Ռոմուվա (կրոն)
From Wikipedia, the free encyclopedia
Ռոմուվա, նոր հեթանոսական կազմակերպություն Լիտվայում։
Ռոմուվան Բալթյան ժողովուրդների ավանդական էթնիկ կրոնի ժամանակակից վերահաստատումն է՝ նախքան 1387 թվականի քրիստոնեության ընդունումը, լիտվացիների հնագույն կրոնական սովորույթների վերականգնումը։ Այն Բալթյան հեթանոսական ավանդույթների շարունակումն է, որը գոյություն է ունեցել բանահուսության ու սովորույթների մեջ[1][2][3]։
Ռոմուվան բազմաստվածության հեթանոսական հավատ է, որը պաշտպանում է սուրբ բնությանն ու նախնիների պաշտամունքը։ Գործնականում այս հավատքը աչքի է ընկնում իր սրբավայրերով, որպես մշակութային պարծանք, ավանդական արվեստի տեսակներով՝ կապված բալթյան բանահուսության հետ, ավանդական տոներով, բալթյան ավանդական երգ֊երաժշտությամբ և երաժշտական կատարումներով[4]։
Համայնքը ձևավորվել է բարձրաստիճան քահանա (krivių krivaitis) Յոնաս Տրինկունասի (լիտ.՝ Jonas Trinkūnas) կողմից, ով մինչև իր մահը՝ 2014 թվականը եղել է այդ համայնքի առաջնորդը։ Քահանան թաղվել է հին Բալթյան ավանդույթների համաձայն[5]։ Նրա մահից հետո նրա կինն է ընտրվել որպես նոր քահանայապետ։ Ձեռնադրումը տեղի է ունեցել 2015 թվականի մայիսի 31-ին, Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում, Գեդիմինի աշտարակում։ Ինիյա Տրինկունիան (լիտ.՝ Inija Trinkūnienė) հեթանոսական պատմության մեջ առաջին կինն է, ով ձեռնադրվել է քահանայապետ[6]։
Ռոմուվան հիմնականում գոյություն ունի Լիտվայում, սակայն միաբանների ժողովներ են անցկացվում նաև Ավստրալիայում, Կանադայում, ԱՄՆ-ում[7] և Անգլիայում[8][9][10]։ Նորվեգիայում էլ կան հավատացյալների խմբեր[11], որոնց համար նույնպես կազմակերպվում են ժողովներ[12]։ Այլ ազգերի մեջ էլ կան Բալթյան այդ հեթանոսական հավատքի անդամներ, այդ թվում ՝ դիեվտուրիբացիները, ովքեր ապրում են Լատվիայում։
Ըստ 2001 թվականի մարդահամարի՝ Լիտվայում հավատացյալների թիվը կազմել է 1270 մարդ[13] , իսկ 2011 թվականի տվյալներով այն աճել և հասել է 5118-ի[14]։