From Wikipedia, the free encyclopedia
Քերոլայն Լուիզ Դադլի (հունիսի 10, 1857, Լեքսինգտոն, Կենտուկի, ԱՄՆ - նոյեմբերի 13, 1937, Սանտա Մոնիկա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), թատրոնի և համր կինոյի ամերիկացի դերասանուհի, որը Բրոդվեյում հռչակ է ձեռք բերել իմպրեսարիո Դեյվիդ Բելասկոյի հետ համագործակցության շնորհիվ։ Զարմանալիորեն գեղեցիկ ու կենսուրախ դերասանուհին հայտնի էր «ամերիկյան Սառա Բեռնար» անունով, և, չնայած իր աղմկահարույց ամուսնալուծությանը, շարունակում էր հանդես գալ ամուսնական տիկին Լեսլի Քարթեր անվամբ։
Տիկին Լեսլի Քարթեր | |
---|---|
Ծնվել է | հունիսի 10, 1857 |
Ծննդավայր | Լեքսինգտոն, Կենտուկի, ԱՄՆ |
Մահացել է | նոյեմբերի 13, 1937 (80 տարեկան) |
Մահվան վայր | Սանտա Մոնիկա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Գերեզման | Woodland Cemetery and Arboretum |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մայրենի լեզու | անգլերեն |
Մասնագիտություն | դերասանուհի, թատրոնի դերասանուհի և սցենարիստ |
Ամուսին | Լուիս Փեյն և Leslie Carter? |
Երեխաներ | Leslie Dudley Carter? |
Mrs. Leslie Carter Վիքիպահեստում |
Քերոլայն Դադլին ծնվել է Կենտուկի նահանգի Լեքսինգթոն քաղաքում, հավանաբար 1857 թվականին[1]։ Հայրը՝ Օրսոն Դադլին, մեծածախ առևտրով զբաղվող վաճառական էր, որը դստերն ապահովել էր այն բոլոր առավելություններով, ինչին կարելի էր գումարի միջոցով հասնել։ Մայրը Քեթրին Դադլին էր։ Մանկության մեծ մասն անցկացրել է Օհայո նահանգի Դեյթոն քաղաքում։ Բեմի նկատմամբ ձգտում ունեցել է մանկուց, սակայն ընտանեկան հանգամանքների բերումով երբեք հրապարակավ հանդես չի եկել, անգամ փոքրիկ միջոցառումներում։
1880 թվականին ամուսնացել է Չիկագոցի միլիոնատեր փաստաբան Լեսլի Քարթերի հետ և դեռ այդ ժամանակ համարվել հայտնի գեղեցկուհի։ Ունեցել է մեկ երեխա՝ Դադլի Քարթեր անունով որդի։ 1887 թվականին դիմել է դատարան ամուսնալուծության համար՝ ֆիզիկական ոտնձգությունների և լքվածության հիմքերով, բայց 1889 թվականին որպես պատասխանող կողմ դերասան Քիրլ Բելյուին ներգրավելուց հետո նրա ամուսինն է հասել ամուսնալուծության։ Որդին որոշել է ապրել մոր հետ, որի արդյունքում զրկվել է հոր կտակում հայտնվելուց։ Դատավարության ընթացքը մամուլին արգելվել է լուսաբանել, բայց հայցադիմումն ու դրա հետևանքը որպես սկանդալներ ներկայացվել են առաջին էջերում։
Իմպրեսարիո Դեյվիդ Բելասկոյի հետ իր կապի շնորհիվ արժանացել է ակնթարթային թատերական համբավի։ Դերասանական առաջին հաջողությունը «Մերիլենդի սիրտը» (1895 թ.) ներկայացման գլխավոր հերոսուհու դերակատարումն էր, որին հաջորդել են ավելի սենսացիոն «Զազա»-ն (1898) և «Մադամ Դյու Բարրի»-ն (1901)։
Քարթերը դարձել է իր սերնդի ամենամեծ դրամատիկ դերասանուհին։ 1906 թվականին Բելասկոյի հետ կապերը խզելուց հետո թողել է Բրոդվեյը և զբաղվել վոդևիլով։ 1906 թվականի հուլիսին ամուսնացել է դերասան (Ուիլյամ) Լուիս Փեյնի հետ (1875 - օգոստոսի 17, 1955), որի հետ հաճախ հանդես էր գալիս բեմում և որը հետագայում ղեկավարում էր իր գործերը։ Նրանք որդեգրել են Մերի Քարթեր Փեյն անունով աղջկա։
1915 թվականին պրոդյուսեր Ջորջ Քլեյնը վարձել է դրասանուհուն Մադամ Դյու Բարրիի կերպարը կինոնկարում մարմնավորելու համար։ Դերասանուհին, որն արդեն 50 տարեկան էր և չափազանց ծեր այդ դերի համար, նկարահանվել է նաև իրեն առաջին հաջողությունը բերած պիեսի էկրանավորման մեջ, սակայն կինոնկարներից ոչ մեկը հաջողություն չի ունեցել։
Քարթերի կարիերան փլուզվել է 1926 թվականին, երբ նրան աշխատանքից հեռացրել են «Շանհայի ժեստ» պիեսի փորձերի ժամանակ, որում կատարում էր Մայր Գոդդամի դերը։ Սակայն քանի որ մասնաբաժին է ունեցել ներկայացման մեջ, ստացել է հոնարարների կեսը։
Բեմից հեռանալուց հետո մեկնել է Կալիֆոռնիա։
Մահացել է սրտի հիվանդությունից 1937 թվականին, Կալիֆոռնիայի Սանտա Մոնիկա քաղաքում։ Հուղարկավորվել է Օհայո նահանգի Դեյթոն քաղաքի Վուդլանդ գերեզմանատան իրենց ընտանեկան հատվածում երկրորդ ամուսնու, որդու՝ Դադլիի և ընտանիքի մի քանի այլ անդամների մոտ։
Քարթերի կարիերան արտացոլված է «Կարմրամազ լեդին» (1940) կինոնկարում, որտեղ գլխավոր դերը կատարում է Միրիամ Հոփկինսը։ Ֆիլմի տեխնիկական խորհրդատուն իր երկրորդ ամուսինն էր՝ Լուիս Փեյնը, որը վախճանվել է 1955 թվականին։
Ըստ երևույթին, իր մահից հետո նա մնացել է «Theater Republic» թատրոնի տարածքում, որտեղ սկսել էր իր գործունեությունը։ «New Victory Theater» թատրոնի աշխատակիցները պնդում են, որ երբ ետնաբեմում խնդիրներ են առաջանում, իրենց այցելում է տիկին Լեսլի Քարթերի ուրվականը[2]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.