հայ քաղաքագետ, փաստաբան From Wikipedia, the free encyclopedia
Վահան Քարտաշյան (դեկտեմբերի 1, 1883, Կեսարիա, Թուրքիա - 1934[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկահայ ակտիվ քաղաքական գործիչ, իրավաբան[2]։ Գրեթե 2 տասնամյակ պայքարել է հայերի իրավունքների համար։ Գործընկերները նրան անվանել են «միայնակ խաչակիր» (lone crusader)։
Վահան Նազարի Քարտաշյան | |
---|---|
Ծնվել է | 1883 դեկտեմբերի 1 |
Ծննդավայր | Կեսարիա, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | հունիսի 11, 1934 50) | (տարիքը
Մահվան վայր | Նյու Յորք, ԱՄՆ |
Քաղաքացիություն | |
Ազգություն | Հայ |
Կրոն | Քրիստոնեություն |
Կրթություն | Եյլի համալսարան |
Երկեր | «20-րդ դարի Օսմանյան կայսրությունը» «Թրքական հարեմի իրական կյանքը» |
Մասնագիտություն | Իրավաբան Քաղաքական գործիչ |
Ամուսին | Քորնելյա Ալեքսանդր-Հոլաբ |
Ծնողներ | Նազար աղա Քարտաշյան Մարիամ Գալայճյան |
Վահան Քարտաշյանին հաջողվել է համախմբել ամերիկյան հանրային կարծիքն ու քաղաքական կամքն ընդդեմ ամերիկա-թուրքական՝ 1923 թվականի օգոստոսի 6-ին Լոզանում կնքված պայմանագրի, ավելին՝ վերահաստատել հայոց պահանջատիրության հիմքը հանդիսացող՝ ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը[3]։
Վահան Քարտաշյանը ծնվել է 1883 թվականի դեկտեմբերի 1-ին Կեսարիայում։ Հայրը հաջի Նազար աղա Քարտաշյանն էր, մայրը՝ Մարիամ Գալայճյանը։ Քարտաշյանն ուներ երկու եղբայր (Կարապետը և Վահանը) և մեկ քույր (Հրանուշը)։
Հայկական դպրոցում նախնական կրթությունը ստանալուց հետո Վահանը 10 տարի ուսանել է սուրբ Բարսեղ Կեսարացու անունը կրող ֆրանսիական ճեմարանում (L’Université de St. Basil), ապա 2 տարի՝ տեղի ամերիկյան վարժարանում (Talas American College)։
1902 թվականին տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ 1904-1908 թվականներին Յելի (Yale) համալսարանում իրավագիտություն է ուսանել։ Այդ ընթացքում նա գրել է հարյուրավոր հոդվածներ, հրապարակել է 2 գիրք՝ «20-րդ դարի Օսմանյան կայսրությունը» (The Ottoman Empire of the Twentieth Century) և «Թրքական հարեմի իրական կյանքը» (Actual life in Turkish Harem)։
1907 թվականի մայիսի 15-ին ամուսնացել է կանանց իրավունքների առաջամարտիկ Քորնելյա Ալեքսանդր-Հոլաբի (Cornelia Alexander Holub) հետ։ 1909 թվականին նա ընդգրկվել է Նյու Յորքի իրավաբանների ընկերակցության մեջ և սկսել մասնավոր իրավաբանական գործունեություն ծավալել։ 1911 թվականին ընդունել է թուրքական դեսպանորդի առաջարկը՝ ստանձնել դեսպանության խորհրդականի և Նյու Յորքի թուրքական հյուպատոսության իրավախորհրդատուի պաշտոնը։
Երբ լսել է 1915 թվականի հայոց ջարդերի և աքսորների մասին, նա թուրքական պետության ներկայացուցչին է վերադարձրել Օսմանյան կայսրության կողմից իր ստացած բոլոր շքանշանները։
Մահացել է 1934 թվականի հունիսի 11-ին՝ 51 տարեկանը չլրացած։ Թաղվել է Լոնգ Այլընդի «Սիդը գրոուվ» գերեզմանատանը (Cedar Grove Cemetery, Long Island)։ Սակայն նրա գերեզմանը չի պահպանվել[3]։
1915 թվականին Միհրան Սվազլիի (Սվազլյան) գլխավորությամբ ստեղծվել է Հայոց ազգային միություն (Armenian National Union), որը Նյու Յորքում հիմնել է Մամուլի հայկական գրասենյակ (Armenian Press Bureau), որտեղ Վահան Քարտաշյանը դառնում է գործադիր տնօրեն և թողարկվող հիմնական նյութերի հեղինակ։
1918 թվականի դեկտեմբերին հիմնել է Հայաստանի անկախության ամերիկյան կոմիտեն (American Committee for the Independence of Armenia – ACIA), որն ուներ 72 հոգանոց ընդհանուր խորհուրդ և առաջնորդվում էր 9 հոգանոց գործադիր մարմնի կողմից, որի ղեկավարն էր Գերմանիայում ԱՄՆ նախկին դեսպան Ջեյմս Ջերարդը (James W. Gerard)։ Այստեղ բոլոր անդամները, բացի Քարտաշյանից, ամերիկացիներ էին։ Այդ ժամանակահատվածում Վահան Քարտաշյանի և նրա գործընկերների գործունեության ամենամեծ արդյունքը, 1920 թվականի ապրիլի 23-ին ԱՄՆ-ի կողմից Հայաստանի Հանրապետության անկախության ճանաչումն էր։
Նրա օգնությամբ Ամերիկյան տարբեր գործակալությունների միջոցով Հայաստանի Հանրապետությանը հատկացվել է 17 միլիոն 202 հազար դոլարի մարդասիրական օգնություն և ավելի քան 11 միլիոն դոլար արտոնյալ վարկ[3]։
Վահան Քարտաշյանին հաջողվել է կանխել Լոզանում Միացյալ Նահանգների և Թուրքիայի միջև 1923 թվականի օգոստոսի 6-ին կնքած երկկողմ պայմանագրի (չշփոթել Լոզանի խաղաղության պայմանագրի հետ, որը կնքվել է մի կողմից Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Հունաստանի, Ճապոնիայի, Ռումինիայի և Սերբ-խորվաթ-սլովենական թագավորության, իսկ մյուս կողմից Թուրքիայի միջև՝ Լոզանի ամերիկա-թուրքական պայմանագրից մոտ 2 շաբաթ առաջ՝ 1923 թ. հուլիսի 24-ին) ընդունումն ԱՄՆ Սենատում։
Երբ 1924 թվականի մայիսի 3-ին թուրք-ամերիկյան պայմանագիրը մուտք է գործել Սենատ, Քարտաշյանը ձևավորել է «Ընդդեմ Լոզանի պայմանագրի ամերիկյան հանձնախումբը» (American Committee Opposed to the Lausanne Treaty – ACOLT), որի նպատակն էր Սենատում պայմանագրի ընդունումը կանխելով՝ գոնե իրավական դաշտում պահել Հայաստանի Հանրապետության իրավունքները։ Պայմանագրի քննարկումն ու քվեարկումը հետաձգվում է գրեթե երեք տարի։
Այդ ժամանակահատվածում Քարտաշյանը գրեթե միայնակ հարյուրավոր նամակներով, գրություններով, ելույթներով, հրապարակումներով ամերիկյան քաղաքական շրջանակներում պաշտպանել է հայոց իրավունքները։
1926 թվականին հրատարակել է «Լոզանի պայմանագիրը, Թուրքիան և Հայաստանը» (The Lausanne Treaty, Turkey and Armenia) ժողովածուն։ Այդ գիրքն ընդգրկում է բոլոր իրավական հիմնավորումները, քաղաքական պարտավորություններն ու բարոյական հանձնառություններն ընդդեմ Լոզանի թուրք-ամերիկյան պայմանագրի։ 1927 թվականի հունվարի 18-ին Սենատը մերժում է հավանությունը տալ հիշյալ պայմանագրին։ Եվ որպես մերժման հիմնական պատճառ նշվում է Թուրքիայի կողմից Վիլսոնի իրավարար վճռի չկատարումը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.