![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/6b/Concert_by_Lorenzo_Costa.jpg/640px-Concert_by_Lorenzo_Costa.jpg&w=640&q=50)
Վերածննդի երաժշտություն
From Wikipedia, the free encyclopedia
Վերածննդի դարաշրջանը կամ Ռենեսանսը շրջադարձային պահ է եվրոպական ազգերի մշակույթի պատմության մեջ։ Վերածննդի գործիչները մարդուն, նրա բարեկեցությունը և անձի ազատ զարգացման իրավունքը ընդունում էին որպես մեծագույն արժեք։ Այդպիսի աշխարհայացքը ստացել է “Հումանիզմ” անվանումը։ Ներդաշնակ մարդու իդեալը հումանիստները փնտրում էին անտիկ դարաշրջանում, իսկ հին հունական և հռոմեական արվեստը նրանց համար հանդիսանում էր օրինակ գեղարվեստական ստեղծագործության համար։ Անտիկ մշակույթը վերածնելու այդ ձգտումը տվեց մի ամբողջ դարաշրջանի անվանում՝ Վերածնունդ (մոտավորապես`1400-1600 թթ)։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/6b/Concert_by_Lorenzo_Costa.jpg/640px-Concert_by_Lorenzo_Costa.jpg)
Վերածննդի աշխարհայացքը խորապես ազդել է գիտության ու մշակութի տարբեր ոլորտների, հատկապես` երաժշտության վրա։ Միջնադարյան վոկալ-եկեղեցական երաժշտությունը զիջեց բազմաձայնությանը`պոլիֆոնիային, որում բոլոր ձայները հավասարազոր էին։ Պոլիֆոնիան թույլ էր տալիս հեղինակին արտահայտել մեղեդու սեփական ընկալումը, երաժշտությանը տալ մեծ հուզականություն։ Պոլիֆոնիկ ստեղծագործությունը ստեղծվում էր խիստ և բարդ կանոններով, այն կոմպոզիտորից պահանջում էր խորը գիտելիքներ և վիրտուոզ վարպետություն։ Պոլիֆոնիայի շրջանակներում զարգանում էին եկեղեցական և աշխարհիկ ժանրերը։ Վերածնունդի դարաշրջանի երաժշտությունը, նկարչության և գրականության նման, վերադարձավ անտիկ մշակույթի արժեքներին։ Այն ոչ միայն հաճելի էր լսողության համար, այլև ուներ հոգևոր ու զգացմունքային ազդեցություն։
14 - 16-րդ դարերում արվեստի և գիտության վերածնունդը հսկայական ազդեցություն ունեցավ մարդկանց կենցաղի վրա։ Այդ ժամանակահատվածում երաժշտության դերը դարձավ բացառիկ։ Երաժշտություն ստեղծելը հումանիստները հայտարարեցին ազնիվ և օգտակար գործ։ Համարվում էր որ ամեն երեխա պետք է սովորի երգել և նվագել։ Այդ պատճառով երաժշտները հարգի էին անվանի ընտանիքներում՝ դասեր տալու և հյուրերին զվարճացնելու համար։
16-րդ դարում հայտնվեցին նոր երաժշտական գործիքներ։ Նրանցից առավել տարածում էին գտնում այնպիսի նվագարանները, որոնց վրա նվագելը դյուրին էր։ Ամենատարածվածն էին վիոլան, որ ջութակի նախատիպն էր, և նրա տարատեսակները։ Լադերի առակյության շնորհիվ, վիոլա նվագելը հեշտ էր, այն օգնում էր վերցնել անհրաժեշտ նոտաները։ Նրա ձայնը ցածր էր, բայց լավ հնչում էր փոքր սրահներում։ Երգում էին մեկ այլ գործիքի` լյուտնայի, նվագակցությամբ։
Այդ ժամանակներում ֆլեյտան, բլոկ-ֆլեյտան և պոզիկը սիրված գործիքներ էին։ Ամենաբարդ երաժշտութունը գրվում էր նոր ստեղծված կլավեսինի, վերդջինելայի (անգլիական փոքր կլավեսին) և երգեհոնի համար։ Միաժամանակ գրվում էր նաև ավելի պարզ, հեշտ կատարվող երաժշտություն։ Այդ ժամանակահատվածում փոխվեց նաև նոտագրությունը՝ ծանր փայտյա տպագրական բլոկերին փոխարինեցին իտալացի Օտտավիանո Պետրուչիի հայտնագործած մետաղյա լիտերները։ Հրատարակված ստեղծագործությունները արագ գնվում էին, ավելի շատ մարդ էր առնչվում երաժշտության հետ։