![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/43/Blue_circle_for_diabetes.svg/langhy-640px-Blue_circle_for_diabetes.svg.png&w=640&q=50)
Տիպ 2 շաքարային դիաբետ
From Wikipedia, the free encyclopedia
2-րդ տիպի շաքարային դիաբետ (նախկինում՝ ոչ ինսուլինակախյալ շաքարային դիաբետ, մեծահասակների շաքարախտ), նյութափոխանակության խանգարմամբ պայմանավորված հիվանդություն, որը բնութագրվում է գերշաքարարյունությամբ, ինսուլինի նկատմամբ զգայնության թուլացմամբ[2]։ Այս հիվանդության և 1-ին տիպի շաքարային դիաբետի միջև եղած ամենահիմնական տարբերությունն այն է, որ վերջինի դեպքում գերշաքարարյունությունն առաջանում է ինսուլինի բացարձակ քանակի նվազման հետևանքով[2][3]։
Տիպ 2 շաքարային դիաբետ Diabetes mellitus type 2 | |
---|---|
![]() Շաքարային դիաբետի նշան[1] | |
Տեսակ | հիվանդության կարգ |
Հիվանդության ախտանշաններ | շատամիզություն, պոլիդիպսիա և պոլիֆագիա |
Բժշկական մասնագիտություն | ընտանեկան բժշկություն և էնդոկրինոլոգիա |
ՀՄԴ-9 | 250.00, 250.02 |
ՀՄԴ-10 | E11 |
![]() |
Հիվանդության հիմնական ախտանշաններն են անհագ ծարավը (պոլիդիպսիա), հաճախամիզությունը (պոլիուրիա), շատակերությունը (պոլիֆագիա)։ 2-րդ տիպի շաքարային դիաբետը կազմում է շաքարային դիաբետի ընդհանուր դեպքերի շուրջ 90%-ը։ Մարմնի ավելորդ քաշը (գիրություն) 2-րդ տիպի շաքարային դիաբետի առաջացման հիմնական պատճառն է այն մարդկանց մոտ (բացառությամբ՝ արևելյան ասիացիների), որոնք գենետիկորեն հակում ունեն այս հիվանդության առաջացման նկատմամբ։
2-րդ տիպի շաքարային դիաբետի բուժումը հիմնականում ներառում է ֆիզիկական վարժություններ և սննդային դիետա։ Արյան գլյուկոզի մակարդակի նվազման համար օգտագործում են դեղամիջոցներ (մեթֆորմին, ինսուլին)։
Սկսած 1960-ական թվականներից 2-րդ տիպի շաքարային դիաբետ հիվանդության դեպքերը զուգահեռ աճել են մարդկանց ճարպակալմանը զուգընթաց։ 2010 թվականին արձանագրվել է մոտավորապես 285 միլիոն հիվանդ, մինչդեռ 1985 թվականին՝ ընդամենը 30 միլիոն[4][5]։
2-րդ տիպի շաքարային դիաբետը քրոնիկական ընթացքով հիվանդություն է, որի առկայության դեպքում կյանքի սպասվող տևողությունը նվազում է 10 տարով[4]։ Արյան մեջ գլյուկոզի բարձր քանակը կարող է զուգակցվել սիրտ-անոթային հիվանդությունների, ինֆարկտի, շաքարախտային ռետինոպաթիայի, երիկամային անբավարարության։ Վերջինիս հետևանքով հաճախ դիմում են դիալիզի և ծայրամասերի անդամահատման՝ մարմնի ծայրամասերում վատ արյունամատակարարման պատճառով։ Կետոացիդոզը, որը բնորոշ է 1-ին տիպի շաքարային դիաբետին, այս հիվանդությանն այնքան էլ բնորոշ չէ[6], այնուամենայնիվ, այս հիվանդության ժամանակ գերօսմոսային գերշաքարային կոման նույնպես կարող է առաջանալ։
Ամեն տարի նոյեմբերի 14-ը նշվում է որպես շաքարային դիաբետի համաշխարհային օր։