From Wikipedia, the free encyclopedia
Պրիմախին, դեղամիջոց, որն օգտագործվում է մալարիայի կանխարգելման և բուժման, ինչպես նաև՝ պնևմոցիստային թոքաբորբի բուժման համար[2]։ Այն հիմնականում օգտագործվում է Plasmodium vivax-ով և Plasmodium ovale-ով հարուցված մալարիայի բուժման ժամանակ՝ այլ պրեպարատների հետ զուգակցված, ինչպես նաև կանխարգելման նպատակով, եթե մնացած տարբերակները հնարավոր չէ կիրառել[2]։ Պրիմախինը համարվում է պնևմոցիստային թոքաբորբի բուժման այլընտրանքային տարբերակ՝ կլինդամիցինի հետ զուգակցված[2][3]։ Օգտագործվում է պերօրալ[2]։
Պրիմախին | |
---|---|
Քիմիական բանաձև | C₁₅H₂₁N₃O |
Մոլային զանգված | 4,3E−25 կիլոգրամ[1] գ/մոլ |
Քիմիական հատկություններ | |
Դասակարգում | |
CAS համար | 90-34-6 |
PubChem | 4908 |
EINECS համար | 201-987-2 |
SMILES | CC(CCCN)NC1=C2C(=CC(=C1)OC)C=CC=N2 |
ЕС | 201-987-2 |
ChEBI | 4739 |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
Ընդհանուր կողմնակի ազդեցություններն են՝ սրտխառնոցը, փսխումը և ստամոքսի կծկանքանման ցավերը[2][4]։ Խորհուրդ չի տրվում նշանակել պրիմախին գլյուկոզ-6-ֆոսֆատ դեհիդրոգենազայի պակասուրդով (Գ6ՖԴՊ) մարդկանց, քանի որ կա էրիթրոցիտների քայքայման վտանգ[4]։ Հղիության ընթացքում խորհուրդ է տրվում խուսափել պրիմախինի կիրառումից[5][6]։ Այն կարելի է օգտագործել կրծքով կերակրման ժամանակ, երբ հայտնի է, որ երեխան չունի գլյուկոզ-6-ֆոսֆատ դեհիդրոգենազայի պակասուրդ[6]։ Ազդեցության մեխանիզմն ամբողջությամբ պարզաբանված չէ, սակայն գտնում են, որ այն վնասում է մալարիայի պլազմոդիումի ԴՆԹ-ն[2]։
Պրիմախինն առաջին անգամ արտադրվել է 1946 թվականին[3]։ Այն ներառված է Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության (ԱՀԿ) հիմնական դեղամիջոցների ցանկում, որպես առավել արդյունավետ և անվտանգ դեղամիջոց, որն անհրաժեշտ է առողջապահության համակարգին[7]։ Այն հասանելի է որպես ընդհանուր դեղամիջոց[2]։ Զարգացող երկրներում մեծաքանակ ծախսերը կազմում են օրական 0.04–0.11 ԱՄՆ դոլար[8]։ ԱՄՆ-ում բուժման ստանդարտ կուրսի արժեքը կազմում է 50-100 ԱՄՆ դոլար[5]։
Պրիմախինը հիմնականում օգտագործվում է Plasmodium vivax-ով և Plasmodium ovale-ով հարուցված մալարիայի ռեցիդիվը (ախտադարձ) կանխելու նպատակով[9]։ Այն օրգանիզմից հեռացնում է հիպնոզոիտներին («քնած» ձևեր), որոնք մակաբուծում են լյարդում[10] (լյարդային փուլ) և հետագայում անցնում արյան հուն[11]։ Եթե հաստատված է, որ վարակը հարուցված է Pl. vivax-ով կամ Pl. ovale-ով և չի նշանակվել պրիմախին, ապա մեծ է ախտադարձի հավանականությունը շաբաթների կամ ամիսների ընթացքում (երբեմն տարիների)[9]։ Խինինի և պրիմախինի համատեղ կիրառման դեպքում, որոնցից յուրաքանչյուրը արդյունավետ կերպով նպաստում է արյան մաքրմանը Pl. vivax-ից, ունենում ենք ավելի լավ արդյունք, քանի որ մեծանում է պրիմախինի ազդեցությունը[12]։
Ըստ 2016 թվականի տվյալների՝ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի կողմից առաջարկվել է օգտագործել պրիմախինը էնդեմիկ գոտիներ այցելելուց առաջ (բարձր է Pl. vivax-ով հիվանդացության մակարդակը)՝ առաջնային կանխարգելման նպատակով, ինպես նաև ուղևորությունից հետո՝ վերջնական կանխարգելման նպատակով (հակաախտադարձային բուժում)[4]։
Մեկ դեղաչափ պրիմախինը կարող է արագ և ուժեղ կերպով սպանել Pl. falciparum-ի և Pl. vivax-ի արյան մեջ գտնվող գամետոցիտներին (5-րդ փուլ), ինպես նաև Pl. vivax-ի արյան մեջ գտնվող տրոֆոզոիտներին, սակայն չունի ազդեցություն Pl. falciparum-ի տրոֆոզոիտների վրա[12]։ Քանի որ այն հանգեցնում է գամետոցիտների ոչնչացմանը՝ Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությունն (ԱՀԿ) առաջարկում է այն օգտագործել որպես Pl. falciparum-ի դեմ պայքարի միջոց և այդ կերպ նվազեցնել վարակի տարածումը[13]։
Պրիմախինն օգտագործվում է նաև պնևմոցիստային թոքաբորբի, սնկային վարակի դեպքում, որը հաճախ է հանդիպում ՁԻԱՀ-ով հիվանդ մարդկանց շրջանում և ավելի հազվադեպ՝ իմունոճնշիչ (իմունոսուպրեսիվ) դեղորայքներ օգտագործողների մոտ։ Պնևմոցիստային թոքաբորբի արդյունավետ բուժման նպատակով պրիմախինը համակցում են կլինդամիցինի հետ[3]։
Պրիմախինի ազդեցությունը 65 և ավելի բարձր տարիքով անձանց շրջանում լայնորեն չի ուսումնասիրվել, հետևաբար չենք կարող ասել, կարիք կա դեղաչափի փոփոխման, թե՝ ոչ[14]։
Պրիմախինը խորհուրդ չի տրվում նշանակել Գ6ՖԴՊ-ով անձանց, քանի որ կա ծանր ռեակցիայի առաջացման վտանգ, որը կարող է հանգեցնել հեմոլիտիկ սակավարյունության[4]։ Այնուամենայնիվ, ԱՀԿ-ի կողմից առաջարկվում է սահմանել պրիմախինի մեկանգամյա օգտագործման այնպիսի դեղաչափ (0.25 մգ/կգ), որն անվտանգ կլինի նույնիսկ Գ6ՖԴՊ-ով անձանց համար, որպեսզի հնարավոր լինի կանխարգելել Pl. falciparum-ի կողմից մալարիայի փոխանցումը[13]։
Հղիության ժամանակ հակացուցված է պրիմախինի օգտագործումը, քանի որ պտղի մոտ գլյուկոզ-6-ֆոսֆատ դեհիդրոգենազայի մակարդակը դեռևս անհայտ է[4]։
Պրիմախինով գերդոզավորումը կարող է հանգեցնել արյան բջիջների մակարդակի զգալի նվազեցման, հետևաբար ագրանուլոցիտոզի ռիսկի դեպքում պետք է խուսափել նրա կիրառումից, ինչպես նաև այնպիսի հիվանդությունների դեպքում, ինպիսին է ռևմատոիդ արթրիտը, համակարգային կարմիր գայլախտը և նվազեցնել այն դեղամիջոցների ընդունումը, որոնք նույնպես հանգեցնում են արյան բջիջների մակարդակի նվազեցմանը[14]։
Պրիմախինի օգտագործման հիմնական կողմնակի ազդեցություններն են՝ սրտխառնոցը, փսխումն ու ստամոքսի կծկանքանման ցավը[4][14]։
Պրիմախինի կիրառումը ցիտոքրոմ b5 ռեդուկտազայի անբավարարությամբ մարդկանց մոտ բերում է մեթհեմոգլոբինեմիայի առաջացման, որի ժամանակ, ի տարբերություն նորմայի, արյունը սկսում է ավելի քիչ քանակությամբ թթվածին տեղափոխել[14]։
Գերդոզավորումը կարող է նվազեցնել արյան տարբեր բջիջների ֆունկցիոնալ հնարավորությունները․ հանգեցնել էրիթրոցիտների կորստի, մեթհեմոգլոբինեմիայի առաջացման և լեյկոցիտների կորստի[14]։
Գլյուկոզ-6-ֆոսֆատ դեհիդրոգենազայի պակասուրդով մարդկանց մոտ պրիմախինի կիրառումը կարող է առաջացնել հեմոլիտիկ սակավարյունություն[15]։
Պրիմախինի կիրառումը P. vivax-ի և P. ovale-ի լյարդային փուլում համարվում է մահացու, ինչպես նաև P. vivax-ի արյան փուլում՝ շնորհիվ բջջի օքսիդատիվ վնասման։ Սակայն ազդեցության մեխանիզմը մինչև վերջ պարզ չէ[6]։
Պրիմախինը լավ ներծծվում է աղիներից և լայնորեն տարածվում օրգանիզմում՝ առանց էրիթրոցիտներում կուտակվելու։ Պրիմախինի ընդունումը սննդի կամ թուրինջի հյութի հետ մեծացնում է նրա պերօրալ կենսամատչելիությունը[16]։ Արյան մեջ շրջանառող պրիմախինի 20%-ը գտնվում է սպիտակուցի հետ կապված վիճակում։ Այն ընտրողաբար կապվում է սուր փուլի սպիտակուց օրոսոմուկոիդի հետ։ Ընդունումից 6 ժամ անց պրիմախինը լյարդի ֆերմենտների ազդեցությամբ արագ վերածվում է կարբօքսիպրիմախինի, որը չունի հակամալարիային ակտիվություն։ Երիկամային արտազատման է ենթարկվում պրեպարատի սկզբնական քանակության 4%-ից պակասը[6][17]։
Պրիմախինը համարվում է պամախինի անալոգ, որը 8-ամինոխինոլոնների դասին պատկանող առաջին պատրաստուկն է. այդպիսի պատրաստուկ է նաև Տաֆենոխինը[12]։
Պրիմախինն առաջին անգամ ստեղծել է Ռոբերտ Էլդերֆիլդը՝ Կոլումբիայի համալսարանից, 1940-ականներին, որի նպատակը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հակամալարիային պատրաստուկների ստեղծմամբ զինվորներին պաշտպանելն ու բուժելն էր Խաղաղօվկիանոսյան ճակատում[12][18]։
Պրիմախինը ներառված է ԱՀԿ-ի կողմից առաջարկվող հիմնական դեղամիջոցների ցանկում, որպես առողջապահության համակարգին առավել անհրաժեշտ դեղամիջոց[19]։
Այն ընդհանուր դեղամիջոց է, որը հասանելի է ամբողջ աշխարհում հետևյալ վաճառքային անուններով՝ Jasoprim, Malirid, Neo-Quipenyl, Pimaquin, Pmq, Primachina, Primacin, Primaquina, Primaquine, Primaquine diphosphate, Primaquine Phosphate և Remaquin[20]։
Պրիմախինի կիրառումը կենդանիների մոտ Շագասի հիվանդության դեպքում եղել է չորս անգամ ավելի արդյունավետ, քան նիֆուրտիմոքսով ստանդարտ բուժումը[3]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.