Սեր
From Wikipedia, the free encyclopedia
Սեր, մարդուն բնորոշ զգացմունք, խորը, անձնուրաց նվիրվածություն այլ մարդու կամ օբյեկտի նկատմամբ[1][2]։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սեր (այլ կիրառումներ)
Սերը համաշխարհային մշակույթի և արվեստի հիմնարար թեմաներից մեկն է։ Սիրո մասին մտորումները, նրա՝ որպես երևույթի, վերլուծությունը բնորոշ է մարդուն հայտնի հնագույն փիլիսոփայական համակարգերին և գեղարվեստական հուշարձաններին։
Սերը դիտարկվում է նաև որպես փիլիսոփայական կատեգորիա՝ ընտրովի ինտիմ զգացմունքի, սուբյեկտի վերաբերմունքի տեսքով[3]։ Այն համարվում է երջանկության կարևորագույն սուբյեկտիվ ցուցիչ[4]։ Սիրո բարդությունն ու բազմաշերտ բնույթը հանգեցրել է տարբեր լեզուներում, մշակույթներում այդ ֆենոմենի բազմաթիվ մեկնաբանությունների։
Սիրո ձևերի առաջին դասակարգումը գալիս է անտիկ հունա-հռոմեական մշակույթից։ Առանձնացվում էին սիրո չորս տեսակներ.
- «Էրոս» (հին հունարեն՝ έρως) — տարերային զգացմունքային խանդավառ սեր՝ ուղղված սիրո առարկայի նկատմամբ պաշտամունքի.
- «Ֆիլիա» (հին հունարեն՝ φιλία) — ընկերային սեր կամ սեր-մտերմություն ըստ գիտակցված ընտրության.
- «Ստորգե» (հին հունարեն՝ στοργή) — գորովալից ընտանեկան սեր.
- «Ագապե» (հին հունարեն՝ ἀγάπη) — զոհական սեր