2005 թվականին նրա բունը ըստ չափումների ունեցել է շուրջ 36,2 մետր (119 ոտնաչափ) շրջագիծ և 11,62 մետր(38,1 ոտնաչափ) տրամագիծ[3] (1982 թվականին իրականացված չափումների համեմատ որոշ աճ է գրանցվել)։ Ծառի բարձրությունը ընդունված է համարել 35,4 մետր (116 ոտնաչափ)[4]։
Սկզբնապես ենթադրվել է, որ ծառի հաստ բունը ձևավորվել է միահյուսված մի քանի ծառերի բներից, սակայն ԴՆԹ թեստերի արդյունքները հանգեցրել են այն համոզման, որ դա մեկ ծառ է[5]։ Այդուհանդերձ՝ մի քանի ծառաբների միաձուլման վարկածը լիովին չի բացառվել[6]։ Ծառի տարիքը, ըստ տարբեր գնահատումների, 1200-ից 3000 տարի է, իսկ վարկածներից մեկի համաձայն՝ մոտավորապես 6000 տարի[7]։ Առավել հաճախ հիշատակվում է 1433—ից 1600-ի միջակայքը[8]։ Սապոտեկյան մի ավանդազրույցի համաձայն՝ այդ ծառը մոտավորապես 1400 տարի առաջ տնկել է քամու դիցի քուրմ Էխեկատլը։ 1990 թվականին վարկած է առաջ քաշվել, որ ծառն աստիճանաբար մեռնում է ջրի պակասի, շրջակա միջավայրի աղտոտվածության պատճառով[9]։
Մեքսիկայի կառավարությունը Տուլեի ծառը հռչակել է բնության հուշարձան։