Ռազմանավ
From Wikipedia, the free encyclopedia
Ռազմանավ, ռազմածովային նավատորմի կազմի մեջ մտնող և որոշակի մարտական կամ հատուկ խնդիրների լուծման համար ծառայող նավ։ Ծովի վերաբերյալ 1958 թվականին Ժնևի միջազգային պայմանագրի համաձայն՝ ռազմանավը պետք է ունենա պետական պատկանելիությունն արտացոլող արտաքին նշաններ, լինի պետական ծառայության մեջ գտնվող սպայի հրամանատարության ներքո, ունենա կանոնավոր ռազմական կարգապահությանը ենթարկվող անձնակազմ[1]։
Ռազմանավերը պետության սեփականությունն են, ենթարկվում են միայն նրա օրենքներին և, պաշտոնապես օտար ջրերում գտնվելիս, օգտվում են արտերկրայնության իրավունքից։ Ըստ մարտական նշանակման՝ ռազմանավերը սարքավորված են հրթիռային, հրետանային, տորպեդային կամ ականային զենքով կամ էլ զենքի մի քանի տեսակներով[1]։
Որոշ, ռազմանավեր կրում են ինքնաթիռներ և ուղղաթիռներ։ Մարտական խնդիրների հաջող կատարման համար ռազմանավը պետք է օժտված լինի բարձր լողունակությամբ, կանգունությամբ, անխորտակելիությամբ, արագընթացությամբ, ղեկավարելիությամբ, սահունությամբ և ճոճման որոշակի ամպլիտուդով[1]։
Այդ ռազմանավերն ունեն հզոր շոգեշարժիչային, դիզելային, գազատուրբինային, ատոմային և համակցված էներգետիկական (օրինակ, դիզել-գազատուրբինային) շարժչակայանքներ։ [1]