Սիմֆոնիա № 7 (Շոստակովիչ)
From Wikipedia, the free encyclopedia
Դմիտրի Շոստակովիչի յոթերորդ սիմֆոնիան մի վսեմ դյուցազներգություն է սովետական ժողովրդի հայրենասիրության, ուժեղ կամքի և հերոսության մասին։ 1941 թվականի Հայրենական մեծ պատերազմի առաջին իսկ օրերից Շոստակովիչը ցանկանում էր ֆաշիզմի դեմ մղվող պատերազմին նվիրված մի ստեղծագործություն գրել[2][3] ։ Թշնամու կողմից շրջափակված Լենինգրադում, նա ստեղծում է իր 7-րդ սիմֆոնիան, որը «Լենինգրադյան» անվանումը ստացավ։ Ստեղծագործության մեջ գեղարվեստական մեծ վարպետությամբ կոմպոզիտորը պատկերել է խաղաղ, ստեղծագործ աշխատանքով զբաղված սովետական ժողովրդին և հակադրել նրան բարբարոս ու դաժան թշնամուն։
Ձև | երաժշտական գործ/ստեղծագործություն |
---|---|
Կոմպոզիտոր | Դմիտրի Շոստակովիչ |
Մասերի քանակ | 4 movement[1] |
Տևողություն | 80 րոպե[1] |
Ստեղծման տարեթիվ | 1941[1] |
Առաջնախաղի տարեթիվ | մարտի 5, 1942 |
Տոնայնություն | Դո մաժոր[1] |
Երաժշտական գործիքներ | Սիմֆոնիկ նվագախումբ[1] |
Շոստակովիչն իր առջև խնդիր չէր դրել սիմֆոնիայում վերարտադրել պատերազմական գործողությունների ընթացքը ՝ ինքնաթիռների աղմուկը, թնդանոթների հրաձգությունը, տանկերի դղրդյունը։ Ազդեցիկ և ներգործուն երաժշտության միջոցով նա արտահայտել է պատերազմական տարիների դաժան և սարսափելի իրադարձությունների բովանդակությունը[4]։