Նեմրութ (լեռ)
From Wikipedia, the free encyclopedia
Նեմրութ (հուն․՝ Όρος Νεμρούτ), 2134 մ բարձրությամբ լեռ։ Նեմրութ, բարձունք Հայկական Տավրոսի լեռնաշղթայում, հնագույն Կոմմագենե երկրում։ XIX դ. Նեմրութ լեռան վրա է Կոմմագենեի Անտիոքոս Ա Երվանդունի թագավորի (մ.թ.ա. 69 - 34) կառուցած դամբարանաբլուր-սրբավայրը, որի արևելյան և արևմտյան կողմերի արհեստական հարթակներին դրված են արձաններ, բարձրաքանդակներով ու արձանագրություններով այլ կոթողներ։ Դեպի հարթակները տանում է սալահատակ ճանապարհ՝ տոնական շքերթների համար։ Արձանները, որոնց բարձրությունը հասնում է մինչև 8 մ, կառուցված են կրաքարե խոշոր վեմերից և պատկերում են Կոմմագենե երկրի աստվածներին ու Անտիոքոս Ա-ին՝ գահավորակներին բազմած։ Մեջտեղում հայ դիցարանի գլխավոր աստված Արամազդի արձանն է, որի մի կողմում Արամազդի որդիներ Միհրի և Վահագնի, մյուս կողմում՝ Կոմմագենե երկրի դիցուհու և Անտիոքոս Ա-ի արձաններն են։ Թագավորը պատկերված է հայկական՝ տիգրանյան թագով։ Հարթակների երկու կողմերի պատվանդաններին բարձրացող ուղղանկյուն խոշոր սալերի վրա քանդակված են թագավորի նախնիների պատկերները հունարեն չորս արձանագրություններով, ինչպես նաև թագավորի ողջագուրման տեսարաններ Արամազդի, Միհր ու Վահագնի հետ։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նեմրութ (այլ կիրառումներ)
Նեմրութ | |
---|---|
Տեսակ | լեռ |
Երկիր | ![]() |
Վարչատարածքային միավոր | Ադըյամանի մարզ |
Լեռնաշղթա | Տավրոսյան լեռնահամակարգ և Ankar Dağı? |
Բարձրությունը ծովի մակարդակից | 2150 մետր |
Մակերես | 11 հեկտար |
![]() | |
Nemrut Dağ* | |
---|---|
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն | |
![]() | |
Երկիր | ![]() |
Տիպ | Մշակութային |
Չափանիշներ | i, iii, iv |
Ցանկ | ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ |
Աշխարհամաս** | Եվրոպա և Ասիա |
Ընդգրկման պատմություն | |
Ընդգրկում | 1987 (11-րդ նստաշրջան) |
Համար | 448 |
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում ** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման | |
Համաշխարհային ![]() |
Գահավորակների թիկունքին Անտիոքոս Ա դրոշմել է հունարեն մի մեծ արձանագրություն, որտեղ հիմնավորում է դամբարան-սրբավայրի կառուցման անհրաժեշտությունը, ազդարարում իր ու նախնիների պաշտամունքի ստեղծումը և դրա հետ կապված մի շարք միջոցառումներ։
Արձանագրությունները վկայում են, որ Կոմմագենեի թագավորական տունը սերում է Երվանդունիներից, և մ.թ.ա. IV - III դդ. Կոմմագենեն Հայաստանի մաս է կազմել։ Սրբավայրը, որպես հարուստ և կարևոր աղբյուր, բացառիկ նշանակություն ունի արևելյան հելլենիզմի և Հայաստանի հելլենիստական դարաշրջանի պատմության ու մշակույթի ուսումնասիրման համար։ Երվանդունիների քաղաքական պատմության, այդ ժամանակաշրջանի կրոնական պատկերացումների, սինկրետիզմի (համադրումների), արվեստի գեղարվեստական ըմբռնումների, տարազի, ինչպես նաև տաճարային տնտեսությունների ու հողային հարաբերությունների հետ կապված մի շարք հարցեր պատասխան են ստանում Նեմրութի սրբավայրի նյութերում։
Անտիոքոս Ա Երվանդունու դամբարանը, ենթադրությունների համաձայն, գտնվում է Նեմրութ լեռան գագաթին մանր քարերից ստեղծված արհեստական բլրի ներսում։ Բլուրն ունի մոտ 50 մ բարձրություն, իսկ հիմքի մասի տրամագիծը մոտ 150 մ է։ Բլրի երկու կողմերում կառուցված են նույնանման հարթակներ, որոնցում կրկնված են Անտիոքոս Ա թագավորի և Կոմմագենեի աստվածների արձանները։ Ըստ բլրի գագաթից ունեցած ուղղվածության՝ հարթակները կոչվում են Արևելյան, Արևմտյան և Հյուսիսային։ Արևմտյան հարթակում գտնվել է առյուծի պատկերով մի որմնաքանդակ (ենթադրվում է աստղագուշական պատկեր), որի վրա վերծանվել է մ.թ.ա. 62 թվականը։ Ենթադրում են, որ հենց այդ թվականին է սկսվել դամբարան-սրբավայրի շինարարությունը։