Պլաստիկ աղտոտում
From Wikipedia, the free encyclopedia
Պլաստիկ աղտոտում, պլաստմասե արտադրանքի կուտակման գործընթացը շրջակա միջավայրում, որը բացասաբար է ազդում վայրի բնության, վայրի կենդանիների և մարդկանց կենսամիջավայրի վրա[1][2][3][4]։ Ներկայում շրջակա միջավայր են ներթափանցում մեծ քանակությամբ պլաստիկ թափոններ, այսպես, հետազոտությունները թույլ են տվել ենթադրել, որ ծովային թռչունների 90 %-ի մարմինները պլաստիկ են պարունակում[5]։
Կան պլաստիկ աղտոտման տարբեր տեսակներ և ձևեր։ Պլաստիկ աղտոտումը բացասաբար է ազդում Երկրի մակերևույթի, ջրային ուղիների և օվկիանոսների վրա։ Պլաստիկ աղտոտվածության նվազեցման ուղղությամբ աշխատնքներ են տարվում տարբեր շրջաններում, որոնք ներառում են մեկանգամյա օգտագործման պլաստմասսաների օգտագործումը նվազեցնելու և դրանց վերամշակումը խրախուսելու փորձերը[6]։ 2020 թվականի դրությամբ արտադրվող պլաստիկի գլոբալ զանգվածը գերազանցում է ցամաքային և ծովային բոլոր կենդանիների կենսազանգվածը միասին վերցրած[7]։ Բազելի կոնվենցիայի վերաբերյալ 2019 թվականի մայիսին ընդունված ուղղումը կարգավորում է պլաստիկ թափոնների արտահանումը/ներմուծումը, որը հիմնականում նախատեսված է զարգացած երկրներից զարգացող երկրներ պլաստիկ թափոնների առաքումը կանխելու համար, և ներկայում գրեթե բոլոր երկրները միացել են այդ համաձայնագրին[8][9][10][11]։ 2022 թվականի մարտին Նայրոբիում 175 երկրներ պարտավորվել են իրավաբանորեն պարտադիր համաձայնագիր կնքել՝ մինչև 2024 թվականի վերջ պլաստիկի աղտոտմանը վերջ տալու նպատակով[12]։
Պլաստիկ աղտոտման տարածումը կապված է պլաստմասսայի ցածր գնի և ամրության հետ, ինչպես նաև ներկայում որոշ ոլորտնևոմ այդ նյութի անփոխարինելի լինելը, ինչը որոշում է մարդու կողմից դրա օգտագործման բարձր մակարդակը[13]։ 2018 թվականին ամբողջ աշխարհում տարեկան արտադրվում է մոտ 380 մլն տոննա պլաստիկ։ Ընդհանուր առմամբ, 1950 թվականից մինչև 2018 թվականը արտադրվել է մոտ 6,3 մլրդ տոննա պլաստիկ, որից վերամշակվել է մոտ 9 %, իսկ այրվել է՝ 12 %[14]։ Մոլորակի պլաստիկ աղտոտման համաշխարհային առաջատարներն են Coca-Cola, PepsiCo և Nestlé ընկերությունները[15]։ Արտադրվող պլաստիկ թափոնների քանակն ավելացել է COVID-19-ի ժամանակ՝ պաշտպանության միջոցների և փաթեթավորման նյութերի աճող պահանջարկի պատճառով[16]։ Ավելի մեծ քանակությամբ պլաստիկ է հայտնվել օվկիանոսում, հատկապես պլաստիկ բժշկական թափոնների և դիմակներ[17][18]։ Տվյալները ցույց են տալիս, որ պլաստիկ արդյունաբերությունը փորձում է օգտվել միանգամյա օգտագործման դիմակների և բժշկական այլ իրերի պահանջարկից, որպեսզի ավելացնի մեկանգամյա պլաստիկի արտադրությունը[19][20][21][22]։