From Wikipedia, the free encyclopedia
Տավիղ, հնագույն ծագումով կսմիթավոր նվագարան։ Ժամանակակից տավիղն ունի ձայնադարձիչով շրջանակի վրա ուղղաձիգ 46 լար (լարվածքը՝ դիատոնիկ, դո-բեմոլ մաժորում)։ Քրոմատիկ հնչյուններ արտաբերելու այլ տոնայնություններում վերալարելու համար կա կրկնակի գործողության ոտնակային մեխանիզմ, որը կարճում է լարերը, բարձրացնում նրանց հնչողությունը կես կամ մեկ տոն (գյուտը 19-րդ դարի սկզբին կատարել է ֆրանսիացի երաժիշտ վարպետ էրարը)։ Տավիղը նվագախմբային, անսամբլային և մենակատար նվագարան է։ Այն օգտագործվել է կենցաղում, հարսանիքների և հուղարկավորությունների ժամանակ։ Վաղ միջնադարյան հայկական նվագարանների մասին մեզ պատկերացումներ է «Աստվածաշնչի» հայերեն թարգմանությունը, որի թարգմանության հեղինակաները ազատ օգտագործում են լայն շրջաններում հայտնի բազմաթիվ նվագարանների կողքին նաև «тавих» (տավիղ) նվագարանի անունը (Թահմիզյան Ն․, «Երաժշտության տեսությունը հին Հայաստանում», Երևան, Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն, 1997թ․, էջ 41)։
Տավիղ | |
---|---|
Տեսակ | երաժշտական գործիքների դաս |
Որակավորում | Աղելարային կսմիթային նվագարան, composite chordophone?[1], արտեֆակտ և երաժշտական գործիք |
Հորնբոսթել-Զաքսի հանմակարգ | 322[1] |
Հայ ժողովուրդը ունեցել է տավիղ նվագարանը դեռ շատ վաղ ժամանակներից։ Սա խոսում է այն մասին, որ հայերս սիրել ենք տավիղը և այն գործածել կենցաղում, հարսանիքների և հուղարկավորությունների ժամանակ։
Ըստ ԵՊԿ պրոֆեսոր, միջնադարագետ, արվեստագիտության դոկտոր Ն․ Թահմիզյանի՝ շատ երաժշտական նվագարաններ պահպանել են իրենց հեթանոսական շրջանի ձևն ու տեսքը։ Այդ թվում և տավիղը, որի վրա նվագել են ոչ միայն արարողությունների ժամանակ, այլև մենակատար մեղեդիներ են կատարվել, ինչպես նաև նվագակցել են ձայնին։
Վաղ միջնադարյան հայկական նվագարանների մասին մեզ պատկերացումներ է տալիս «Աստվածաշնչի» հայերեն թարգմանությունը, որի թարգմանության հեղինակաները ազատ օգտագործում են լայն շրջաններում հայտնի բազմաթիվ նվագարանների կողքին նաև տավիղ նվագարանի անունը[2]։
Տավիղ նվագարանի լատիներեն անունը «harp» է, որն ունի գերմանական ծագում, իսկ հայերեն համանունը՝ տավիղ, ունի երկար պատմություն։ Տավիղ բառը ստուգաբանորեն առաջացել է պահլավերեն tabila բառից[3]։
Հայերենը նաև առանձնացրել է բայ՝ տաւղել՝ տավիղ նվագել[4]։ Բառարանները փաստում են, որ բառը երկիմաստ է, իր երկրորդ իմաստով այն նշանակում է եռանկյունի շրջանակի ձև ունեցող լարավոր երաժշտական գործիք, ինչն էլ համապատասխանում է Ծննդոց 4:21-ի երաժշտական գործիքի նկարագրությանը։ Նշված է․ «Եւ նորա եղբօր անունը Յոբալ էր, որ բոլոր տավղահարների եւ սրնգահարների հայրն եղաւ»։
Նվագարանի բառային այլ գործածություններ արդեն հայտնի են 10-րդ դարի միջնադարյան հայ գրող, հայ գրականության վերածնունդի հիմնադիր, տիեզերական վարդապես Գրիգոր Նարեկացու տաղերից մեկում՝ «Տաղ վարդավառի»․
Քրքում վակասիր պտուղն
սնանէր խուռն տերևով.
Տերևն տաւիղ տուողին
զոր երգէր Դաւիթ հրաշալին։
Տավղի՝ հայկական գործածության մասին վկայում են այժմ Էրեբունի թանգարանում պահվող «Խնջույքի տեսարանով եղջերագավաթը» (նկ․ 1): Գավաթը հայտնաբերել են 1968 թվականի գարնանը Էրեբունի ամրոցի մոտ գտնվող Նոր Արեշ թաղամասում շինարարական աշխատանքների ժամանակ հողում թաղված մեծ անոթի մեջ։ Հորթագլուխ եղջերագավաթն առանձնանում է մարդկանց քանդակների պատկերաշարով։ Այստեղ պատկերված են տղամարդու և երեք կանանց կերպարներ, որոնք, ակներևաբար, խնջույքի մասնակիցներ են։ Երրորդ երաժիշտ կինը նստած է աթոռին` ձեռքերում տավիղ (նկ․ 2): Ն․ Թահմիզյանը իր գրքում նույնպես խոսում է այս եղջերագավաթի մասին։ Այս գտածոն ապացույց է, որ հայերս սիրել ենք տավիղ նվագել դեռ մ․թ․ա IV դարում ճանաչել և սիրել ենք այս նվագարանը։
Հանրահայտ հայկական կիլիկյան արծաթե գավաթի (նկ․ 3) վրա նկարված է տղամարդ, որը նվագում է տավիղ՝ շրջապատված իր սիրելի կնոջով և կենդանիներով[5]։
Նախկինում տավիղ նվագել են արքունիքներում, թագավորական հանգստյան սենյակներում։ Երբեմն ոչ միայն պալատական երաժշտները, այլ հենց իրենք՝ թագավորներն էին նվագում նվագարանը։ Իհարկե, նախկինում տավիղները չունեին ձայնային այն հնարավորությունները, ինչ այսօր, բայց այն, որ հայ ժողովուրդը ունեցել է տավիղ նվագարանը, փաստ է։
Մ․ Մաշտոցի անվան Մատենադարանի գիտաշխատող արվեստագիտության թեկնածու Աստղիկ Գևորգյանի «Մարդիկ և կենցաղը» գիտական աշխատության մեջ, որը հրատարակվել է 1978 թվականին Երևանում, տեսնում ենք տավիղ նվագարանի պատկերներ, որտեղ առաջին նկարում (նկ․ 4) տղամարդը նվագում է տավիղ՝ ծնկին դրված (ծաղկող՝ Հակոբ Ջուղայեցի, Ավետարան , Հռոմ, XVI-XVIIդ.,)։ Երկրորդ նկարում (նկ. 5) տավիղը նվագում է տղամարդը, ով կրում է թագ, ինչից էլ եզրահանգում ենք, որ տավղահարը ունի թագավորական ծագում[6]։ Այս տավիղը իր չափով ավելի մեծ է, հենված է հատակին (նկ. 2)[6] ։
Հայ ժողովուրդը ոչ միայն սիրով նվագել, այլ նաև երգեր է նվիրել նվագարանին։ Խ․ Ավետիսյանը և Վ․ Հարությունյանը գրել են երգ՝ «Իմ անուշ տավիղ», որը մեծ ժողովրդականություն է վայելել ։
Իմ անուշ տավիղ
Գիշեր ու զօր դու հնչում ես,
Իմ անուշ տավիղ,
Ասես աղբյուր կարկաչում ես,
Իմ անուշ տավիղ։
Մերթ լալիս ես, մերթ ծիծաղում
Դու անխոս, անբառ,
Սրտիս ձայնով ղողանջում ես,
Իմ անուշ տավիղ։
Ով որ լսում է նվագդ,
Սեր է երազում,
Նորից գալիս է մեր բակը,
Սիրտը ինձ պարզում։
Բայց ուրիշն է իմ փափագը,
Տենչն իմ սիրասուն,
Սև տղին եմ ես անրջում,
Իմ անուշ տավիղ։
Նա սիրո երգս լսեց
Ու անսեր մնաց,
Սիրտ ուներ, բայց չհուզվեց
Ու անցավ գնաց։
Հնչի՛ր, տավիղ, թող այս գիշեր
Երգդ վարարի,
Սրտիս տենչանքն ու կարոտը
Պատմի աշխարհին։
Ուրախ հնչի թող քո լարը
Մարդկանց սրտերում,
Թող որ յարին գտնի յարը,
Եվ լինի գարուն։
Իմ սրտի բաժին աշխարհը
Այս լայն աշխարհում,
Ո՞ւր է, չի գալիս կանչին իմ,
Ա՛յ անուշ տավիղ,
Իմ անուշ տավիղ,
Իմ տավիղ․․․
Ուսումնասիրությունների և հետազոտությունների արդյունքում պատմագրական և հնագիտական փաստերով ապացուցվել է տավիղ նվագարանի՝ հայկական կենցաղում և արքունական շրջանակներում գոյությունը և լայն կիրառությունը, ինչպես նաև ներկայացվել է, որ տարիների ընթացքում այն ավելի մեծ ժողովրդականություն է վայելել և դարձել հայերի հուզական ներաշխարհը նկարագրող նվագարան[7]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.