From Wikipedia, the free encyclopedia
Ռուներ, Ռունական այբուբենի տառեր, որոնք օգտագործվում էին Գերմանական լեզուներում մինչև Լատինական այբուբենի ներմուծումը։ Այբուբենի Սկանդինավյան անվանումն է Ֆուտարկ, անգլոսաքսոնական անվանումը՝ Ֆուտորկ։
Ռուներ | |
---|---|
Տեսակ | այբուբեն, alphabetic writing system?, միատառ այբուբեն և script family? |
Կազմված է | rune letter? |
Ժառանգված համակարգ | հին իտալերեն |
ISO 15924 | Runr |
Runic writing Վիքիպահեստում |
Ռունոլոգիան ռունական այբուբենը, ռունական գրերը, ռունական քարերը և դրանց պատմությունն ուսումնասիրող գիտություն է։ Ռունոլոգիան Գերմանական լեզվաբանության մասնագիտացված ճյուղ է։ Ամենահին ռունական գրերը թվագրվում են մ․թ․ 150 թ․։ Ռուները հետագայում փոխարինվել են լատինական տառերով, քանի որ ռունական այբուբենն օգտագործող մշակույթները, Եվրոպայում մինչև 700թ․ , իսկ կենտրոնական Եվրոպայում մինչև 1100 թ․, քրիստոնեություն ընդունեցին։ Այնուամենայնիվ, ռուները շարունակեցին օգտագործվել հատուկ նպատակներով Հյուսիսային Եվրոպայում։ Մինչև 20-րդ դարի սկիզբը ռուները օգտագործվում էին դեկորատիվ նպատակներով Շվեդիայի ծայրամասում, Դալարնայում և ռունական օրացույցներում։
Ամենահայտնի ռունական 3 այբուբեններն են Հին Ֆուտարկը (մ․թ․ 150-800 թթ․), անգլոսաքսոնական Ֆուտորկը(մ․թ․ 400-1100թթ․) և Նոր Ֆուտարկը(մ․թ․800-1100 թթ․)։
Պատմականորեն ռունական այբուբենը ծագել է Հին Իտալական գրերից, որին ավելացվել են նոր տարրեր։ Սակայն դեռ հայտնի չէ, թե Հին Իտալական գրերից որն է ընկած ռուների հիմքում։ Ամենահին գրերը հայտնաբերվել են Դանիայում և Հյուսիսային Գերմանիայում։
Մ․թ․ 1-ին և 2-րդ դարերից սկսած ռուները օգտագործվում էին գերմանական ժողովուրդների կողմից։ Լեզվաբանության տեսանկյունից այս ժամանակաշրջանը համընկնում է հին բարձր գերմաներենի փուլի հետ, երբ դեռ առանձնացված չէին բարբառները՝ հյուսիսային գերմաներենը, արևմտյան գերմաներենը և արևելյան գերմաներենը։
Գոյություն ունեցող ռունական գրերում երկար և կարճ ձայնավորների միջև տարբերակում չկա, սակայն այդ տարբերակումները առկա էին այդ ժամանակի բանավոր խոսքում։ Նման կերպով, Հին Ֆուտարկում չկային շրթայնացած բաղաձայններ։
«Ռուներ» տերմինն օգտագործվում է այս նշանները Լատինական և հունական տառերից տարբերակելու համար։ Այս եզրը ծագում է գերմաներենի «ռուն» արմատից, որը նշանակում է «գաղտնիք» կամ «շշնջյուն»[1]։
Ռուները զարգացում են ապրել Հին Իտալերենից դարեր անց, որից և հավանաբար ծագել են։ Ռունական գրերի զարգացման վերաբերյալ քննարկումներում փորձում են պարզել, թե Իտալական այբուբեններից որն է ընկած ռուների հիմքում, և որոնք են այն նոր տարրերը, որոնք ավելացվել են այդ այբուբեններից մեկին, որի արդյունքում էլ ստեղծվել է ռունական այբուբենը։ Գրերի ծագման պատմական կոնտեքստը գերմանական ժողովուրդների միջև մշակութային կապն է։ Այդ ժողովուրդները հաճախ հռոմեական բանակում ծառայել են որպես վարձկաններ։ Հին Ֆուտարկը առաջացել է մինչև վաղ 5-րդ դարը։
Շատ գիտնականներ համարում են, որ ռուների հիմքում ընկած է Բոլցանոյի ռետական այբուբենը, քանի որ ռունական այբուբենի միայն 5 ռուներ Բոլցանոյի այբուբենում չունեն նմանակներ։ Սկանդինավիայի գիտնականները համարում են, որ ռուների հիմքում ընկած է լատինական այբուբենը[2]։
Ռուների անկյունային գրելաձևը ընդհանուր էր դրա ժամանակակից այբուբենների համար, քանի որ այդ ժամանակ գրելու համար օգտագործվում էր փայտ կամ քար։ Փայտի վրա գրելիս դժվար էր հորիզոնական գծեր անել, քանի որ դրանք համընկնում էին փայտի հորիզոնական կառուցվածքի հետ և դրա պատճառով փայտը հաճախ կոտրվում էր։
150-550 թվականների միջև ընկած ժամանակահատվածը ռունական արձանագրությունների 1-ին փուլն է համարվում։ Այս արձանագրությունները հիմնականում արված են Հին Ֆուտարկով, սակայն որոշ տառերի ձևը տարբերվում է սովորական գրելաձևից։
Հյուսիսային Եվրոպայում գտնված նիզակների ծայրերին և վահանների վրա արված արձանագրությունները պատկանում են մ․թ․ 200 թվականին։ Հյուսիսային Գերմանիայում գտնվել են արտեֆակտներ, որոնց վրայի արձանագրությունները էլ ավելի հին են։ Սրանց թվում են գերեզմաններից գտնված սանրեր, մազակալներ, և համարվում են ամենահին գտածո իրերը, որոնց վրա առկա են ռունական արձանագրություններ։
Կան որոշ ապացույցներ, որ գոյություն են ունեցել առանձին գոթական ռուներ, չնայած այն բանին, որ դրանք համարվում են Ֆուտարկի հիմքում ընկած այբուբենը։ Նույնիսկ եթե երբևէ գոյություն են ունեցել իսկական գոթական ռուներ, ապա դրանք շուտով փոխարինվել են Գոթական այբուբենով։ Այնուամենայնիվ, գոթական այբուբենի տառերը ակնհայտորեն որոշակի կապ ունեն ֆուտարկի հետ։ Բրիտանիկա հանրագիտարանում նույնիսկ նշված է, որ ռուները առաջացել են Գոթերի շնորհիվ[3]։
Արտեֆակտների վրա հայտնաբերված ամենահին ռունական արձանագրությունների վրա նշված է լինում տիրոջ կամ քանդակագործի անունը, հակառակ դեպքում դա մնում է լեզվաբանական առեղծված։ Հնարավոր է, որ ռուները ուղղակի գրային համակարգ չէին, դրանք նաև կախարդական նշաններ էին, որոնք օգտագործվում էին կախարդանքներում։ Չնայած որ որոշ մարդիկ ասում են, որ ռուները օգտագործվել են գուշակության նպատակով, դրա մասին ապացույցներ, որպես այդպիսին, չկան։ Հենց ռուների անվանումը, որ նշանակում է «գաղտնիք, որևէ թաքնված բան», կարծես հուշում է, որ ռուները նախատեսված էին միայն նվիրյալների և վերնախավի համար։
Գերմաներենի զարգացմանը զուգընթաց բառերը, որոնք գրվում էին ռուներով և հնչյունները, որոնք ներկայացնում էին հենց այդ ռուներին, սկսեցին ինչ-որ չափով չհամապատասխանել, և տարբեր մշակույթներ կամ սկսեցին ստեղծել նոր ռուներ, փոխարինել անունները այլ անուններով, կամ էլ ընդհանրապես դադարեցին օգտագործել ռուներ այս փոփոխություններին համապատասխանեցնելու նպատակով։ Այսպիսով, անգլո-սաքսոնական Ֆուտորկը ունի իրեն հատուկ ռուներ, որոնք ներկայացնում են երկձայն հնչյունները, որոնք հատուկ են անգլո-սաքսոնական բարբառին։ Ինչևէ, այն փաստը, որ Նոր ֆուտարկը ունի 16 ռուներ, այնինչ Հին Ֆուտարկը՝ 24, չի բացատրվում Հյուսիսային Գերմանական լեզվախմբում հնչյունային փոփոխություններով։ Ավելի ուշ ժամանակաշրջանի ռուները փորագրված են հուշարձանների (ռունական քարեր) վրա, որոնցում ներառված են մահացած, կամ հերոսական արարքներ կատարած մարդկանց մասին հանդիսավոր գրություններ։ Երկար ժամանակ համարվում էր, որ սա ռուների սկզբնական գործածությունն է։
1950-ական թվականների կեսերին Բերգենում հայտնաբերվել են մոտ 600 արձանագրություններ, հայտնի որպես Բրեգենյան արձանագրություններ։ Այս արձանագրությունները արված են փայտի կամ ոսկորի վրա և պարունակում են առօրյա կյանքից դրվագներ։ Սրանից ենթադրվում է, որ ռուները օգտագործվում էին որպես սովորական գրային համակարգ։ Ուշ միջնադարում ռուները օգտագործվում էին օրացույցներում։
Նորվեգիական առասպելաբանության մեջ ռունական գրերը ունեն աստվածաբանակն ծագում։ Սա հաստատվում է տարբեր ռունաքարերի վրայի արձանագրություններում, որտեղ նկարագրվում է, թե ինչպես են ռուները ստեղծվել աստվածների կողմից[4][5]։
Հին ֆուտարկը, որը օգտագործվում էր որպես նախանորվեգերենի գրային համակարգ, բաղկացած է 24 ռուներից, որոնք դասավորված են 3 շարքով՝ յուրաքանչյուրում 8 ռուներ։ Հավանաբար յուրաքանչյուր ռուն ուներ իր անունը, որը ներկայացնում էր տվյալ ռունի արտասանությունը։ Սակայն այդ անունները ուղղակիորեն կապված չեն Հին Ֆուտարկի հետ։ Նախագերմաներենում կային վերականգնված անուններ, որոնք կապված են ռունական բանաստեղծություններում օգտագործված ավելի նոր այբուբենների ռուների անունների և գոթական այբուբենի տառերի անունների հետ։
/Ա/ տառի անունը վերցված է ռունական «Անսուզ» կոչվող տառից։ Ռուների անունների դիմաց դրված աստղանիշը նշանակում է, որ դրանք չհաստատված վերականգնություններ են։ Հին Ֆուտարկի 24 ռուներն են.
Ռուներ | Գրադարձություն | ՄՀԱ | Նախագերմանական անունը | նշանակությունը |
---|---|---|---|---|
ᚠ | f | /f/ | *fehu | «Հարստություն» |
ᚢ | u | /u(ː)/ | ?*ūruz | «վայրի ցուլ» |
ᚦ | þ | /θ/, /ð/ | ?*þurisaz | «հսկա» |
ᚨ | a | /a(ː)/ | *ansuz | «Ասեր» |
ᚱ | r | /r/ | *raidō | «ճանապարհորդություն» |
ᚲ | k (c) | /k/ | ?*kaunan | «խոց, կամ էլ ջահ» |
ᚷ | g | /ɡ/ | *gebō | «նվեր» |
ᚹ | w | /w/ | *wunjō | «ուրախություն» |
ᚺ ᚻ | h | /h/ | *hagalaz | «կարկուտ» |
ᚾ | n | /n/ | *naudiz | «կարիք» |
ᛁ | i | /i(ː)/ | *īsaz | «սառույց» |
ᛃ | j | /j/ | *jēra- | «տարի, բերք» |
ᛇ | ï (æ) | /æː/(?) | *ī(h)waz/*ei(h)waz | «կարմրածառ» |
ᛈ | p | /p/ | ?*perþ- | «տանձենի» |
ᛉ | z | /z/ | ?*algiz | «հյուսիսային եղջերու» |
ᛊ ᛋ | s | /s/ | *sōwilō | «արև» |
ᛏ | t | /t/ | *tīwaz/*teiwaz | «Տիր աստված» |
ᛒ | b | /b/ | *berkanan | «կեչի» |
ᛖ | e | /e(ː)/ | *ehwaz | «ձի» |
ᛗ | m | /m/ | *mannaz | «մարդ» |
ᛚ | l | /l/ | *laguz | «ջուր, լիճ» |
ᛜ ᛝ | ŋ | /ŋ/ | *ingwaz | աստված Ինգվազ |
ᛟ | o | /o(ː)/ | *ōþila-/*ōþala- | «ժառանգություն, սեփականություն» |
ᛞ | d | /d/ | *dagaz | «օր» |
Ֆուտորկը սկզբում կազմված է 29 ռուներից, ապա 33։ Այն հավանաբար սկսել է գործածվել 5 -րդ դարից։ Անգլոսաքսոնական ֆուտորկի առաջացման վերաբերյալ բազմաթիվ տեսություններ կան։ Համաձայն դրանցից մեկի՝ ֆուտորկը առաջացել է Ֆրիսլանդիայում և տարածվել է մինչև Անգլիա։ Մի ուրիշ տեսության համաձայն՝ ռուները Անգլիա են եկել Սկանդինավիայից և փոփոխության են ենթարկվել։
Անգլոսաքսոնական ռուներն են՝
ᚠ feoh, ᚢ ur, ᚦ thorn, ᚩ os, ᚱ rad, ᚳ cen, ᚷ gyfu, ᚹwynn, ᚻ haegl, ᚾ nyd, ᛁ is, ᛄ ger, ᛇ eoh, ᛈ peordh, ᛉ eolh, ᛋ sigel, ᛏ tir, ᛒ beorc, ᛖ eh, ᛗ mann, ᛚ lagu, ᛝ ing, ᛟ ethel, ᛞ daeg, ᚪ ac, ᚫ aesc, ᚣ yr, ᛡ ior, ᛠ ear.
Ավելացվել են ևս մի քանի ռուներ՝
ᛢ cweorth, ᛣ calc, ᛤ cealc, և ᛥ stan. Վերջիններս գտնվել են միայն ձեռագրերում։
Սա ռունական այբուբեն է, որը Հին Ֆուտարկի և անգլոսաքսոնական ֆուտորկի խառնուրդ է։ Այն հիշատակվում է «De Inventione Litterarum» կոչվող մի քննախոսության մեջ, որը վերագրվում է Ռաբանուս Մաուրուսին։ Այն պահպանվել է գլխավորապես Կարոլինգյան թագավորության՝ 8-9-րդ դարերի ձեռագրերում[6]։
Նոր Ֆուտարկը, որ կոչվում է նաև Սկանդինավյան Ֆուտարկ, Հին Ֆուտարկի կրճատված տարբերակն է։ Այն բաղկացած է ընդամենը 16 ռուներից։ Կրճատումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ նախանորվեգերենը վերածվել է հին նորվեգերենի, և հնչյունային համակարգում տեղի են ունեցել փոփոխություններ։ Նոր Ֆուտարկը օգտագործվել է սկսած 9-րդ դարից։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.