Շեֆշաուեն (արաբ․՝ شفشاونShafshāwan, Լիբիա-բերբերական լեզուներ՝ ⴰⵛⵛⴰⵡⵏ «Աշաուեն», նաև հայտնի է «Շաուեն» անվամբ), քաղաք Մարոկկոյի հյուսիսարևմտյան շրջանում։ Այն նույնանուն նահանգի գլխավոր քաղաքն է և աչքի է ընկնում կապույտի տարբեր երանգների շինություններով։ Շեֆշաուենը շատ մոտ է գտնվում Տանժեր և Տետուան քաղաքներին։
Քաղաքը հիմնադրվել է 1471 թվականին[3]՝ որպես փոքր քասբա (ամրոց)՝ իբն Մաշիշ ալ-Ալամի և Իդրիս իբն Աբդուլլայի հետնորդ Մուլայ Ալի իբն Ռաշիդ ալ-Ալամիի կողմից։ Ալ-Ալամին հիմնադրել է քաղաքը, որպեսզի պայքարի հյուսիսային Մարոկկոյի պորտուգալացի զավթիչների դեմ[4]։ Միջնադարում իսպանական Ռեկոնկիստայից հետո շրջանի Ղոմարա ցեղերի հետ շատ մորիսկներ և հրեաներ հիմնավորվեցին այստեղ[5]։ 1920 թվականին իսպանացիները գրավեցին Շեֆշաուենը՝ Իսպանական Մարոկկոյի մաս դարձնելու համար։