From Wikipedia, the free encyclopedia
Նիկոլայ Եգորովիչ Մակովսկի (ռուս.՝ Николай Егорович Маковский, ապրիլի 28 (մայիսի 10), 1841, Մոսկվա, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 6 (18), 1886, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն), ռուս գեղանկարիչ, Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության հիմնադիրներից մեկը։ Հայտնի նկարիչներ Կոնստանտին Մակովսկու և Վլադիմիր Մակովսկու եղբայրն է[1]։
Նիկոլայ Մակովսկի Николай Маковский | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 28 (մայիսի 10), 1841 |
Ծննդավայր | Մոսկվա, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | հոկտեմբերի 6 (18), 1886 (45 տարեկան) |
Մահվան վայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ |
Ժանր | կենցաղանկար, քաղաքային բնանկար |
Անդամակցություն | Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերություն |
Հայր | Egor Makovsky? |
Nikolay Makovsky Վիքիպահեստում |
Նիկոլայ Մակովսկին ծնվել է 1841 թվականի ապրիլի 28-ին (մայիսի 10-ին) Մոսկվայում՝ Եգոր Մակովսկու ընտանիքում։ Վերջինս մասնագիտությամբ հաշվապահ էր, զբաղվում էր նկարչությամբ, եղել է հավաքորդ և հասարակական գործիչ, մասնակցել է Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանի հիմնադրմանը։ Նիկոլայ Մակովսկին նկարիչներ Ալեքսանդրա և Կոնստանտին Մակովսկիների կրտսեր և Վլադիմիր Մակովսկու ավագ եղբայրն է[3]։
Նիկոլայ Մակովսկին նախնական կրթությունն ստացել է Մոսկվայի ճարտարապետության արքունական ուսումնարանում, 1859-1866 թվականներին սովորել է Գեղարվեստի կայսերական ակադեմիայի ճարտարապետության բաժնում, որն ավարտելիս ստացել է ոչ դասային (ազատ) նկարչի կոչում, ով իրավունք ունի կառուցել շենքեր։ 1865 թվականին 150 հավատացյալների համար նախատեսված գյուղական քարե եկեղեցու նախագծի համար պարգևատրվել է Գեղարվեստի կայսերական ակադեմիայի փոքր արծաթե մեդալով։
1866 թվականին ակադեմիան ավարտելուց հետո որպես ճարտարապետի օգնական աշխատանքի է ընդունվել Կայսերական պալատի նախարարությունում, սակայն շուտով թողել է շարտարապետությունն ու սկսել զբաղվել նկարչությամբ[4]։ 1870 թվականին մի խումբ այլ նկարիչների հետ ստորագրել է Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության կանոնադրությունը՝ դրանով իսկ դառնալով ընկերության համահիմնադիրներից մեկը։ 1872 թվականին հեռացվել է ընկերությունից ցուցահանդեսներին չմասնակցելու պատճառով, 1875 թվականին կրկին սկսել է մասնակցել ցուցահանդեսներին, սակայն ընկերության անդամ է դարձել միայն 1879 թվականին[5]։
1872 թվականին «Մոսկվայի նահանգի Դյակովո գյուղի եկեղեցին» (ռուս.՝ «Вид церкви в селе Дьякове Московской губернии») նկարի համար Գեղարվեստի կայսերական ակադեմիայի կողմից ճանաչվել է III աստիճանի դասային նկարիչ, իսկ մեկ տարի անց «Տեսարան Մոսկվայում» (ռուս.՝ «Вид Москвы») նկարի համար արդեն ստացել է II աստիճանի դասային նկարչի կոչում[6]։ 1873-1874 թվականներին եղբոր՝ Կոնստանտին Մակովսկու հետ մեկնել է Եգիպտոս, շատ է ճանապարհորդել Ռուսաստանում ու Ուկրաինայում, մի քանի ամիս անցկացրել է Փարիզում՝ ռուսական գաղութի նկարիչների շրջանում, որտեղ գեղանկարչությամբ է զբաղվել Ալեքսեյ Բոգոլյուբովի ղեկավարությամբ։
Նիկոլայ Մակովսկու նկարներից շատերը ցուցադրվել են պերեդվիժնիկների ցուցահանդեսներում։ Դրանցից առավել հայտնի են հետևյալները՝ «Փողոց Կահիրեում», «Նիժնի Նովգորոդ» (գտնվում են Տրետյակովյան պատկերասրահում, Մոսկվա), «Տոնավաճառ Մալոռոսիայում»[6]։
Նիկոլայ Մակովսկին մահացել է 1886 թվականի հոկտեմբերի 6-ին (հոկտեմբերի 18-ին) Սանկտ Պետերբուրգում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.