![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/1/1d/Basst%25C3%25B6lpelkolonie_auf_Helgoland.jpg/640px-Basst%25C3%25B6lpelkolonie_auf_Helgoland.jpg&w=640&q=50)
Սոցիալական վարքագիծ (վարք)
From Wikipedia, the free encyclopedia
Սոցիալական վարքագիծ՝ նույն տեսակին պատկանող երկու կամ ավելի օրգանիզմների վարքագիծ, ներառում է ցանկացած վարք, որի դեպքում անդամներից մեկը ազդում է մյուսի վրա։ Սա տեղի է ունենում այս անդամների փոխազդեցության շնորհիվ[1][2]։ Սոցիալական վարքագիծը կարելի է դիտարկել որպես ապրանքների փոխանակում, հետևյալ ակնկալիքով՝ «ինչ որ տաս, այն էլ կստանաս»[3]։ Այս վարքագծի վրա կարող են ազդեցություն ունենալ ինչպես մարդու որակական հատկանիշները, այնպես էլ շրջակա միջավայրի (իրավիճակային) գործոնները։ Հետևաբար, սոցիալական վարքագիծը առաջանում է երկու բաղադրիչների՝ օրգանիզմի և շրջակա միջավայրի փոխազդեցության արդյունքում։ Սա նշանակում է, որ ինչ վերաբերում է մարդկանց, սոցիալական վարքագիծը կարող է սահմանվել թե՛ անձի անհատական հատկանիշներով, թե՛ այն իրավիճակով, որում նա գտնվում է[4]։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/1/1d/Basst%C3%B6lpelkolonie_auf_Helgoland.jpg/640px-Basst%C3%B6lpelkolonie_auf_Helgoland.jpg)
Սոցիալական վարքագծի հիմնական բաղադրիչներից է հաղորդակցությունը, որը հիմք է հանդիսանում գոյատևման և վերարտադրության համար[5]։ Ենթադրվում է, որ սոցիալական վարքագիծը որոշվում է երկու տարբեր գործընթացներով, որոնք կարող են կամ աշխատել միասին կամ հակադրվել միմյանց։ Սոցիալական վարքագծի ռեֆլեքսիվ (ռեֆլեկտիվ) և իմպուլսիվ որոշիչ գործոնների երկհամակարգային մոդելը առաջացել է այն գիտակցումից, որ վարքագիծը չի կարող որոշվել միայն մեկ գործոնով։ Ի հակադրություն, վարքագիծը կարող է առաջանալ կա՛մ գիտակցված վարքագծի արդյունքում (որտեղ կա գիտակցություն և մտադրություն), կա՛մ զուտ ազդակի արդյունքում։ Վարքագիծը որոշող այս գործոնները կարող են աշխատել տարբեր իրավիճակներում ու տարբեր պահերին և նույնիսկ կարող են հակադրել միմյանց։ Երբեմն մարդը կարող է իրեն դրսևորել՝ հետապնդելով կոնկրետ նպատակ, բայց երբեմն նրա վարքը ենթակա չէ ռացիոնալ վերահսկողության, այլ առաջնորդվում է ազդակներով[6]։
Կան նաև տարբերություններ սոցիալական վարքագծի տարբեր տեսակների միջև, ինչպիսիք են սովորական և պաշտպանական սոցիալական վարքագիծը։ Սովորական սոցիալական վարքագիծը առօրյա կյանքում փոխազդեցությունների արդյունք է, և մարդը ձեռք է բերում այդ վարքագիծը, երբ ենթարկվում է այս տարբեր իրավիճակներին։ Մյուս կողմից, պաշտպանական վարքագիծը առաջանում է ազդակից, երբ մարդը բախվում է հակասական ցանկություններին[7]։