From Wikipedia, the free encyclopedia
Յոհան Սիլվիո Գեզել (գերմ.՝ Johann Silvio Gesell, German: [[Միջազգային հնչյունական այբուբեն|[ɡəˈzɛl]]]. մարտի 17, 1862[1], Sankt Vith, Վերվիե, Լիեժ, Վալոնիա, Բելգիա[2] - մարտի 11, 1930[1], Eden Gemeinnützige Obstbau-Siedlung, Օրանիենբուրգ, Բրանդենբուրգ, Գերմանիա), գերմանա-արգենտինական տնտեսագետ, գործարար, հասարակական բարեփոխիչ, «ազատ տնտեսության» կամ, այսպես կոչված, շուկայական սոցիալիզմի տնտեսական մոդելի ՝ Freiwirtschaft- ի տեսության հեղինակ։ 1900 թվականին հիմնել է Geld-und Bodenreform՝ Դրամական և հողային բարեփոխումներ ամսագիրը, որը կարճ ժամանակ անց ֆինանսական խնդիրների պատճառով փակվել է։ Հետագայում Գեորգ Բլումենտալի հետ հիմնել է Der Physiokrat ամսագիրը, որը 1914 թվականին փակվել է գրաքննության պահանջով։
Սիլվիո Գեզել | |
---|---|
Ծնվել է | մարտի 17, 1862[1] Sankt Vith, Վերվիե, Լիեժ, Վալոնիա, Բելգիա[2] |
Մահացել է | մարտի 11, 1930[1] (67 տարեկան) Eden Gemeinnützige Obstbau-Siedlung, Օրանիենբուրգ, Բրանդենբուրգ, Գերմանիա բնական մահով |
Գերեզման | Friedhof Oranienburg |
Քաղաքացիություն | Գերմանիա և Բելգիա |
Մասնագիտություն | տնտեսագետ, վաճառական, քաղաքական գործիչ, ձեռնարկատեր, էսպերանտիստ, սոցիալական բարեփոխիչ և economist |
Ալմա մատեր | գիմնազիա |
Տիրապետում է լեզուներին | էսպերանտո և գերմաներեն[3] |
Silvio Gesell Վիքիպահեստում |
Գեզելը 1919 թվականին սատարել է Բավարիայի Խորհրդային Հանրապետությանը, որը կարճ ժամանակ անց տաալվել է, և Գեզելը մի քանի ամիս բանտարկվել է դավաճանության մեղադրանքով, բայց Մյունխենի դատարանում իր պաշտպանական ճառն արտասանելուց հետո արդարացվել է[4][5][6][7]։
Սովորել է ծննդավայրի՝ Սանկտ Վիթի հանրային դպրոցում՝ Bürgerschule-ում, ապա Մալմեդիի գիմնազիայում։ Հարկադրված լինելով դեռ վաղ տարիքից վճարելու իր կեցության ծախսերը՝ հրաժարվել է համալսարան հաճախելուց և աշխատանքի է անցել գերմանական կայսրության փոստային համակարգում՝ Deutsche Reichspost-ում։ Սակայն դժգոհ լինելով՝ տեղափոխվել է Բեռլին, աշակերտել իր վաճառական եղբորը։ Այնուհետև երկու տարի ապրել է Իսպանիայի Մալագա քաղաքում, որտեղ աշխատել է որպես թղթակից։ Դրանից հետո վերադարձել է Բեռլին՝ զինվորական ծառայություն անցնելու։ Զորացրվելուց հետո որպես վաճառական աշխատել է Բրունսվիկում և Համբուրգում։
1887 թվականին Գեզելը տեղափոխվել է Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրես, որտեղ բացել է իր եղբոր բիզնեսի մասնաճյուղը։ Արգենտինայում խոր ազդեցություն թողած 1890 թվականի ճգնաժամը, որն զգալի վնաս է պատճառել նաև նրա բիզնեսին, նրան ստիպել է մտածել դրամավարկային համակարգի առաջացրած կառուցվածքային խնդիրների մասին։ 1891 թվականին նա հրատարակել է իր առաջին գրվածքը՝ Die Reformation des Münzwesens als Brücke zum sozialen Staat (Դրամավարկային համակարգի բարեփոխումը որպես սոցիալական պետության կամուրջ) վերնագրով։ Այնուհետև լույս է ընծայել Nervus Rerum և The Nationalization of Money աշխատությունները։ Նա իր բիզնեսը տվել է եղբորը և 1892 թվականին վերադարձել Եվրոպա։
Որոշ ժամանակ Գերմանիայում մնալուց հետո Գեզելը տեղափոխվել է Շվեյցարիայի Նյոշատել կանտոնի Les Hauts-Geneveys բնակավայրը, որտեղ հողագործությամբ է զբաղվել՝ բարձրագույն տնտեսագիտական կրթությունը շարունակելու ընթացքում ինքն իրեն ապրուստի միջոցներով ապահովելու նպատակով։ 1900 թվականին հիմնել է «Geld-und Bodenreform» (Դրամական և հողային բարեփոխումներ) ամսագիրը, բայց ֆինանսական խնդիրների պատճառով հարկադրված է եղել 1903 թվականին փակելու այն։
1907-1911 թվականներին Գեզելը կրկին Արգենտինայում էր, այնուհետև վերադարձել է Գերմանիա և ապրել բուսակերների Obstbausiedlung Eden համայնքում, որը հիմնադրել էր Ֆրանց Օպենհայմերը Օրանիենբուրգում։ Այնտեղ նա Գեորգ Բլումենտալի հետ հիմնել է Der Physiokrat ամսագիրը, որը 1914 թվականին, երբ սկսվել է Առաջին համաշխարհային պատերազմը, գրաքննության պահանջով փակվել է։
1915 թվականին Գեզելը լքել է Գերմանիան և վերադաձել Լես Հոթս-Ժենևի իր ագարակը։ 1919 թվականին, ընդառաջելով Էռնստ Նիեկիշի խնդանքին, ընդգրկվել է Բավարիայի Խորհրդային Հանրապետության վարչակազմում. նախ տեղ է զբաղեցրել սոցիալական հանձնաժողովում, ապա նշանակել ֆինանսների գծով ժողովրդական ներկայացուցիչ։ Գեզելը որպես իր օգնականներ ընտրել է շվեյցարացի մաթեմատիկոս Թեոֆիլ Քրիստենին ու տնտեսագետ Էռնստ Պոլենսկեին և առանց ձգձգելու օրենք է գրել իր մշակած արժութային համակարգի՝ Ֆրեյգելդի ստեղծման համար։ Նրա պաշտոնավարումը տեւել է ընդամենը յոթ օր։ Բավարիայի Խորհրդային Հանրապետությունը տապալվել է, և Գեզելը մի քանի ամիս կալանավորվել է, մեղադրվել դավաճանության մեջ, բայց ի վերջո Մյունխենի դատարանի կողմից արդարացվել է։ Խորհրդային Հանրապետության հետ առնչություն ունեցած լինելու պատճառով նրան թույլ չի տրվել վերադառնալ Նոյշատելի իր ագարակը։ Գեզելը տեղափոխվել է նախ Նուտեթալ, Պոտսդամ-Միտելմարկ, ապա վերադարձել Օրանիենբուրգ, որտեղ էլ 1930 թվականի մարտի 11-ին մահացել է թոքաբորբից։
Նա իր գաղափարները տարածել է գերմաներեն և իսպաներեն լեզուներով։
Նրա անունով է կոչվել Բուենոս Այրեսի նահանգի Վիլլա Գեզել ծովափնյա քաղաքը, որը հիմնադրել է նրա որդին՝ Դոն Կարլոս Այդահո Գեզելը[8]։
Գեզելի տնտեսագիտական հայացքները հիմնված էին վարկային տոկոսները վերացնելու և հողն ազգայնացնելու գաղափարների վրա։ Նա իրեն համարում էր աշխարհի քաղաքացի և Հենրի Ջորջի գաղափարներով ներշնչված՝ գտնում էր, որ հողը պետք է պատկանի բոլոր մարդկանց՝ անկախ ռասայից, դասից, հարստությունից, դավանանքից կամ տարիքից, և որ սահմանները պետք է մնան անցյալի գրկում։ Բայց հողային բարեփոխումների գեզելյան առաջարկը տարբերվում էր ջորջիզմից։ Նա պնդում էր, որ հարկերը չեն կարող լուծել հողի վարձակալության խնդիրը[9], քանի որ հարկերը կարող են փոխանցվել վարձակալներին[10]։ Ըստ Գեզելի՝ անհրաժեշտ է վերացնել հողի մասնավոր սեփականությունը և գործի դնել ազատ հողային բարեփոխումը, որը հողի հանրային յուրատեսակ վարձակալություն է[11]։
Գեզելը հանգել է այն եզրակացության, որ դրամաշրջանառության հավասարաչափ արագությունը ճգնաժամազերծ տնտեսության կարևոր պայման է։ Ըստ նրա՝ փողը պետք է լինի լոկ փոխանակման, այլ ոչ թե խնայողության միջոց։ Տնտեսագետի կարծիքով՝ դրամաշրջանառություն ապահովող «բնական տնտեսակարգը» այն կարգն է, որի դեպքում դրամի հետ առնչվող գործարքները դառնում են պետական վճարովի ծառայություն, ստացվում է «բացասական տոկոսով փող», հաստատվում է այնպիսի կարգ, որի դեպքում դրամի ընթացիկ տերերը պարտավորված են լինում պետությանը կանոնավոր կերպով փոխանցել մի ոչ մեծ գումար՝ որպես պետության թողարկած դրամից օգտվելու դիմաց վճարվող վարձ։
Գեզելի գաղափարների, հայացքների գործնական կիրառման նմուշ էր 1932 թվականին ավստրիական ոչ մեծ մի համայնքում՝ շուրջ երեք հազար բնակիչ ունեցող Վյորգլում անցկացված փորձը, որի արդյունքում կառուցվել ու շահագործման է հանձնվել մի կամուրջ, բարեկարգվել են ճանապարհները, աճել են հանրային ծառայություններում, սպասարկման ոլորտում կատարվող ներդրումները։ Եվ այն ժամանակ, երբ եվրոպական շատ ու շատ երկրներում հարկադրված էին պայքարել աճող գործազրկության դեմ, Վյորգլում գործազրկության ցուցանիշը մեկ տարում 25 տոկոսով նվազել է։ Ավստրիական ավելի քան 300 համայնք հետաքրքրություն են ցուցաբերել տնտեսավարման գեզելյան մոդելի նկատմամբ, Ավստրիայի ազգային բանկը դրանում սպառնալիք է նկատել իր մենաշնորհի հանդեպ և արգելել է տեղային ազատ դրամի թողարկումը։ Եվ չնայած վեճը բավական երկար է տևել, քննության է առնվել Ավստրիայի նույնիսկ բարձրագույն դատական ատյաններում, վյորգլյան փորձն այլևս կրկնել չի հաջողվել ո՛չ Վյորգլում և ո՛չ էլ եվրոպական որևէ այլ համայնքում[12] [13] [14][15]: Այդուհանդերձ՝ արգելքը վերաբերել է տեղական իշխանությունների կողմից ազգային բանկի հսկողությունից դուրս դրամի անմիջական թողարկմանը, այլ ոչ թե գեզելյան համակարգի սկզբունքներին։
Ազատ դրամի կիրառման լայնորեն տարածված համակարգերից էր շվեյցարական WIR-ը (գերմ.՝ Wirtschaftsring-Genossenschaft, Տնտեսական շրջանակի կոոպերատիվը), որն ընդգրկում էր 62 հազար մասնակիցների և տարեկան ապահովում 1 միլիարդ 650 միլիոն շվեյցարական ֆրանկին հավասար շրջանառություն։ Այդ համակարգը գործարկվել էր 1934 թվականին՝ որպես վճարային ճգնաժամի հաղթահարման մեխանիզմ, ճգնաժամ, որ ձևավորվել էր Մեծ դեպրեսիայի ազդեցությամբ[16]։ Սակայն արդեն իսկ 1952 թվականին ստիպված էին հրաժարվել գեզելյան «ազատ դրամի» տեսությունից և ներկայումս կիրառում են տոկոսագումարը[17]։
Գեզելի գաղափարների իրականացման տրամաբանական շարունակությունն են «տեղական փոխանակման առևտրային համակարգերի» (LETS) զանազան տարբերակները, որոնք ներկայումս կիրառվում են ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ եվրոպական շատ ու շատ երկրներում։
Գեզելն իր տնտեսագիտական փիլիսոփայության մեջ կարևոր տեղ է հատկացրել անհատների շահագրգռվածությանը, ինչը համարել է բնական ու առողջ մոտիվացիա, շարժառիթ սեփական կարիքները բավարարելու և բարեկեցության հասնելու համար։ Ըստ նրա՝ տնտեսական համակարգը պետք է արդար լինի անհատների հակումների, ունակությունների դրսևորման համար պայմաններ ապահովելու գործում, հակառակ դեպքում համակարգը կփլուզվի։ Այս առումով նա հակադրվում էր մարքսիզմին, որի առաջարկած տնտեսական համակարգը հակառակ էր մարդկային բնույթին։
Ելնելով այն համոզմունքից, որ անհատի օժտվածությունը, տաղանդը անպայման պետք է հաշվի առնվի, Գեզելը կոչ էր անում ապահովել ազատ ու արդար բիզնես-մրցակցություն՝ բոլորի համար հավասար պայմաններով։ Դա ներառում էր բոլոր արտոնությունների վերացումը՝ լինեն դրանք ժառանգական, թե օրենքով տրված։ Ապրուստ ստեղծելիս յուրաքանչյուրը պետք է ապավինի միայն իր ունակություններին։ Գեզելի առաջարկած "բնական տնտեսական կարգի" պայմաններում ամենատաղանդավորներն ստանալու էին ամենամեծ եկամուտը։ Հարուստների և համեմատաբար ցածր եկամուտ ստացողների միջև խոր անդունդ չէր առաջանալու, քանի որ վերջիններս, ի տարբերություն առաջինների, ազատված պիտի լինեին վարձավճարներից։
Ականավոր տնտեսագետ Ջոն Մեյնարդ Քեյնսն իր «Զբաղվածության, տոկոսի և դրամի ընդհանուր տեսություն» աշխատության մեջ ընդգծել է դրամի գեզելյան տեսության ազդեցությունն իր սեփական հիմնադրույթների վրա։ Տնտեսագիտության Նոբելյան մրցանակի դափնեկիր Յան Տինբերգենն էլ իր հերթին ընդգծել է, որ Գեզելի առաջարկած սոցիալ-տնտեսական համակարգն արժանի է ուշադրության և խորքային քննարկման[18][19]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.