Վեներա և Ադոնիս (Տիցիան)
From Wikipedia, the free encyclopedia
«Վեներա և Ադոնիս» (անգլ.՝ Venus and Adonis), 16-րդ դարի իտալական վենետիկյան դպրոցի վաղ շրջանի ներկայացուցիչ Տիցիանի կտավների շարք, որը նկարվել է մի քանի անգամ նկարչի, նրա արվեստանոցի օգնականների ու այլոց կողմից։ Ընդհանուր առմամբ կա 16-րդ դարի թվագրմամբ կտավի մոտավորապես երեսուն տարբերակ, որի ժողովրդականությունն անկասկած բացատրվում է Վեներայի մերկությամբ[1]։ Հայտնի չէ, թե պահպանված տարբերակներից որն է բնօրինակը, և քննարկման թեմա է այդ տարբերակներում Տիցիանի աշխատանքի չափը։ Ճշգրիտ թվագրում ունի Մադրիդի Պրադո թանգարանում գտնվող միայն մեկ տարբերակ, որը վավերագրված է 1554 թվականին Տիցիանի և Իսպանիայի Ֆիլիպ II թագավորի միջև նամակագրությամբ։ Սակայն պարզվել է, որ դա ավելի վաղ, հավանաբար 1520-ական թվականներին ստեղծված մեկ այլ կտավի կրկնօրինակն է։
Պրադոյի տարբերակում իրադարձությունները տեղի են ունենում արևածագին, պատկերված է երիտասարդ Ադոնիսը, որը փորձում է ազատվել իր սիրուհուց՝ Վեներայից։ Նրա ձեռքին փետրավոր նիզակ է, որը հաճախ էր օգտագործվում 16-րդ դարում որսի ժամանակ[2]։ Նրա երեք որսաշների վզկապերն ամրացված են նրա աջ բազկին։ Նրանց հետևում, ծառի տակ, քնած է կուպիդոնը, իսկ վերջինիս աղեղն ու նետերի կապարճը կախված են ծառից․ սիրո ժամանակը չէ։ Բարձր երկնքում կառք վարող կերպար է երևում, որը կարող է լուսաբացը մարմնավորող Ապոլլոնը լինել։ Վեներան նստած է ոսկեհյուս եզրերով ու կոճակներով հաստ սփռոցով ծածկված ժայռի վրա (ոչ թե ռազմական բաճկոնի, ինչպես երբեմն մեկնաբանվում է)[3]։ Ադոնիսը գոտուց կախված եղջյուր ունի, նրա զգեստը դասական է՝ վերցված հռոմեական քանդակներից[4]։
Ենթադրվում է, որ հռոմեացի բանաստեղծ Օվիդիուսն է գլխավոր աղբյուրը, թեև այլ գրական ու տեսողական աղբյուրներ ևս առաջարկվել են։ Օվիդիուսի «Մետամորֆոզներ» աշխատության X-րդ գրքում Ադոնիսը նկարագրված է որպես գեղեցիկ երիտասարդ, արքայական որբ, որն իր ժամանակն անցկացնում է որսորդությամբ։ Վեներան սիրահարվում է նրան, երբ կուպիդոնի նետերից մեկն սխալմամբ հարվածում է նրան։ Նրանք միասին որս են անում, սակայն Վեներան խուսափում է կատաղի գազաններից, և դրանց մասին զգուշացնում Ադոնիսին՝ հիշեցնելով Ատալանտայի պատմությունը։ Մեկ օր Ադոնիսը միայնակ է որս անում և վնասվածք ստանում վիրավոր վայրի վարազից։ Իր կառքով երկնքում գտնվող Վեներան լսում է նրա ճիչերը, բայց չի կարողանում փրկել նրան[5]։ Որոշ տարբերակներում Ադոնիսի մահը պատկերված է կտավի հեռու աջ կողմում[6]։ Ըստ Օվիդիուսի՝ առաջինը հեռանում է Վեներան, իսկ ազատվել փորձող Ադոնիսը Տիցիանի մտահաղացումն է, որի համար ոմանք քննադատել են նրան[7]։
Նշանավոր արվեստագետ Հարոլդ Վեթին նկարագրել է կտավի երկու տեսակ, որոնցից առաջինն անվանել է «Պրադո», երկրորդը՝ «Ֆարնեզե»․ առաջինն ամենատարածվածն է ու նկարագրվել է վերևում[8]։ Կտավն ունի այլընտրանքային երկու անուն ևս՝ «երեք որսաշնով» և «երկու որսաշնով» տեսակներ[9]։ Նրանք շատ առումներով նույնն են, բայց Ֆարնեզե տեսակն ունի թեմայի ավելի կուռ պատկերում ու ավելի լայն ուրվագիծ, որի պատճառով երկնքի մեծ մասը չի երևում։ Ադոնիսի բարձրացված ձեռքը գտնվում է նկարի եզրից անմիջապես ներքև, այնպես որ նիզակի փետուրները չեն երևում, ինչպես նաև չի երևում կառքը երկնքում, թեև ամպերի տակից արևը դուրս է ժայթքում համարյա նույն տեղում։ Որսաշները երկուսն են, իսկ ձախում գետնի վրա ոսկե անոթը չկա։ Կուպիդոնը գլխավոր զույգին ավելի մոտ է պատկերված, արթուն է ու ձեռքին աղավնի է պահում[8]։