Տիգրան Մեծի դրամներ
From Wikipedia, the free encyclopedia
Տիգրան Մեծի դրամներ, Տիգրան Մեծի կողմից հատված դրամներ, որոնց դիմային կողմում պատկերված է Տիգրան Մեծի դիմապատկերը։
Տիգրան Մեծի իշխանության տարիներին ընդլայնվում է հայկական դրամների շրջանառության ոլորտը։ Նրանք ընդունվում են ոչ միայն ներքին, այլ նաև արտաքին առևտրի միջազգային գործարքներում։ Դրանք թողարկվում էին ինչպես Հայաստանում, այնպես էլ Տիգրանի հզորության տարիներին, Ասորիքում։ Հայաստանում նրա փողերանոցները գործում էին Տիգրանակերտում և Արտաշատում, իսկ Ասորիքում՝ վաճառաշահ Անտիոքում (Օրոնտ գետի վրա) և ավելի հարավ՝ Դամասկոսում։ Իրենց կշռային չափերով, Տիգրան Մեծի դրամները հարազատորեն պահպանում էին ատտիկյան սիստեմի սկզբունքները։ Տարածված էին առավելապես նրա արծաթյա դրախմանոցները (մեկդրամյան) և տետրադրախմանոցները (չորեքդրամյան), իսկ ներքին մանր առ ու ծախի համար՝ պղնձյա մեկ, կես և քառորդ միավորները։