Սոցիալական ընկալում
From Wikipedia, the free encyclopedia
Սոցիալական ընկալում, մարդու կողմից մարդու ընկալում։ Ընկալման այս տեսակի միջոցով մարդիկ տպավորություն ստեղծում այլ մարդկանց մասին, եզրակացնում նրանց բնավորության, մտքերի, զգացմունքների, դիրքորոշումների, հույզերի և այլ առանձնահատկությունների մասին։
Որպես կանոն, մենք կարծում ենք, որ ընկալում ենք մարդկանց իրական կերպարներն ու առանձնահատկությունները։ Բայց իրականում այն, թե ինչպես ենք մենք ընկալում ուրիշներին, բնութագրում է հենց մեզ, այլ ոչ թե նրանց, ում մենք ընկալում ենք։ Մեր սեփական դիրքորոշումներն ու սպասելիքները, մեկնաբանությունները և ստերեոտիպերը մեզ ստիպում են եզրակացություններ անել։ Շրջապատող սոցիալակամ աշխարհում մենք հաճախ տեսնում ենք այն, ինչ ցանկանում ենք, և դրա համար էլ պատրաստ ենք տեսնելու։ Դա տեղի է ունենում այն պատճառով, որ մենք ուշադրություն ենք դարձնում որոշակի փաստերի՝ չնկատելով ուրիշները, կամ էլ նրա համար, որ, ընկալելով կոնկրետ մարդու՝ մենք նրա մեջ տեսնում ենք ուրիշին, ում հետ նախկինում փոխազդեցություն ենք ունեցել։
Այս կերպ, այն ամենն, ինչ մենք ընկալում ենք շրջապատող սոցիալական աշխարհում, ոչ այնքան իրական գործընթացներ են և օբյեկտներ, որքան մեր սեփական զգացմունքների, հակումների և մտքերի արդյունքները։ Բանն այն է, որ մեր ընկալումը պասիվ չի արտացոլում շրջապատող միջավայրը, այն իրենից ներկայացնում է ակտիվ որոնման, ընտրության, կազմակերպման և տարբեր փաստերի մեկնաբանման արդյունք։ Դա նշանակում է, որ մենք ինքներս ենք ձևավորում մեր սեփական սուբյեկտիվ իրականությունը, որի հետ էլ գործ ենք ունենում։ Այլ կերպ ասած, մենք ընկալում ենք այն աշխարհը, որը մենք ենք ստեղծել։ Արդյունքում, ստացվում է այնպես, որ իրական մարդու հետ փոխազդելիս, մենք տեսնում ենք ոչ թե նրան, այլ մեր ստեղծած կերպարը։