From Wikipedia, the free encyclopedia
Վիլյամ Լիլլի (անգլ.՝ William Lilly , մայիսի 11, 1602[1], Դայսևորթ, Long Whatton and Diseworth, Նորթ Վեստ Լեստերշիր, Լեստերշիր, Լեստերշիր, Անգլիա - հունիսի 9, 1681[1], Հերշամ, Էլմբրիջ, Սըրրի, Անգլիա), անգլիացի հանրահայտ աստղաբաշխ և օկկուլտիստ։
Վիլյամ Լիլլի անգլ.՝ William Lilly | |
---|---|
Ծնվել է | մայիսի 11, 1602[1] |
Ծննդավայր | Դայսևորթ, Long Whatton and Diseworth, Նորթ Վեստ Լեստերշիր, Լեստերշիր, Լեստերշիր, Անգլիա |
Մահացել է | հունիսի 9, 1681[1] (79 տարեկան) |
Մահվան վայր | Հերշամ, Էլմբրիջ, Սըրրի, Անգլիա |
Քաղաքացիություն | Անգլիայի թագավորություն |
Մասնագիտություն | աստղագուշակ, գրող և մաթեմատիկոս |
William Lilly Վիքիպահեստում |
Ծնվել է Լեսթերշիրում ֆերմերների ընտանիքում։ Միջնակարգ կրթությունը ստացել է Էշբիդելազութչի/Ashby-de-la-Zouch/ դպրոցում, ուր դասական անգլերեն քերականությունից բացի, տիրապետել է նաև լատիներենին։ Երիտասարդ Վիլլյամը երազում էր համալսարանում ուսանելու մասին, սակայն իր ընտանիքի ծանր տնտեսական վիճակի պատճառով ստիպված էր ինքնուրույն ապրուստ հայթայթել։ Տասնյոթ տարեկան հասակում նա տեղափոխվում է Լոնդոն և աշխատանքի անցնում մեծահարուստ Ռայթի ընտանիքում, իբրև գործակատար։ 1627 թվականին Հիլբերտ Ռայթի մահվանից հետո, նա ամուսնանում է իր այրու՝ Հելենի հետ, որի մահվանից հետո՝ 1633 թվին, Լիլլիին մնում է որոշակի ժառանգություն, որն իրեն թույլ է տալիս իր ապրուստը զգալիորեն բարելավվել։ Աստղաբաշխությամբ Լիլլին սկսեց հետաքրքրվել 1632 թվին, երբ նա ծանոթանում է Ջոն Էվանսի հետ, որն "իմաստուն այր էր և մոգությամբ էր զբաղվում"։ Էվանսից նա ստացավ իր առաջին աստղաբաշխական գիտելիքները, որից սակայն շուտով հիասթափվում է և շարունակում է արվեստն ուսումնասիրել ինքնուրույն՝ հավաքելով ժամանակի ամենահարուստ աստղաբաշխական դասական ստեղծագործությունների գրադարանը։ 1634 թվականից նա լրջորեն զբաղվում է աստղաբաշխությամբ և օկկուլտիզմի տարբեր ճյուղերով, մասնավորապես՝ թալիսմաններ կազմում, գուշակություններ անում բյուրեղների միջոցով և այլն։ Այս ամենի հետևանքով Լիլլիի առողջական վիճակը կտրուկ վատթարանում է, և 1636 թվին նա այրում է իր բոլոր հմայական գրքերն ու հեռանում Լոնդոնից։ Մշտապես կատարելագործելով իր աստղաբաշխական գիտելիքները՝ Լիլլին բավականին հմտանում է ժամային/խորար/ աստղաբաշխության մեջ և սկսում քաղաքական կանխատեսումներ անել։ 1641 թվականի սեպտեմբերին նա վերադառնում է մայրաքաղաք և անցնուն մասնավոր աստղաբաշխական պրակտիկայի, որը մեծ հարգանք ու պատիվ է բերում նրան Լոնդոնի հասարակության բոլոր խավերի շրջանում։ 1644-ի ապրիլիլից Լիլլին սկսում է հրատարակել իր աստղագուշակ պարբերականը՝ "Մեռլինուս Անգլիկուս Ջունիորը"/Merlinus Anglicus Junior/, որտեղ փայլուն կերպով կանխատեսում է թագավորական զորքերի պարտությունը Նասեբի ճակատամարտում 1645-ի հունիսին։ Այս կանխատեսումը Լիլլին դասեց Անգլիայի առաջատար աստղաբաշխների շարքը, որի հետ խորհրդակցում և հաշվի էին նստում թե Կրոմվելի ղեկավարած հեղափոխականները և թե պահպանողական ռոյալիստները /նա անգամ մի քանի անգամ բանտարկվել է իր կանխատեսումների պատճառով/։ Կրոմվելի պռոտեկտորատի ժամանակ/1652-58 թթ./ Լիլլիի գործունեությունը հասնում է իր գագաթնակետին՝ նրա պարբերականը տպագրվում էր 30 000 տպաքանակով և թարգմանվում օտար լեզուներով, տարածվելով ամբողջ Եվրոպայով մեկ։ Ծաղկում էր նաև նրա մասնավոր խորհրդատվությունը։ Սակայն, 1660-ի մայիսին թագավորական իշխանության վերականգնումը, բարդ կացության մեջ գցեց Լիլլին։ Նրան կրկին մեղադրանքներ ներկայացրեցին կանխատեսումների համար և մեծ դրամական տուգանք նշանակեցին։ Հատկապես մեծ աղմուկ էր առաջացրել 1666-ի Լոնդոնի մեծ հրդեհի կանխատեսումը, որն արվել էր Լիլլիի կողմից դեռ 1652-ին։ Իշխանությունները մեղադրեցին աստղաբաշխին քաղաքը հրդեհելու մեջ, որը սակայն հետագայում հերքվեց։ Ռոյալիստների բանակում հովանավոր ունենալու շնորհիվ Լիլլիին հաջողվում է հաղթահարել այս բարդությունները և մայրաքաղաքից Հերշամ տեղափոխվել իր սիրելի կնոջ՝ Ռութի հետ։ Այնտեղ նա շարունակում էր հրատարակել իր պարբերականը և սկսում զբաղվել դեղագործությամբ և բժշկությամբ։ Վիլյամ Լիլլին կնքում է իր մահկանացուն 1681-ի հունիսի 9-ին։
Նրա կողմից հավաքված գրադարանն ու ստեղծագործությունները պահվում են Օքսվորդում՝ աստղաբաշխական և այլ օկկուլտ բնույթի գրականության արխիվում։ Լիլլիի հարուստ գրավոր ժառանգության մեջ առանձնանում է նրա եռահատոր "Քրիստոնեական աստղաբաշխությունը"/Christian Astrօlogy/, որի առաջին հրատարակությունը տեղի է ունեցել 1647 թվականին։ Այն դասական աստղաբաշխության լավագույն դասագրքերից է, որը ներառում է աստղաբաշխության ժամային, նատալ և կանխատեսական բաժինները, նրա ծավալը 871 էջ է կազմում։
Այս կապիտալ աշխատությունը գրելիս Լիլլին օգտվել է շուրջ 200 հին և ժամանակակից վարպետների ստեղծագործություններից, սակայն ունենալով նաև իր սեփական հարուստ փորձը, կուրորեն չի կառչել ավանդույթից՝ տալով վերլուծության իր մշակած մեթոդաբանությունը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.