![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/9/9f/Emblem_of_Tajikistan.svg/langhy-640px-Emblem_of_Tajikistan.svg.png&w=640&q=50)
Տաջիկստանի հուշադրամներ
դրամագիտական և հավաքորդական նշանակության մետաղադրամներ / From Wikipedia, the free encyclopedia
Հիշատակային և հոբելյանական մետաղադրամները (կամ պարզապես՝ հուշադրամներ) թողարկվում են Տաջիկստանի Ազգային բանկի կողմից՝ սկսած 2004 թվականից։ Ի տարբերություն հիմնական շրջանառու մետաղադրամների՝ դրանք կարող են ունենալ զուտ հավաքորդական և դրամագիտական նշանակություն[ն 1]:
![Տաջիկստանի զինանշան](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/9/9f/Emblem_of_Tajikistan.svg/640px-Emblem_of_Tajikistan.svg.png)
Նշված մետաղադրամները պատրաստված են թանկարժեք (900 հարգի ոսկի, 925 հարգի արծաթ) և ոչ թանկարժեք (մելքիոր, նոյզիլբեր, արույր) մետաղներից։ Ոսկե մետաղադրամները թողարկվել են 50, 100 և 200 տաջիկական սոմոնի անվանական արժեքով, արծաթե դրամները՝ 1, 3, 5, 50, 100 և 500 սոմոնի, մելքիորից՝ 1 սոմոնի, նոյզիլբերից՝ 1 սոմոնի, իսկ երկմետաղ դրամները՝ 3 և 5 սոմոնի։ Մետաղադրամները հատվել են UNC, BU և proof որակներով։
Տաջիկստանի Ազգային բանկի կողմից թողարկված առաջին հուշադրամներն են «Սահմանադրության ընդունման 10-ամյակ» և «Դուշանբեն մայրաքաղաք հռչակելու 80-ամյակ» երկմետաղ ու արծաթե մետաղադրամները։ Ամենափոքր հուշադրամը «Դուշանբեն մայրաքաղաք հռչակելու 80-ամյակ» երկմետաղ մետաղադրամն է՝ ընդամենը 6.35 գ քաշով, իսկ ամենամեծ հուշադրամներն ունեն 31.10 գ քաշ։
Տաջիկստանում պետական դրամահատարանի բացակայության պայմաններում Տաջիկստանի Ազգային բանկի կողմից թողարկված հուշադրամները հատվում են արտերկրում։ Տաջիկստանի Ազգային բանկը համագործակցել է հետևյալ դրամահատարանների և ընկերությունների հետ՝
«Մայեր» դրամահատարան,
Ղազախստանի դրամահատարան,
«Ինտերնեյշնլ Քոին Հաուս» ընկերություն,
Սանկտ Պետերբուրգի դրամահատարան: