![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/7/74/Russia_Ukraine_Locator.svg/langhy-640px-Russia_Ukraine_Locator.svg.png&w=640&q=50)
Ռուս-ուկրաինական հարաբերությունները Եվրատեսիլ երգի մրցույթում
From Wikipedia, the free encyclopedia
Ռուսաստանը Եվրատեսիլ համաեվրոպական երաժշտական մրցույթին մասնակցում է 1994 թվականից, իսկ Ուկրաինան՝ 2003 թվականից։ Ռուսաստանը և Ուկրաինան դրական հարաբերություններ են ունեցել, Եվրատեսիլում երկու երկրների միջև նկատելի հակամարտություններ սկսել են Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումից հետո՝ 2014 թվականին։
2016 թվականին Եվրատեսիլ երգի մրցույթում Ուկրաինան ներկայացել է Ջամալան իր «1944» երգով, որը ոգեշնչված էր Խորհրդային Միության կողմից Ղրիմի թաթարների արտաքսման ժամանակ նրա նախատատի ապրումներով։ Երգը քննադատության են ենթարկել ռուս պաշտոնյաները, որոնք պնդում էին, որ այն խախտում է Եվրատեսիլի կանոնները։ Ջամալան հաղթել է Եվրատեսիլ 2016 երգի մրցույթում։ Այն ժամանակ, երբ Ռուսաստանում կոչ էր արվում բոյկոտել Ուկրաինայում անցկացվող 2017 թվականի մրցույթն Արևելյան Ուկրաինայում շարունակվող հակամարտությունների պատճառով, Ռուսաստանը ներկայացրել է իր ներկայացուցչին՝ Յուլիա Սամոյլովային, որը պետք է ներկայացներ Ռուսաստանը Եվրատեսիլ 2017 երգի մրցույթում։
Սակայն պարզ է դարձել, որ Սամոյլովային երեք տարով արգելել են մուտք գործել Ուկրաինա՝ Ռուսաստանից Ղրիմ ուղիղ ուղևորությունների Ուկրաինական արգելքը խախտելու համար։ ԵՀՄ-ն փորձել է լուծում տալ հարցին, որպեսզի Սամոյլովան կարողանա ելույթ ունենալ՝ կոչ անելով Ուկրաինայի կառավարությանը հեռացնել կամ հետաձգել մրցույթի համար իր ճանապարհորդության արգելքը, և Ռուսաստանին առաջարկել է ելույթ ունենալ մեկ այլ հարթակից։ Սակայն ռուսական հեռարձակողի պատվիրակը՝ Ռուսաստանի Առաջին ալիքը, հրաժարվել է առաջարկից՝ ցանկանալով, որ Սամոյլովան ելույթ ունենա Կիևում, ինչպես մյուս բոլոր մասնակիցները։ 2017 թվականի ապրիլի 13-ին Առաջին ալիքը հայտարարել է, որ չի հեռարձակելու մրցույթը՝ փաստացի հրաժարվելով մասնակցությունից։