From Wikipedia, the free encyclopedia
Ջոն Քենեդի Թուլ (անգլ.՝ John Kennedy Toole, դեկտեմբերի 17, 1937[1], Օռլեան շրջան, Լուիզիանա, ԱՄՆ[2][3] - մարտի 26, 1969[1], Բիլոքսի, Միսսիսիպի, ԱՄՆ), 20-րդ դարի ամերիկացի գրող, ով համբավվել է իր հեղինակած «Տխմարների համադաշնությունը» (A Confederacy of Dunces) երգիծավեպով, որի համար հետմահու արժանացել է Պուլիտցերյան մրցանակի
Ջոն Քենեդի Թուլ | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 17, 1937[1] |
Ծննդավայր | Օռլեան շրջան, Լուիզիանա, ԱՄՆ[2][3] |
Վախճանվել է | մարտի 26, 1969[1] (31 տարեկան) |
Վախճանի վայր | Բիլոքսի, Միսսիսիպի, ԱՄՆ |
Գերեզման | Greenwood Cemetery[3] |
Մասնագիտություն | գրող, վիպասան, ռազմական գործիչ, պրոֆեսոր, սցենարիստ և լրագրող |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Կոլումբիայի համալսարան, Թուլեյնի համալսարան, Alcee Fortier High School? և Tulane University School of Liberal Arts? |
Ուշագրավ աշխատանքներ | A Confederacy of Dunces? |
Աշխատավայր | Թուլեյնի համալսարան, Հանթեր քոլեջ և Լուիզիանա համալսարան |
John Kennedy Toole Վիքիպահեստում |
Անցյալ դարի 60-ական թվականներին գրած այդ վեպը հեղինակը բազմիցս փորձել է հրատարակել, բայց արդյունքի չհասնելով՝ ընկել է խոր ընկճախտի մեջ և ի վերջո իր կյանքին վերջ տվել երիտասարդ տարիքում՝ երեսունմեկ տարկանում։
Պահպանվել է նաև վաղ հասակում՝ ընդամենը 16 տարեկանում Թուլի գրած «Նեոնային Աստվածաշունչ» (The Neon Bible) վեպը, որը նա համարել է հասարակության ուշադրությանը ներկայացնելու անարժան, պատանեկան «հում» գործ։ Եվ չնայած դրան՝ «Տխմարների համադաշնության» լույս ընծայումից մի քանի տարի անց՝ 1989 թվականին «Նեոնային Աստվածաշունչ»-ը նույնպես հրատարակվել է[4], իսկ 1995 թվականին՝ նաև էկրանավորվել[5][6]։
2015 թվականի նոյեմբերի 11-ից դեկտեմբերի 13-ը «Տխմարների համադաշնությունը» ներկայացվել է հեռուստասերիալի տեսքով (սցենարի հեղինակ՝ Ջեֆրի Հեչեր, բեմադրող՝ Դեյվիդ Էսբյորնսոն, գլխավոր դերակատար՝ Նիք Օֆերմեն)։ Երգիծավեպը այդ նույն տարում բեմադրվել է նաև Բոստոնի հեղինակավոր Հանթինգտոն թատրոնում[7]։ Իսկ 2016 թվականին Նյու Յորքում կայացած «Միդթաուն» թատերական միջազգային փառատոնում (Midtown International Theatre Festival) ներկայացվել է Վիվիան Նոյվիրթի Mr. Toole թատերախաղը, որ ստեղծվել է վաղամեռիկ գրողի կյանքի ու ստեղծագործության ուշագրավ դրվագների հիման վրա[8]։
Նոր Օռլեանի Լոյոլա և Թուլեյն համալսարանները արխիվային նյութերի հիման վրա պատրաստվում են հրատարակել «Տխմարների համադաշնության» նոր, առավել ճշգրիտ ու ամբողջական տեքստը[9]։
Ջոն Քենեդի Թուլը ծնվել է Նոր Օռլեանում, Ջոն և Թելմա Թուլերի ընտանիքում։ Էքստեռն կարգով ավարտելով դպրոցը՝ 16 տարեկանում ընդունվել է Թուլեյն համալսարան, ստացել բակալավրի, այնուհետև՝ 1959 թվականին Կոլումբիայի համալսարանում՝ արվեստների մագիստրոսի որակավորում։
Մեկ տարի դասավանդել է Նյու Յորքում, այնուհետև՝ Նոր Օռլեանի Սուրբ Մարիամի անվան դոմինիկյան քոլեջում։
1962—1963 թվականներին ծառայել է ԱՄՆ զինված ուժերում. անգլերենի դասեր է վարել Պուերտո Ռիկոյից զորակոչվածների համար։ Այդ նույն ժամանակ էլ գրել է «Տխմարների համադաշնությունը» երգիծավեպը։
1963 թվականին նորից աշխատանքի է անցել Նոր Օռլեանի դոմինիկյան քոլեջում, միաժամանակ նամակագրություն սկսել «Սայմոն և Շուստեր» («Simon & Schuster») հրատարակչության խմբագրի հետ՝ «Տխմարների համադաշնությունը» տպագրելու առնչությամբ։ Տարիներ ձգված նամակագրությունն ավարտվել է հրատարակչատան վերջնական մերժումով։
1969 թվականի մարտի 26-ին Թուլն ինքնասպանություն է գործել իր ավտոմեքենայի թունավոր արտանետումներով՝ թողնելով մորը հասցեագրված նամակ և որոշակի գումար։
Երիտասարդ որդու ողբերգական վախճանից տասնմեկ տարի անց միայն մորը հաջողվել է համառ ջանքեր գործադրելու շնորհիվ լույս ընծայել տալ «Տխմարների համադաշնությունը», որը միանգամից արժանացել է գրաքննադատների ու ընթերցողների հիացական արձագանքին, 1981 թվականին շահել Պուլիտցերյան մրցանակ, այդ նույն տարում պարգևատրվել ամերիկյան ևս մեկ հեղինակավոր գրական մրցանակով՝ PEN/Faulkner Award-ով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.