Ռուսերեն Վիքիպեդիայի գործադուլ
From Wikipedia, the free encyclopedia
Ռուսերեն Վիքիպեդիայի գործադուլը, Վիքիպեդիայի ռուսալեզու բաժնի աշխատանքի ժամանակավոր դադարեցում 2012 թվականի հուլիսի 10-ին՝ ի նշան Ռուսաստանի Պետական դումայում քննարկված «Երեխաների առողջության և զարգացման համար վնասակար տեղեկատվությունից պաշտպանության մասին» օրենքում փոփոխությունների դեմ բողոքի, ինչպես նաև հասարակական ուշադրություն գրավելու համար № 89417-6 օրինագծին։ Գործադուլի հաջորդ օրը ռուսերեն Վիքիպեդիայի գլխավոր էջում ցուցադրվել է տեղեկատվական պաստառ՝ այս օրինագծի ընդունմանը հակազդելու կոչով։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/5/5b/Wikipedia-ru-censorship.png/320px-Wikipedia-ru-censorship.png)
№ 89417-6 օրինագիծը Պետդումա է ներկայացվել 2012 թվականի հունիսի 7-ին, և արդեն հուլիսի 6-ին ընդունվել է առաջին ընթերցմամբ[1]՝ չնայած Ռուսաստանի Դաշնության Նախագահին առընթեր քաղաքացիական հասարակության զարգացման և մարդու իրավունքների խորհրդի առաջարկին՝ այն քննարկումից հանելու համար[2]։ Երկրորդ ընթերցման ժամանակ պատգամավորները որոշ փոփոխություններ են կատարել[3]։ Հուլիսի 11-ին օրինագիծն ընդունվել է Պետդումայի կողմից երկրորդ և երրորդ ընթերցմամբ միաձայն[4][5][6], իսկ հուլիսի 18-ին հավանության է արժանացել Դաշնության խորհրդի կողմից[7]։ Հուլիսի 28-ին Ռուսաստանի Դաշնության N139-ФЗ համապատասխան դաշնային օրենքը վերջապես ընդունվել է և ստորագրվել է նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից՝ ուժի մեջ մտնելով 2012 թվականի հուլիսի 30-ին «Ռոսիյսկայա Գազետա» թերթում հրապարակման պահից[8][9]։
Գործադուլի որոշումը կայացվել է օրինագծի ենթադրյալ երկրորդ ընթերցման նախօրեին։ Գործադուլի որոշման համար ռուսերեն Վիքիպեդիայում քննարկում է անցկացվել։ Համապատասխան մամլո հաղորդագրության մեջ ընդգծվել է, որ «այդ փոփոխությունները կարող են հիմք հանդիսանալ համացանցում իրական գրաքննության համար...»[10]։ Ակցիային աջակցել են մի քանի համացանցային ռեսուրսներ, այդ թվում՝ Վիքիպեդիայի երեք այլ լեզվական բաժիններ (իտալերեն, բաշկիրերեն և յակուտերեն[11]), «Ժիվոյ Ժուրնալ» բլոգ-հարթակը, «ՎԿ» սոցիալական ցանցը, «Յանդեքս» որոնողական համակարգը, «Լուրկոմորիե» վիքի կայքը, «2ch.so» իմիջբորդը։ Համերաշխության խոսքեր են հայտնել նաև մի շարք համացանցային ընկերությունների պաշտոնական ներկայացուցիչներ, որոնք մտահոգություն են հայտնել առ այն, որ «օրինագծի իրական քննարկումներ չեն անցկացվել ոչ փորձագիտական հանրությունում, ոչ էլ իշխանության մարմիններում»՝ կոչ անելով օրենսդիրներին հետաձգել օրինագծի ընդունումը և անցկացնել դրա լուրջ լրամշակումը[12][13]։