Ստեղծագործական ճգնաժամն ինքնուրույն հաղթահարելու անհաջող փորձ
1974 թվականին հրատարակված գիտական հոդված / From Wikipedia, the free encyclopedia
Ստեղծագործական ճգնաժամն ինքնուրույն հաղթահարելու անհաջող փորձ (անգլ.՝ The unsuccessful self-treatment of a case of “writer’s block”[1]), հոգեբան Դենիս Ափերի հումորային գիտական աշխատանքը ստեղծագործական ճգնաժամի մասին։ Բացի ամսագրի ձևավորումից պարունակում է միայն անվանումը և հումորային ծանոթագրություններ։ Տպագրվել է 1974 թվականին գրախոսվող «Journal of Applied Behavior Analysis» գիտական ամսագրում և համարվում է ամենակարճ գիտական հոդվածը[1][2] և գիտական հումորի դասական նմուշ[3][4][5]։ Մտել է հոգեբան-բիհեյվորիստների գիտական ֆոլկլոր[5] և քաղվածվել է 10 անգամից ավել[6], այդ թվում՝ միանգամայն լուրջ աշխատանքներում՝ նվիրված տեքստեր գրելու վախը թեթևացնելու համար կոգնիտիվ-վարքային թերապիայի կիրառմանը[7] կամ օրինակ ViennaRNA Package 2.0 կենսաինֆորմատիկայի ծրագրերի փաթեթի նկարագրության մեջ Ափերի հոդվածին հղում է կատարված միայն այն խոստովանությունից հետո, որ փաթեթը երկար ժամանակ պատշաճ կերպով չի նկարագրվել[8]։
Ըստ Ափերի՝ այդ հոդվածը գրելու միտքը նրա մոտ ծագեց միայն որպես կատակ «Journal of Applied Behavior Analysis» խմբագրության համար, որը համարվում է ամենախիստ գիտական և լուրջ ամսագրերից մեկը հոգեբանության ոլորտում, որտեղ դժվար է հրատարակվելը․ անցյալում այն 2 անգամ մերժել էր Ափերի աշխատանքները[9]։ Ուղարկված փաթեթը ներառում էր նամակ և հոդված, որը բաղկացած էր վերնագրից, հեղինակի անունից և 8 մաքուր թերթից[9]։ Ստանալով տպագրման ենթակա հոդվածի ստանդարտ նամակը՝ Դենիսը զարմացավ, որ խմբագրությունը հումորի զգացում ունի[10]։ Հեղինակին հոդվածի հետ ուղարկվեց նաև գրախոսողի արձագանքը[11]։
Ես շատ ուշադիր ուսումնասիրեցի ձեռագիրը լիմոնի հյութի և ռենտգենային ճառագայթների օգնությամբ և չգտա ոչ մի թերություն՝ ինչպես հոդվածի ձևավորման, այնպես էլ հեղինակի ոճի մեջ։ Առաջարկում եմ տպագրել հոդվածն առանց փոփոխությունների։ Ակնհայտ է, որ սա ամենահակիրճ աշխատանքն է, որ ես երբևէ տեսել եմ․ և այդուհանդերձ այն բավարար ինֆորմացիա է պարունակում, որպեսզի մյուս ուսումնասիրողները կարողանան կրկնել դոկտոր Ափերի անհաջողությունը։ Ինձ ուղարկված մյուս ձեռագրերի հետ համեմատությամբ, որոնք լի են իմաստուն մանրամասնություններով, այս հոդվածի ընթերցումը միայն հաճույք էր պատճառում։ Անխոս, մենք կարող ենք սրա համար տեղ գտնել ամսագրում․ հնարավոր է՝ դատարկ էջի մի ծայրում[2][12]։
Բնօրինակ տեքստ (անգլ.)
I have studied this manuscript very carefully with lemon juice and X-rays and have not detected a single flaw in either design or writing style. I suggest it be published without revision. Clearly it is the most concise manuscript I have ever seen-yet it contains sufficient detail to allow other investigators to replicate Dr. Upper's failure. In comparison with the other manuscripts I get from you containing all that complicated detail, this one was a pleasure to examine. Surely we can find a place for this paper in the Journal - perhaps on the edge of a blank page. |
Հոդվածի հումորի յուրօրինակ առանձնահատկությունը նաև այն է, որ այն իրենից ներկայացնում է «բացասական արդյունքի» հրատարակման հազվագյուտ դեպք․ ինչպես գիտակցվել է միայն 20-րդ դարի կեսերից՝ միայն այնպիսի աշխատանքների հրատարակման տենդենցը, որոնք դրական արձագանքներ ունեն, գիտական գրականության մեջ հանգեցնում է աղճատման[13]։ Ինչպես գրում է Ափերն իր հուշերում՝ հոդվածը տպագրվելուց հետո 30 տարիների ընթացքում նա իր գործընկերներից հոդվածը վերատպելու հարյուրավոր խնդրանքներ է ստացել[11]։ Հոդվածը հումորային «գիտական բանավեճերի» առիթ է հանդիսացել[14]․ երևան են եկել մի քանի նմանօրինակ տպագրված հումորային գիտական աշխատանքներ, որոնք կրկնում էին (անհաջողության տարբեր աստիճաններով)[15][16] և ընդարձակում հեղինակի ուսումնասիրությունները մինչև մուլտիկենտրոնական միջմշակութային[17], ինչպես նաև խնդրի այլ կողմերն ուսումնասիրող, ինչպիսիք են՝
- խնդրի՝ գրական ակնարկը կազմող[18]
- նմանօրինակ արդյունքով ստեղծագործական ճգնաժամը հաղթահարելու խմբակային մեթոդներն ուսումնասիրող[19]
- ինչպես նաև հրատարակված արդյունքների մետավերլուծությունը կատարող[20]։
Ավելի լուրջ ընդհանուր և գիտական գրական վարպետություն ուսուցանող գրքերում այս հոդվածը դիտվում է որպես ստեղծագործական ճգնաժամի խորհրդանիշ, որը ներկայացվում է դատարկ էջի տեսքով[21], ինչպես նաև դիտվում է որպես տեքստի հակիրճության պարադոքսային նմուշ, որին անհրաժեշտ է ձգտել[12]։