Ուկրաինայի նախագահների ցանկ
Վիքիմեդիայի նախագծի ցանկ-հոդված / From Wikipedia, the free encyclopedia
Ուկրաինայի նախագահների ցանկ (ուկրաիներեն՝ Список президентів України), Ուկրաինայի նախագահների ու պաշտոնատար անձանց ցանկը, որոնք ժամանակավորապես իրականացրել են նախագահի պարտականությունները։
Ուկրաինայի նախագահի պաշտոնն ստեղծվել է 1991 թվականի հուլիսի 5-ին Գերագույն ռադայի կողմից ՈւԽՍՀ սահմանադրության մեջ իրականացված փոփոխություններից հետո։ Այդ ժամանակ, ըստ ուկրաինական սահմանադրության, նախագահը գործադիր իշխանության ղեկավարն էր։ Նա Գերագույն ռադային էր ներկայացնում վարչապետի թեկնածուին, ստեղծում և լուծարում նախարարությունները, նշանակում և հեռացնում նախարարներին։
1996 թվականին նոր սահմանադրության ընդունումից հետո՝ նախագահը դադարեց լինել գործադիր իշխանության ղեկավար։ Նա, Գերագույն ռադայի համաձայնությամբ, նշանակում էր վարչապետին, նրան առաջարկում նախարարների թեկնածուներ։ 2004 թվականին սահմանադրության մեջ փոփոխություններից հետո նախագահն իրավունք ստացավ նշանակելու վարչապետին, որին առաջարկում էր Գերագույն ռադան և նրան առաջարկում միայն պաշտպանության ու արտաքին գործերի նախարարներին։
2010 թվականի հոկտեմբերին Ուկրաինայի սահմանադրական դատարանը չեղարկեց 2004 թվականի սահմանադրական փոփոխությունները։ Այդպիսով, նախագահը դարձյալ ստացավ այն իրավունքները, որոնք սահմանված էին 1996 թվականի սահմանադրության մեջ։ 2014 թվականի փետրվարի 21-ին Ուկրաինայի Գերագույն ռադան դարձյալ ընդունեց 2004 թվականի սահմանադրության դրույթները։
«Ուկրաինայի նախագահի ընտրությունների մասին» օրենքը սահմանում է երկրի առաջնորդի ընտրության կարգը[1]։ Ուկրաինայի նախագահ կարող են ընտրվել 35 տարին լրացած այն քաղաքացիները, որոնք ունեն ձայնի իրավունք, տիրապետում են ուկրաիներենին, վերջին 10 տարում բնակվում են Ուկրաինայում և հանդիսանում են Ուկրաինայի քաղաքացի։
Նախագահի ընտրությունները նշանակվում են Գերագույն ռադայի կողմից, սակայն ոչ ուշ, քան ընտրությունների օրվանից առնվազն 100 օր առաջ[1]։