Ջորջ Ֆլոյդի սպանություն
From Wikipedia, the free encyclopedia
Ջորջ Ֆլոյդ (անգլ.՝ George Floyd), աֆրոամերիկացի, որը մահացել է 2020 թվականի մայիսի 25-ին այն պատճառով, որ Մինեապոլիսից սպիտակամորթ ոստիկան Դերեկ Շովինը ծնկով սեղմել է նրա պարանոցը և այդպես նրան պահել ավելի քան 7 րոպե, մինչդեռ Ջորջն ընկած էր ճանապարհին դեմքով դեպի ներքև[2][3]։ Ոստիկաններ Թոմաս Լեյնը և Ջ․ Ալեքսանդր Քուենգը նույնպես օգնում էին պահել Ֆլոյդին, իսկ Թու Թաոն կանգնած էր նրանց մոտ և պարզապես նայում էր[4]։ Միջադեպը տեղի է ունեցել Փաուդերհորնում (Մինեապոլիս, Մինեսոտա նահանգ) Ֆլոյդի՝ խանութում կեղծ չեկով գնումներ կատարելու կասկածանքով ձերբակալության ժամանակ[5], և մի քանի ականատեսների կողմից տեսագրվել է հեռախոսներով[6]։ Տեսանյութերը, որոնցում Ֆլոյդը բազմիցս ասում էր. «Ես չեմ կարողանում շնչել», արագորեն տարածվել են սոցիալական մեդիայում և հեռարձակվել ԶԼՄ-ներով։ Միջադեպին մասնակցած չորս ոստիկան հաջորդ օրը հեռացվել է աշխատանքից[7]։
Ականատեսի կողմից նկարահանված տեսանյութ | |
Թվական | 2020-5-25 (3 տարի առաջ) |
---|---|
Ժամանակ | 8:00–8:30[1] |
Վայր | ԱՄՆ (Մինեապոլիս, Մինեսոտա) |
Կոորդինատներ | 44°56′03″ հս․. լ. 93°15′45″ ամ. ե.HGЯOL |
Նկարահանել է | Դարնելա Ֆրազիեր |
Մասնակիցներ | Դերեկ Շովին Թու Թաո Թոմաս Լեյն Ջ․ Ալեքսանդր Քուենգ |
Մահ(եր) | 1 (Ջորջ Ֆլոյդ) |
Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքում այն վայրը, որտեղ տեղի է ունեցել միջադեպը։ |
Հետաքննությունների դաշնային բյուրոն միջադեպի հետաքննություն է սկսել Մինեապոլիսի ոստիկանության բաժնի խնդրանքով, մինչդեռ Մինեսոտայի քրեական հետապնդման բյուրոն հետաքննում է, թե արդյոք Մինեսոտայի օրենքների խախտումներ են եղել[8]։ Ֆլոյդի սպանությունը համեմատում են Էրիկ Գարների՝ 2014 թվականին տեղի ունեցած սպանության հետ, որը կրկնում էր․ «Ես չեմ կարողանում շնչել»։ Սպաները խեղդել են նրան ձերբակալության ժամանակ, թեև նա անզեն էր[9]։
Ֆլոյդի սպանությունից հետո Մինեապոլիս-Սենտ Փոլ շրջանում ցույցերը և բողոքի ակցիաները սկզբում եղել են խաղաղ, սակայն կտրուկ բռնության են վերածվել, երբ ոստիկանությունը խաղաղ ցուցարարների վրա սկսել է օգտագործել արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ։ Արդյունքում ոստիկանության բաժնում կոտրվել են պատուհանները, հրկիզվել է երկու խանութ, իսկ հարակից շրջաններում գտնվող մյուս խանութները թալանվել և վնասվել են[10]։ Իրավապահ մարմինները պատասխանել են արցունքաբեր գազով և ռետինե փամփուշտներով[11][12]։