Չարի կացարան
From Wikipedia, the free encyclopedia
«Չարի կացարան» (անգլ.՝ Resident Evil), սարսափ մարտաֆիլմ, որը նկարահանվել է ճապոնական համանուն համակարգչային խաղի հիման վրա։ «Չարի կացարան» ֆիլմի պրեմիերան ԱՄՆ-ում կայացել է 2002 թվականի մարտի 12-ին, Ռուսաստանում՝ նույն թվականի հուլիսի 18-ին։ Սյուժեն կառուցված է Էլիսի՝ հիշողությունը կորցրած աղջկա շուրջ, որը հայտնվել է Umbrella կորպորացիայի գաղտնի լաբորատորիայում, որը կոչվում է «Փեթակ»։ Լաբորատորիայում վտանգավոր վիրուսի արտահոսքից հետո արհեստական բանականության գործողությունների պատճառով մահանում են բոլոր աշխատակիցները։ Թիմի հետ ուսումնասիրելով ստորգետնյա տարածքները՝ գլխավոր հերոսը հայտնաբերում է, որ բոլոր մահացածները վերածվել են մսակեր զոմբիների։ Նկարի կարգախոսներն են՝ «Գաղտնի փորձ։ Մահացու վիրուս։ Ճակատագրական սխալ» (անգլ.՝ A secret experiment. A deadly virus. A fatal mistake), «Վերապրել սարսափ» (անգլ.՝ Survive the Horror)[10]։
Ֆիլմի ռեժիսորը, պրոդյուսերը և սցենարիստը Փոլ Ուիլյամ Սքոթ Անդերսոնն է, որն այդ ֆիլմում փոխարինել է Ջորջ Ռոմերոյին։ Գլխավոր դերը խաղացել է Միլա Յովովիչը, իսկ առաջին պլանի դերերից մեկը՝ Միշել Ռոդրիգեսը։ Երաժշտական նվագակցության վրա աշխատել են Մարկո Բելտրամին և Մերիլին Մենսոնը։ Ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել Գերմանիայում և Մեծ Բրիտանիայում և տևել են տասնմեկ շաբաթ։ Զոմբիների դերի համար հրավիրվել են պրոֆեսիոնալ պարողներ։ Որպես այլ արարածներ ներգրավված էին գրիմացված դոբերմանները և անիմատրոնիկ Լիզուն հրեշը։ Ֆիլմում ներկայացված են Resident Evil, Resident Evil 2, Resident Evil 3: Nemesis խաղերի տարբեր տարրեր, ինչպես նաև Լուիս Քերոլի ստեղծագործության ակնարկներ։ Ֆիլմն առաջադրվել է երկու «Սատուրն» մրցանակի։ «Չարի կացարաններ» համաշխարհային կինոթատրոնային ընդհանուր հասույթը կազմել է գրեթե 103 միլիոն դոլար։