Սեռական ժուժկալություն
From Wikipedia, the free encyclopedia
Սեռական ժուժկալություն կամ զուսպ սեռական կյանք, բժշկական, հոգեբանական, իրավական, սոցիալական, փիլիսոփայական, բարոյական կամ կրոնական պատճառներով սեռական վարքագծի որոշ դրսևորումներից կամ սեռական հարաբերություններից ամբողջովին խուսափելը։ Սեռական ժուժկալությունը տարբերվում է ասեքսուալությունից։ Կուսակրոնությունը սեռական ժուժկալություն է, որի հիմնական շարժառիթներն են անձնական կամ կրոնական համոզմունքները[2]։ Որոշ հասարակություններում սոցիալական նորմերը թելադրում են պահպանել նախամուսնական սեռական ժուժկալություն՝ որպես բարոյականության դրսևորում, իսկ որոշ երկրներում այն ամրագրվում է անգամ իրավական ակտերով։ Որոշ հասարակություններ բարոյականության նկատմամբ ցուցաբերել կամ շարունակում են ցուցաբերել երկակի մոտեցում։
Ժուժկալությունը կարող է լինել կամավոր, երբ անձը նախընտրում է չվարել սեռական կյանք՝ բարոյական, կրոնական, փիլիսոփայական և այլ պատճառներից ելնելով։ Այն կարող է լինել կամքից անկախ՝ որպես սոցիալական պայմանների արդյունք, երբ մարդը չի կարողանում գտնել իրեն համապատասխան զուգընկեր։ Ժուժկալությունը կարող է պարտադրվել օրենքով, օրինակ՝ որոշ երկրներում արգելվում է վարել արտամուսնական սեռական կյանք կամ ունենալ սեռական հարաբերություններ բանտում։