From Wikipedia, the free encyclopedia
Շվեդիայի ազգային գրադարան (շվեդ.՝ Kungliga biblioteket, KB՝ թագավորական գրադարան), ազգային գրադարան Շվեդիայում։ Այստեղ հավաքվում և պահպանվում են շվեդերեն բոլոր տպագիր և տեսա-ձայնային նյութերը, ինչպես նաև շվեդական համագործակցությամբ արտերկրում տպագրված գրականություն։ Լինելով հետազոտական գրադարան, այն ունի տարբեր լեզուներով գրականության մեծ հավաքածու։
Երկիր | Շվեդիա[1][2] |
---|---|
Տեսակ | ազգային գրադարան, ճարտարապետական անսամբլ և Swedish government agency? |
Հիմնվել է | 1661 և 1878[1] |
Տեղադրություն | Ստոկհոլմ[1] |
Հասցե | Humlegårdsgatan 26 Humlegården, 114 46 Stockholm[2] |
Այլ տվյալներ | |
Կայք | kb.se(շվեդ.) |
Շվեդիայի ազգային գրադարանի պատմությունն սկսվում է Գուստավ I-ի օրոք, երբ նա սկսեց հավաքել պատմական, գիտական, աստվածաբանական գրքեր, ինչպես նաև աշխարհագրական քարտեզներ։ Հավաքագրումը շարունակեցին նրա որդիները՝ Էրիկ XIV, Յոհան III և Կառլ IX: Հավաքածուն պահվում էր Տրե Կրոնոր ամրոցում։
1620 թվականին Գուստավ II արքան հավաքածուի մի մասը հանձնեց Ուփսալայի համալսարանի նորաստեղծ գրադարանին։ Թագավորական գրադարանի հավաքածուն համալրվեց Երեսնամյա պատերազմի ժամանակ, երբ այստեղ բերվեցին Վյուրցբուրգի (1631), Ուփսալայի (1642) և Պրահայի համալսարանների գրադարանների (1649) հավաքածուները։
1654 թվականին թագուհի Քրիստինան հրաժարվեց գահից, տեղափոխվեց Հռոմ՝ իր հետ տանելով գրադարանի գրքերի հավաքածուի մեծ մասը, սակայն նրա զարմիկ Կառլ Գուստավն ակտիվորեն շարունակեց համալրել հավաքածուի կազմը։
1697 թվականին գրապահոցում հրդեհ բռնկվեց. այրվեց 17 286 կտոր գիրք (պահպանվել է 6700) և 1103 ձեռագիր (պահպանվել է 283)։ Մնացած հավաքածուները պահպանվեցին Ստոկլոլմի տարբեր պալատներում մինչև 1768 թվականին սկսեցին հավաքագրվել թագավորական նորակառույց պալատի հյուսիսարևելյան հատվածում։ 1780 թվականին գրադարանը մեծ համալրում ունեցավ. այստեղ տեղափոխվեց լուծարված հնագիտական արխիվի մեծ մասը։ 1792 թվականին Գուստավ III թագավորը գրադարանին նվիրաբերեց շուրջ 14 500 գիրք իր անձնական հավաքածուից, 1796 թվականին նրա որդին՝ Գուստավ IV Ադոլֆն այն համալրեց ևս 7500 գրքով։ 1814 թվականին գրադարանն ուներ 40 000 կտոր գրականություն։
19-րդ դարի ընթացքում միապետների կողմից շարունակվեց գրքերի նվիրատվությունը և շուտով տեղի անբավարարության պատճառով 1877 թվականին գրադարանը տեղափոխվեց Ստոկհոլմի կենտրոնում կառուցված շենք։ 1887 թվականին գրադարանն ունեցավ առաջին էլեկտրական լուսավորումը, իսկ ամբողջ շենքը լուսավորվեց միայն 1964 թվականին։
1953 թվականին գրադարանը զգալի թվով գրքեր ձեռք բերեց Մոսկվայից և Լենինգրադից։ 1964 թվականին Շվեդիայի ազգային գրադարանի և Ռուսաստանի Պետական Գրադարանի միջև կնքվեց համաձայնագիր։
1994-2004 թվականներին գրադարանի ձեռագրերի բաժնի պետ Անդերս Բուրիուսը գրադարանից հափշտակեց 56 հազվագյուտ գրքեր և դրանք աճուրդով վաճառեց։ Բուրիուսին 2013 թվականին ձերբակալեցին, և գողացված գրքերը վերադարձվեցին գրադարանին[3]։
Շվեդիայի ազգային գրադարանը համարվում է Համաշխարհային թվային գրադարանի գործընկեր և ՎԻԱՖ (Virtual International Authority File) մասնակից։
Ազգային գրադարանը պետական կառույց է, որը գտնվում է Շվեդիայի կրթության և հետազոտության նախարարության ենթակայության ներքո։
Գրադարանն ունի շուրջ 18 միլիոն կտոր գրականություն՝ գրքեր, թերթեր, ամսագրեր, ձեռագրեր, աշխարհագրական քարտեզներ, մենյուներ, դպրոցական դասական ամսագրեր[4], 8 միլիոն ժամ տևողությամբ տեսաձայնային նյութեր, գրապահարանների երկարությունը 140 կմ է, ներկայացված է նաև 850 շվեդական երգիծական բացիկների հավաքածու (1852 թվականից)[5]։
Համաձայն 1661 թվականին ընդունված շվեդական «Պարտադիր օրինակի ակտի»՝ տպագիր նյութերի հրատարակիչների ազգային գրադարանին և ազգային արխիվին են հանձնում յուրաքանչյուր հրատարակված գրքի մեկ նմուշ։ 2013 թվականի հունվարի 1-ից սա վերաբերում է նաև էլեկտրոնային տեղեկատվական միջոցներին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.