From Wikipedia, the free encyclopedia
Ուսուցման մեթոդներ ( հուն․՝ μέθοδος_ ճանապարհ), փոխներգործուն գործընթաց ուսուցչի և աշակերտի միջև, ինչի արդյունքում տեղի է ունենում գիտելիքի, հմտությունների և կարողությունների փոխանցում ու յուրացում՝ նախատեսված ուսումնառության բովանդակությամբ։ Ուսուցանվող նյութի ընկալում (ուսուցողական ընկալում). կարճաժամկետ փոխազդեցություն դասավանդողի և աշակերտի միջև՝ ուղղված կոնկրետ գիտելիքի[1], հմտության և կարողության փոխանցմանն ու յուրացմանը։
Ավանդույթի համաձայն՝ մանկավարժության[2] ուսուցման ՄԵԹՈԴՆԵՐԸ դասակարգվում են 3 խմբի.
Կրթական-ճանաչողական գործունեության արդյունավետությանը միտված վերահսկման մեթոդներ. գիտելիքի, հմտությունների և կարողությունների տիրապետման արդյունավետությունը որոշող բանավոր, գրավոր ստուգումներ և ինքնաստուգումներ։
Կրթական-ճանաչողական գործունեությունը խթանող մեթոդներ. որոշակի խթաններ՝ ուղղված մոտիվացիայի ձևավորմանը, պատասխանատվության զգացում ունենալուն, պարտականություններ կրելուն, շահագրգռվածությանը՝ ունենալու գիտելիք, հմտություններ և կարողություններ։
Ուսուցման պրակտիկայում գոյություն ունեն և այլ մոտեցումներ՝ դասակարգելու ուսուցման մեթոդները, որոնք հիմնված են մատուցվող նյութն ընդունելու գիտակցականության աստիճանի վրա՝ պասսիվ, ակտիվ, ինտերակտիվ, էվրիստիկական և այլն։ Այս բաժանումները հետագա հստակեցման կարիք ունեն, քանի որ ուսուցման գործընթացը չի կարող լինել պասսիվ, ու նաև միշտ չէ, որ այն սովորողների համար իրենից հայտնագործություն է ներկայացնում։
Պասսիվ մեթոդ (սխեմա 1), սովորողի և դասավանդողի փոխադարձ գործունեության ձև, որտեղ դասավանդողը գլխավոր դերակատարն է և դասի ընթացքի ղեկավարը, իսկ սովորողները պասսիվ լսողի դերում են և ենթարկվում են ուսուցչի հրահանգներին։ Սովորողի և դասավանդողի կապը պասսիվ ուսուցման տարբերակում պահպանվում է հարցումների, ստուգողական աշխատանքների, թեստերի միջոցով։ Ժամանակակից մանկավարժական տեխնոլոգիաների և սովորողի կողմից ուսումնական նյութի յուրացման տեսանկյունից՝ ուսուցման պասսիվ մեթոդը համարվում է ամենից անարդյունավետը, սակայն, չնայած դրան, այն ունի մի շարք առավելություններ։ Այն ուսուցչից պահանջում է թեթև նախապատրաստական աշխատանք դասին և տալիս է համեմատաբար մեծ ծավալով ուսումնական նյութի մատուցման հնարավորություն դասի սահմանափակ ժամանակահատվածում։ Հաշվի առնելով այս առավելությունները՝ շատ դասավանդողներ պասսիվ մեթոդը նախընտրում են այլ մեթոդներից։ Հարկ է նշել, որ որոշ դեպքերում այս մոտեցումը իրեն արդարացնում է փորձառու մասնագետի պարագայում, հատկապես, երբ սովորողներն ունենում են հստակ նպատակ՝ ուղղորդված առարկայի մանրակրկիտ ուսումնասիրմանը:Դասախոսությունը պասսիվ ուսուցման ամենից տարածված ձևն է։ Այս մեթոդը լայն տարածում ունի բուհերում, որտեղ սովորում են չափահաս, լիրաժեք ձևավորված անհատներ, որոնք տվյալ առարկան խորությամբ ուսումնասիրելու հստակ նպատակ ունեն։
Ակտիվ մեթոդ[3](սխեմա 2), սովորողի և դասավանդողի փոխադարձ գործունեության ձև, որտեղ դասավանդողը և սովորողը փոխազդում են միմյանց վրա կրթական գործունեության ընթացքում, և սովորողներն այստեղ ոչ թե պասսիվ ունկնդիրներ են, այլ դասի ակտիվ մասնակիցներ։ Եթե պասսիվ ուսուցման դեպքում գլխավոր դերակատարը և հիմնական հրահանգավորողը դասավանդողն է, ապա այստեղ սովորողն ու դասավանդողը հավասար իրավունքների դաշտում են։ Եթե պասսիվ ուսուցմանը բնորոշ է ավտորիտար ոճը, ապա ակտիվ մեթոդների դեպքում նախապատվությունը տրվում է դեմոկրատական (ժողովրդավարական) ոճին։ Շատերը հավասարության նշան են դնում ակտիվ և ինտերակտիվ մեթոդների միջև, սակայն, չնայած իրենց ընդհանրությանը, այս մեթոդներն ունեն նաև տարբերություններ։ Ինտերակտիվ մեթոդները կարելի է համարել ակտիվ մեթոդների առավել ժամանակակից ձևեր։
Ինտերակտիվ (փոխներգործուն) մեթոդ (սխեմա 3), ինտերակտիվ («Inter» - փոխադարձ, «act»- գործել), նշանակում է փոխներգործել, գտնվել ինչ-որ մեկի հետ երկխոսության մեջ։ Այլ կերպ ասած՝ եթե ակտիվ մեթոդների դեպքում փոխադարձաբար ակտիվ գործունեության մեջ են գտնվում սովորողները և դասավանդողը, ապա ինտերակտիվ մեթոդների դեպքում սովորողները փոխադարձաբար ակտիվ գործունեության մեջ են գտնվում նաև միմյանց հետ, և ուսուցման պրոցեսում գերակայում է սովորողների դերը։ Ինտերակտիվ ուսուցման ժամանակ դասավանդողն առաջատար դերում չէ. նրա դերը կրթական գործունեությունը դեպի դասի նպատակի իրականացում ուղղորդելն է։
Դասավանդողը մշակում է նաև դասի պլանը (սովորաբար այն կազմվում է ինտերակտիվ վարժություններից և առաջադրանքներից, որոնց կատարման ընթացքում ուսանողը սովորում է նյութը)։
Հետևաբար, ինտերակտիվ դասերի հիմնական բաղադրիչներն են ինտերակտիվ վարժությունները և առաջադրանքները, որոնք կատարվում են սովորողների կողմից։ Ինտերակտիվ վարժությունների և սովորական հանձնարարությունների տարբերությունն այն է, որ կատարելով դրանք՝ սովորողը ոչ միայն և ոչ այնքան ամրապնդում է արդեն յուրացված նյութը, որքան ուսումնասիրում, յուրացնում է նոր նյութը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.