Ներարգանդային պղնձե պարույր
From Wikipedia, the free encyclopedia
Պղնձե ներարգանդային պարույր (ՆԱՊ), հայտնի որպես ներարգանդային սարք կամ պղնձե պարույր։ Այն օգտագործվում է ծնելիության վերահսկման և շտապ հակաբեղմնավորման համար անպաշտպան սեռական հարաբերությունից հինգ օրվա ընթացքում[1]։ Սա ծնելիության վերահսկման ամենաարդյունավետ ձևերից մեկն է, որի մեկ տարվա կտրվածքով ձախողման մակարդակը մոտ 0,7% է[2]։ Սարքը տեղադրվում է արգանդում և գործում է մինչև տասներկու տարի[1][3][4]։ Այն կարող է օգտագործվել բոլոր տարիքի կանանց կողմից՝ անկախ նրանից՝ երեխաներ ունեցել են, թե ոչ[5]։ Հեռացումից հետո պտղաբերությունն արագ վերականգնվում է[3]։
Կողմնակի ազդեցությունները կարող են ընդգրկել առատ դաշտանները, և/կամ հազվադեպ՝ պարույրը կարող է արտամղվել[1]։ Այն ավելի քիչ խորհուրդ է տրվում սեռական ճանապարհով փոխանցվող վարակների բարձր ռիսկ ունեցող մարդկանց, քանի որ կարող է մեծացնել կոնքի բորբոքային հիվանդության վտանգը ներդրումից հետո առաջին երեք շաբաթվա ընթացքում[5]։ Խորհուրդ է տրվում այն մարդկանց, ում ցուցված չեն հորմոնալ հակաբեղմնավորիչները։ Եթե կինը հղիանում է ներարգանդային պարույրով, խորհուրդ է տրվում հեռացնել վերջինս[5]։ Շատ հազվադեպ արգանդի թափածակում կարող է առաջանալ ներդրման ժամանակ, եթե պատշաճ կերպով չկատարվի միջամտությունը[3]։ Պղնձե ներարգանդային պարույրը երկարատև դարձելի հակաբեղմնավորիչ միջոց է[2]։ Այն հիմնականում գործում է՝ ոչնչացնելով սպերմատոզոիդներին։ Պղնձե ներարգանդային պարույրը բժշկական կիրառության մեջ մտավ 1970-ական թվականներին[3]։ Այն Առողջապահության համաշխարհային կազմակերպության հիմնական դեղերի ցանկում է[6]։ Դրանք օգտագործում են ավելի քան 170 միլիոն կանայք ամբողջ աշխարհում[7][8]։