From Wikipedia, the free encyclopedia
Նյու Յորքի գիտությունների ակադեմիա (անգլ.՝ New York Academy of Sciences, ի սկզբանե՝ Բնական պատմության լիցեյ), հիմնադրվել է 1817 թվականի հունվարին[1]։ ԱՄՆ ամենահին գիտական ընկերություններից մեկն է[2]։ Անկախ գործող հասարակական կազմակերպությունն ունի ավելի քան 20000 անդամ 100 երկրներում։ Ակադեմիայի առաքելությունն է առաջ մղել գիտական հետազոտություններն ու գիտելիքը, աջակցել գիտական գրագիտությանը, գիտական լուծումներով նպաստել հասարակության գլոբալ մարտահրավերների կարգավորմանը[3]։ Ակադեմիայի ներկայիս նախագահն է Էլիս Ռուբինսթեյնը[4], ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահը՝ Նենսի Զիմֆերը[5]։
Նյու Յորքի գիտությունների ակադեմիա | |
---|---|
Տեսակ | գիտական ընկերություն և ոչ առևտրային կազմակերպություն |
Երկիր | ԱՄՆ |
Հիմնադրված | 1817 |
Գլխադասային գրասենյակ | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Կամավորներ | 20 000 |
Կայք | nyas.org(անգլ.) |
Նյու Յորքի գիտությունների ակադեմիան հիմնադրվել է 1817 թվականի հունվարի 29-ին։ Ի սկզբանե կոչվել է Բնական պատմության լեցեյ[1]։ Ակադեմիայի հիմնադիրն ու առաջին նախագահն է եղել Սեմյուել Լ. Միթչիլը։ Լիցեյի առաջին հանդիպումը կայացել է ներքին Մանհեթենի Բարքլի փողոցում գտնվող Բժիշկների և վիրաբույժների քոլեջում[1]։ Նախկին լիցեյի հիմնական գործունեությունը կենտրոնացած էր դասախոսությունների, բնական պատմության նմուշների հավաքագրման և գրադարան ստեղծելու վրա[1]։ 1823 թվականին լիցեյը սկսեց հրատարակել «Annals of the Lyceum of Natural History of New York» (այժմ՝ «Annals of the New York Academy of Sciences») իր գիտական հանդեսը։ 1826 թվականին լիցեյն ուներ «սողունների և ձկների ամենահարուստ հավաքածուն երկրում», սակայն 1866 թվականի հրդեհը ոչնչացրել է ամբողջ հավաքածուն[2]։ Հրդեհից հետո ակադեմիան դադարեց նմուշներ հավաքագրել և սկսեց ուշադրությունը կենտրոնացնել հետազոտության, գիտական հրատարակչական և գիտական տեղեկություններ տարածելու վրա։
Սկզբում Նյու Յորքի գիտությունների ակադեմիան գիտական ընկերությունների մեջ առանձնանում էր եզակի անդամակցությամբ։ Դեմոկրատական կառույցը թույլ էր տալիս յուրաքանչյուրի անդամագրվել՝ սկսած ոչ մասնագետներից մինչև պրոֆեսիոնալ գիտնականներ[2]։ Այդ պատճառով է, որ անդամակցության մեջ կան և՛ գիտնականներ, և՛ գործարարներ, և՛ ակադեմիկներ, կառավարության աշխատակիցներ, գիտությամբ հետաքրքրված քաղաքացիներ։ Նշանավոր անդամների շարքում են եղել ԱՄՆ երկու նախագահները՝ Թոմաս Ջեֆերսոնը և Ջեյմս Մոնրոն[1], ինչպես նաև բազմաթիվ հայտնի գիտնականներ, ինչպիսիք են՝ Էյսա Գրեյը[2], Ջոն Ջեյմս Օդյուբոն[2], Ալեքսանդր Բելլը[1], Թոմաս Էդիսոնը[1], Լուի Պաստյորը[1], Չարլզ Դարվինը[1] և Մարգարեթ Միդը[2]։ Մինչև 1877 թվականն ակադեմիա են ընդունվել միայն տղամարդիկ, սակայն 1877 թվականի նոյեմբերի 5-ին, ակադեմիան ընտրել է առաջին կին անդամին՝ Էրմինի Ա. Սմիթին[6]։ Անդամների շարքում էին նաև բազմաթիվ Նոբելյան մրցանակի դափնեկիրներ[1]։
Ակադեմիայի անդամները էական դեր են խաղացել 1831 թվականին Նյու Յորքի համալսարանի[1] և 1858 թվականին Բնական պատմության ամերիկյան թանգարանի[1] ստեղծման գործում։
Ակադեմիան զգալի ներդրում է ունեցել գիտական հանրության համար, այդ թվում 1876 թվականին հրատարակել է շրջակա միջավայրի աղտոտվածության մասին առաջին ուսումնասիրությունները[7], 1907-1934 թվականներին անցկացրել է Պուերտո Ռիկոյի գիտական հետազոտությունը[1], 1948 թվականի հուլիսի 21-ին տեղի է ունեցել հակաբիոտիկների վերաբերյալ առաջին համաժողովը[1], 1960 թվականին հրատարակել է ծխելու սրտանոթային հետևանքների առաջին հատորը[8], 1977 թվականին հիմնադրել է «Կանայք գիտության մեջ» կոմիտեն[1], 1983 թվականին տեղի է ունեցել ՁԻԱՀ-ի վերաբերյալ առաջին խոշոր գիտաժողովը[9], 2003 թվականին տեղի է ունեցել համաժողով Սուր անակնկալ շնչառական համախտանիշի վերաբերյալ[10]։
2006 թվականից ակադեմիան տեղակայված է «7 World Trade Center»-ի 40-րդ հարկում։
«Annals of the New York Academy of Sciences» տպագրվում է 1823 թվականից (առաջին անգամ տպագրվել է որպես «Annals of the Lyceum of Natural History of New York»), շարունակաբար տպագրվող գիտական ամենահին շարքն է ԱՄՆ-ում[11]։
«The Sciences»-ը գիտահանրամատչելի ամսագիր է, որը ակադեմիան տպագրել է 1961-2001 թվականներին[12]։ Այն կամրջել է գիտությունն ու մշակույթը՝ իր պատմության ընթացքում յոթ անգամ արժանանալով «Ամսագրերի ազգային մրցանակների»[13]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.