From Wikipedia, the free encyclopedia
Պուրնուլուլու ազգային պարկ (անգլ.՝ Purnululu National Park), ազգային պարկ Ավստրալիայում` Արևմտյան Ավստրալիա նահանգում։ Ազգային պարկի կարգավիճակ է ստացել 1987 թվականին։ 2003 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։ Ավստրալիայի աբորիգեններից մեկի լեզվով «պուրնուլուլու» բառը նշանակում է ավազուտ[2]։
Պուրնուլուլու ազգային պարկ | |
---|---|
անգլ.՝ Purnululu National Park | |
Կատեգորիա ԲՊՀՄ — II (Ազգային պարկ) | |
Տեղագրություն | Ավստրալիա |
Կոորդինատներ | 17°26′56″ հվ. լ. 128°32′46″ ավ. ե.HGЯO |
Կարգավիճակ | Ազգային պարկ |
Տարածք | 2397 կմ² |
Հիմնադրված է | 1987[1] |
Կայք | parks.dpaw.wa.gov.au/park/purnululu |
Purnululu National Park Վիքիպահեստում |
ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգություն , օբյեկտ № 1094 ռուս.. • անգլ.. • ֆր. |
Ազգային պարկը Արևմտյան Ավստրալիայի արևելյան մասում` Կիմբերլի բարձրավանդակում, զբաղեցնում է 239.723 հա տարածք[3].(անգլ.՝ Purnululu Conservation Reserve)[4]: Պարկի պահուստային ֆոնդի (անգլ.՝ Purnululu Conservation Reserve) մակերեսը 79.602 հա է։ Մոտակա բնակավայրը Կունունարա քաղաքն է, որը գտնվում է պարկից 300 կմ հյուսիս։ Տարածքի ռելիեֆը խիստ տարբեր է` ներկայացված հիմնական 4 էկոհամակարգերով։ Դրանք են Բանգլ-Բանգլ լեռնազանգվածը (անգլ.՝ Bungle Bungle Range)` 45.000 հա տարածքով, այն շրջապատող ավազային ընդարձակ հարթավայրերը, Օրդ գետի շրջակա խոտածածկ հարթությունը, որը գտնվում է պարկի արևելյան և հարավային մասերում և կրաքարային լեռները պարկի արևելքում և արևմուտքում[4]։
Պարկի տեսարժան վայրը Բանգլ-Բանգլ լեռնային զանգվածն է, որտեղ 20 միլիոն տարվա ընթացքում էրոզիայի արդյունքում ձևավորվել են փեթակ հիշեցնող կոնանման հատվածներ[3]։ Դրանք ունեն շերտավոր կառուցվածք.ավազի վառ նարնջագույն շերտերին հաջորդում են մուգ գունավորմամբ շերտերը, որոնք ունեն մի քանի միլիմետրից մինչև մի քանի մետր հաստություն։ Դրանք առաջացել են կապտականաչավուն ջրիմուռներից կամ ցիանոբակտերիաներից[2][5]։ Վառ նարնջագույն շերտերը, ի տարբերություն մուգ շերտերի, ունեն ջրի ներծծման ցածր մակարդակ` դրանով պաշտպանելով շերտերը ջրի քայքայիչ ազդեցությունից։ Բացի դրանից` նրանք պարունակում են երկաթի և մանգանի օքսիդներ, որոնք այդ շերտերին հաղորդում են առավել վառ երանգավորում[2]։ Տարածքի կարստային գոյացություններն ունեն գիտական կարևոր նշանակություն, քանի որ ներկայացնում են ավազից կոնանման կարստային գոյացությունների ձևավորումը։
Ազգային պարկը գտնվում է Կենտրոնական Ավստրալիայի անապատային չոր և Հյուսիսային Ավստրալիայի մուսսոնային կլիմայական գոտիների միջև[5]։ Տարվա մեջ լավ դրսևորվում են երկու եղանակներ` շոգ ու խոնավ ամառները, որ ձգվում են նոյեմբերից մինչև մարտ (միջին առավելագույնը հոկտեմբերին կազմում է 38,3 °C), և երկար ու չոր ձմեռները` ապրիլից մինչև հոկտեմբեր (միջին առավելագույն ջերմաստիճանը հուլիսին կազմում է 29.1 °C)[4]: Տեղումների տարեկան միջին քանակը մոտ 600 մմ է[5]։
Պուրնուլուլու պարկի կենդանական և բուսական աշխարհն աչքի է ընկնում մի շարք առանձնահատկություններով։ Այստեղ կան տեսակներ, որոնք բնորոշ են երկու տարբեր էկոհամակարգերի` հյուսիսային մերձարևադարձային և չոր անապատային։ Բուսական աշխարհից տարածված են նվենին, ակացիան։ Հանդիպում են նաև պտերներ, արմավենիներ, խոլորձ։ Ընդհանուր առմամբ պարկում հանդիպում է բույսերի մոտ 653 տեսակ, որոնցից 13-ը` էնդեմիկ են[4]։ Կենդանական աշխարհը ներկայանում է կաթնասունների 41, թռչունների 19, սողունների 81, գորտերի 12 և ձկների 15 տեսակներով[4]։
Երկար ժամանակ ազգային պարկի տարածքը քիչ է ուսումնասիրված եղել եվրոպացիների կողմից, չնայած Ավստրալիայի աբորիգենների համար այն ունեցել է տնտեսական և մշակութային կարևոր նշանակություն. պարկի տարածքում հայտնաբերվել է մոտ 200 ժայռապատկեր։ Եվրոպացի գաղութարարների քիչ հետաքրքրվածությունը այս տարածքով ընդհանուր առմամբ բնիկներին փրկել է ոչնչացումից, սակայն նրանք տուժել են հիվանդություններից, էկոհամակարգի քայքայումից։ Առաջին անասնապահները այս տարածքում հայտնվել են 1884 թվականից, իսկ Բանգլ-Բանգլի` փեթակ հիշեցնող ձևերը եվրոպացիները բացահայտել են 1982 թվականին միայն, երբ նրանց վրայով թռել է կինոռեժիսորների խմբով ինքնաթիռը[4][6]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.